Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՎՈՐԻ ԱԹՈՌԸ

Օգոստոս 07,2009 00:00

Եվ երբ Նահապետը հարմար տեղավորվեց ջրաղացի եւ դարբնոցի միջեւ, հանդարտ, գրեթե չտեսնող հայացքով նայեց դիմացը նստած ու կանգնած բոլորին, երկար նայեց, նայեց ու ասաց, – Ես հիմա ձեզ կասեմ բաներ, որ հույս ունեմ չեք մոռանա.

Շնորհքը գնահատելու համար, գնահատելու շնորհք պիտի ունենաս:

Մշտական ընկեր չես կարող լինել, եթե քո խնդիրը օրվա հացի հետ է կապված:

Ոչ մի իրականություն անշարժ չէ, քանի որ իրականությունն այդ մարդու զգացողության մեջ է, ինչպես արյունն իր՝ ներդաշնակ հոսող եւ նույն արյունն այդ ապստամբող: Հիշեք,- շարունակեց Նահապետը,- ձեզ ոչնչացնողն ու ձեզ թագավորեցնողը ձեր հայրենիքն է, չգիտեմ ձեզանից ով ինչին կարժանանա, բայց դժվարը դատավորի տեղն է, քանի որ մի օր, երբ նստեք դատավորի աթոռին, բոլորը ձեզ հանկարծ մեղավոր կթվան: Եվ ձեզ օրենքից առաջ կփրկի նաեւ դատավորի մեծահոգությունը, քանի որ ճշմարիտ ճանապարհն է՝ Մի դատիր արդար, դատիր գթությամբ: Այդպիսին պետք է լինի առաջնորդը երկրի…

Ինչպես լսում եք, ես չխոսեցի անարդարության մասին, չեմ ուզում խոսել նաեւ այն մասին, որ բոլոր մարդիկ բնականաբար մանուկ են եղել, բայց քչերը ունեն մանկության ընկեր: Ինչպես որ կան մարդիկ, որ պաշտոնի նշանակվելուց նշում են իրենց ծննդյան օրն ու տարին, բայց վախենում են հիշատակել իրենց ծննդավայրը:

Հետո Նահապետը երկար լռեց՝ շարունակ քրքրելով իր մաշված բաճկոնի գրպանները: Նա անընդհատ ինչ-որ բան էր փնտրում, բայց կարծես թե այդպես էլ չգտավ: Եվ ակնդետ նայելով իրեն լսողներին՝ ասաց, – Մի օր, հերթական անգամ թագավորը գնում է որսի եւ ճանապարհին հանդիպում է Սահակին, ով հանդից տուն էր գնում: Սահակը խոնարհվում է թագավորի երթի առջեւ եւ շարունակում է իր ճանապահրը: Այդ օրը, սակայն, թագավորի որսը անհաջող է լինում: Թագավորը վերադառնում է պալատ ջղային ու հրամայում է կանչել Սահակին ու գլխատել: Սահակը լսում է իր դատավճիռը եւ թագավորին ասում. Տեր Արքա դու որսի էիր գնում, ես՝ տուն, հիմա մեզանից ո՞ւմ օրը չստացվեց…

Եվ որովհետեւ թագավորն իմաստուն էր,- շարունակեց Նահապետը,- Սահակին ասաց. – Դու արդար հարց տվեցիր ինձ, ես վերադարձել եմ պալատ, իսկ դու տուն չես հասել: Այդ ես էի մեղավոր, որ իմ որսը չստացվեց, դու գնա տուն, վաղը որսի միասին կգնանք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել