Լրահոս
Օրվա լրահոսը

Նայեք կշեռքի ամսաթվին

Օգոստոս 07,2009 00:00

«Օգոստոսի վերջին լուրջ աշխատանքներ կսկսվեն շուկայի, առեւտրի կանոնների կանոնակարգման ու կշեռքների չափավորման գործում: Առեւտրի կանոնները խախտողների համար կնախատեսվի պատժամիջոցի կիրառում՝ 50-100 հազար դրամի չափով»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը: Նրա խոսքով, շրջայցերը կլինեն 2-3 ամիսը մեկ, չի բացառվում, որ հետագայում դրանք ավելի հաճախակի դառնան: Շրջայցերի ավելացման պատճառը, ըստ պարոն Պողոսյանի, վերջին շրջանում քաղաքացիներից ստացած դիմում-բողոքների թվի ավելացումն է. «Նրանք մտահոգված են հատկապես կշեռքների սխալ չափումներից»: Նա խորհուրդ տվեց առեւտուր անելիս հաշվի առնել առեւտրային կշեռքները՝ նշելով, որ դրանք լինում են 2 տեսակի՝ զսպանակային եւ էլեկտրոնային. «Անկախ կշեռքի տեսակից, այն պետք է տարին մեկ անգամ չափաստուգում անցնի, որի արդյունքում կշեռքը կապարակնքվում եւ վրան նշվում է ստուգման ամսաթիվը: Հենց այդ ամսաթվին էլ պետք է ուշադրություն դարձնել: Ինչ վերաբերում է շուկայում լայնորեն կիրառվող ձեռքի կշեռքներին, ապա դրանց կիրառությունը խստիվ արգելվում է եւ ամեն ինչ պետք է արվի, որ դրանք իսպառ վերանան շուկայից: Առաջիկա գործունեության ընթացքում մենք կանենք հնարավորը, որ սպասարկման կետերում լինեն նաեւ ստուգիչ կշեռքներ՝ տեսանելի վայրում տեղադրված ու սպառողների համար մատչելի»:

Ըստ պարոն Պողոսյանի, իրենց ոլորտի օրենքները թերություններ ունեն, դրանցից մեկն այն է, որ առեւտրի կանոնները նույնը չեն մայրաքաղաքում եւ մարզերում, մինչդեռ դրանք պետք է լինեն համապետական. «Եթե օրենքով արգելված է հացի վաճառքի կետերի կողքին վաճառել օճառ, օծանելիք եւ այլ ապրանքներ, հարց է առաջանում՝ ինչո՞ւ են մայրաքաղաքում հետեւում այդ կանոններին, իսկ շրջաններում՝ ոչ»: Ա. Պողոսյանն օրենքի կոպիտ խախտում է համարում նաեւ այն, որ սպառողից 15-օրյա ժամկետում հետ չեն վերցնում գնված ապրանքը կամ փոխարինում մեկ այլ ապրանքով. «Կա միայն թույլատրելի ապրանքների ցանկ՝ հաց, հիգիենիկ պարագաներ եւ այլն, որոնք չեն մտնում նշված թույլատրելիների ցանկը»: Պարոն Պողոսյանի համոզմամբ, Հայաստանում հենց սպասարկման որակի ցածր մակարդակից է, որ զբոսաշրջիկները խրտնում են ու էլ չեն գալիս այստեղ. «Մեր հյուրանոցային ծառայությունների ոլորտը շատ թույլ է, չեն կարողանում պատշաճ մակարդակ ապահովել, տուրիստը հանգստավայրում իր վճարածին համարժեք ծառայություն չի ստանում եւ դժգոհ է գնում, էլ ո՞նց կարելի է խոսել տուրիզմում առաջընթացի մասին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել