Օրերս գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը հրավիրած ասուլիսում հայտնել էր, որ շուտով՝ հոկտեմբեր ամսից Գյումրիի շաքարի գործարանի կառուցման աշխատանքները կավարտվեն ու արդեն հայ սպառողները կկարողանան ոչ թե ներմուծված, այլ տեղական շաքարավազ օգտագործել:
Նախարարի տեղեկացմամբ՝ իր ողջ հզորությամբ աշխատելու դեպքում գործարանը կարտադրի տարեկան 200 հազար տոննա շաքարավազ, իսկ ներքին սպառման համար մեզ անհրաժեշտ է 100 հազար տոննա: Այսինքն, արտադրանքի 50 %-ն արտահանվելու է: Սակայն Գյումրիի շաքարի գործարանի տնօրեն Էդուարդ Սարգսյանն «Ա1+»-ին տված հարցազրույցում ասել է, որ գործարանը կարող է տարեկան արտադրել նույնիսկ 300 հազար տոննա շաքարավազ: Գործարանի տնօրենը նաեւ ասել է, որ առայժմ գործարանի արտադրած շաքարավազի գինը փոքր-ինչ բարձր կլինի, որովհետեւ ճակնդեղը բերելու են Հարավային Ամերիկայից, իսկ երբ շիրակցիները շաքարի ճակնդեղի մշակմամբ զբաղվեն եւ մթերեն իրենց արտադրանքը, շաքարավազի գինն ավելի ցածր կլինի, որովհետեւ որքան հեռվից են բերում հումքը, տեղափոխման ծախսերն ավելանում են, հետեւաբար, արտադրանքի ինքնարժեքն էլ բարձր է լինում:
Գործարանում մոտ 1000 աշխատատեղ կբացվի: Նախնական հաշվարկներով՝ գործարանի կառուցման համար անհրաժեշտ էր 50 մլն դոլար, մինչդեռ գործարանի շինարարությունը դեռ ավարտված չէ, բայց արդեն 70 մլն դոլար ծախսվել է։
Նշենք, որ ներկայումս ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը շաքարավազի ներկրման շուկայում մենաշնորհ ունի: Գործարանի կառուցումից հետո նա արդեն ներկրելու փոխարեն կզբաղվի միայն շաքարավազի վաճառքով: