Լրահոս
Օրվա լրահոսը

WWW. NSHANAG.COM-Ը՝ ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄՏԱՀՈԳՈՒԹՅԱՄԲ

Օգոստոս 07,2009 00:00

Ստեղծվել է նոր կայքէջ

Արաբական Միացյալ Էմիրություններում ապրող սփյուռքահայ մտավորական եւ գործարար Նշան Պասմաճեանը, որի մտահոգությունները հայապահպանության թեմայով ներկայացրել ենք նախկինում («Հայերը Միացյալ Էմիրություններում», «Առավոտ», 09.06.08թ.), հիմնադրել է www. nshanag.com կայքէջը:

Հիմնադրի խոսքով, բացի տեղեկատվություն տրամադրելուց, «Նշանակը» շոշափելու է գրական, գեղարվեստական, մանկավարժական, կրթա-դաստիարակչական, լեզվագիտական, պատմական, կրոնական, առողջապահական, ինչպես նաեւ հայությանը հուզող բազմաբնույթ հարցեր: «Պիտի ունենայ ամենօրեայ «թերթօն», որ ընթերցողը առիթ ունենայ կարդալու մէկ-երկու էջ հայերէն տպուած գիրքէ մը, սովորութիւն մը՝ որ շատերուս կողմէ վաղուց մոռացութեան կրնայ ենթարկուած ըլլալ եւ կամ արդէն է: Այնտեղ, առ այժմ, անորոշ յաճախականութեամբ, պիտի հանդիպինք մանկական էջերու: Ժամանցի, կատակներու եւ իմաստուն խօսքերու բաժինները մոռացութեան չեն տրուած: Կայքէջը տեղ պիտի տայ ընթերցողներու կարծիքներուն, անոնց յօդուածներուն, շինիչ քննադատութեանց, լուրջ, սերտուած եւ հիմնաւորուած առաջարկներուն: Գործածուող լեզուն պիտի ըլլայ հայերէնը՝ ընդհանրապէս: Եվ վերջապէս, կայքէջի ստեղծման հիմնանպատակներէն մին է՝ լայն տեղ տրամադրել մտաւորական պատրաստութիւն ունեցող եւ գրիչ շարժող հայորդիներու, գիտնականներու, հոգեւորականներու, բանասէրներու, պատմաբաններու, գրագէտներու, մանկավարժներու, դաստիարակներու, զայն, ձեւով մը, վերածելու համար մտաւորական ժամադրավայրի»,- ասված է www. nshanag.com-ում:

«Նշանակում» տպագրված են նյութեր այն մասին, արդյո՞ք ՀՅԴ-ն իշխանամետ է, թե՝ ոչ, Սողոմոն Թեհլերյանի հուշերից պատառիկներ, Համազգայինի Նշան Փալանճեան Ճեմարանի հիսնամյակի մասին, նաեւ, թե ոնց պետք է մարզել հոգնած ոտքերը: «Նշանակի» «Կրոնական» բաժնում էլ տրվում է պատարագի մեկնությունը: Ի թիվս այլ բաժինների, հետաքրքրական է «Ճանչնանք Հայոց մեծերը», որտեղ խոսվում է Լեւոն Շանթի, Մուշեղ Իշխանի, Նիկոլ Աղբալյանի, Նիկողայոս Ադոնցի, Վահան Թեքեյանի եւ այլ երեւելիների մասին:

Հիշեցնենք,որ www.nshanag. com-ի հիմնադիր Ն. Պասմաճեանը ծնվել է Սիրիայում՝ մտավորականների ընտանիքում: Հայրը՝ Ժոսեֆ Պասմաճեանը, երկար տարիներ եղել է Քեսաբի ազգային ուսումնասիրաց միացյալ վարժարանի տնօրեն: Ն. Պասմաճեանն էլ 1973-76թթ. վարել է Համազգային կրթամշակութային միության գրատան տնօրինությունը: Հետագայում, պատերազմի պատճառով, տեղափոխվել է Շարժա, եւ ներկայումս տեղի INTERMETAL ընկերության տնօրենն է: Ն. Պասմաճեանը 1980-ին մասնակցել է Շարժայում հայկական վարժարանի հիմնադրմանը, որտեղ 14 տարի աշխատել է հայերենի ու հայոց պատմության ուսուցիչ: Տարիներ շարունակ նա ծառայել է որպես վարժարանի հոգաբարձու, Ազգային վարչության անդամ եւ ատենադպիր, թեմական ժողովի անդամ: Ներկայումս էլ վարում է տեղի Օհաննիսյան վարժարանի հոգաբարձության եւ Հայ դատի հանձնախմբի Էմիրությունների մասնաճյուղի ատենապետությունը: Ն. Պասմաճեանը նաեւ մասնակցություն է ունեցել Շարժայի սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հիմնադրմանը: Նախորդ հարցազրույցում Նշան Պասմաճեանը ցանկություն էր հայտնել, որ բոլոր հայաստանյան ԶԼՄ-ները միշտ համապատասխան մարմինների ուշադրության կենտրոնում պահեն Սփյուռքում հայ մանուկների հայեցի կրթության եւ դաստիարակության թեման:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել