Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԽԱՂՈՂԱԳՈՐԾՆԵՐԸ ԽՈՒՃԱՊԻ ՄԵՋ ԵՆ

Օգոստոս 07,2009 00:00

Միայն գյուղնախարարությունն է համոզված, որ գյուղացիներն այս տարի «ոչ մի հատիկ» խաղող չեն թափելու

Այս տարի խաղողի առատ բերք է սպասվում. 15 հազար տոննա ավելի, քան նախորդ տարի: Չնայած գյուղատնտեսության նախարարության այսպիսի լավատեսական կանխատեսումներին, Արարատյան դաշտավայրի խաղողագործները ուրախանալու փոխարեն այս օրերին պարզապես ողբերգություն են ապրում: Բանն այն է, որ համաշխարհային ճգնաժամի հետ կապված՝ գինու եւ կոնյակի մի շարք գործարաններ կրճատել են իրենց արտադրության ծավալները, հետեւաբար խաղողի մթերման ծավալներն էլ են համապատասխանաբար նվազեցնելու: Ուստի խաղողագործները լուրջ մտահոգություն ունեն, որ իրենց այդքան առատ բերքը փչացնելու են ու թափեն, որովհետեւ չեն կարողանալու գործարաններում մթերել: Արարատյան դաշտավայրի խաղողագործներ Վազգեն Թաթոսյանի եւ Ահարոն Հովհաննիսյանի պատմելով՝ «Մենք հուսահատ վիճակում ենք: Մեզ ասել են, որ եթե նույնիսկ գործարանները վերցնեն խաղողը, ավելի ցածր գին են վճարելու, բացի այդ, լուրեր են շրջանառվում, որ այս տարի Այվազյան տեսակի խաղողն ընդհանրապես չեն ընդունելու, դա նշանակում է, որ մեր այդքան աշխատանքն ու գումարները ջուրն են լցվելու»:

Այս առնչությամբ Հայ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանն «Առավոտին» պարզաբանեց, որ խաղողագործների նման մտավախությունը տեղին է. «Քանի որ բերքի 90 տոկոսն օգտագործվում է կոնյակի արտադրության համար, իսկ բոլորս էլ գիտենք, որ ճգնաժամի պատճառով արտադրության ծավալների մեջ անկում կա, այս տարի խաղողն էլ, բնականաբար, քիչ կմթերվի: Արտադրողները ռեսուրսներ չունեն, որ գյուղացուց խաղող գնեն, դեռ անցյալ տարվա արտադրանքից չեն ազատվել, փողերը հետ չի եկել, Մոսկվայում ապրանքը լճացել, չի վաճառվում, չեն կարողանում իրացնել, նույնիսկ ազատ տարաներ չունեն, մի խոսքով՝ այս տարվա խաղողի մթերումն իսկապես բարդ ու դրամատիկ է լինելու»: Նախկինում գործարանները խաղողի բոլոր սորտերից էլ վերցնում էին, վատը լավի հետ էին խառնում ու ստանում տարբեր որակի կոնյակներ ու գինիներ: Պարոն Հարությունյանը համոզված է, որ այս տարի, այդքան ռեսուրս չունենալով, կգնեն միայն լավ տեսակի՝ դասական սորտի խաղողներ: Դասական են համարվում՝ կարմիրներից Արենին եւ Կախեթը, սպիտակներից՝ Ոսկեհատը, Մսխալին, Գառան դմակը, Ռքածիթելին: Դասականի հետ համեմատած՝ Այվազյան տեսակի խաղողը որակապես այնքան էլ հաջող չէ: Դրա համար էլ Այվազյանի տերերն անհանգստանալու առիթ ունեն: Ըստ Ա. Հարությունյանի, այս տարի էական չէ, թե գործարանները գյուղացուց քանի՞ դրամով խաղող կգնեն. «Այսօր խնդիրը խաղողագործներին վճարելն է, իսկ գործարանները վճարելու լուրջ պրոբլեմ ունեն: Կարող է խաղողի կիլոգրամը վերցնեն 140-ով, ոչ թե 120-ով, բայց պայմանավորվեն վճարել ավելի ուշ, ասենք՝ 2-3 տարի հետո, իսկ պատկերացնո՞ւմ եք գյուղացու համար ինչ է՝ այդքան երկար փողին սպասելը, նրան ավելի ձեռնտու կլինի էժան, թեկուզ ջրի գնով տա, բայց փողը ստանա կանխիկ, որովհետեւ այսօր գյուղացին վարկեր է վերցնում, նույնիսկ ջրի փող չունի տալու: Եթե նախորդ տարի գյուղացին գնի համար էր մտահոգվում, այս տարի պիտի այնպես անի, որ որեւէ կերպ իրացնի իր խաղողը, որ իր վրա չմնա, թե չէ՝ բոլոր գործարաններն էլ գյուղացուն պարտք են մնալու, 10-20 դրամ թանկությունն արդեն էական չէ: Դա որոշիչ էր, երբ ակտիվ շուկա կար ու փողերն էլ հետ էին գալիս արագ»:

Այս տարի մթերման ծավալները կրճատվելո՞ւ են, թե ոչ՝ «Արարատի գինու, կոնյակի, օղու կոմբինատից» «Առավոտին» պարզաբանեցին, որ հիմա վաղ է այդ մասին խոսել: Ընկերության փոխտնօրեն Ռոլանդ Մկրտչյանի խոսքերով՝ «Մթերումը սկսում է սեպտեմբերի կեսերին, մենք նախապես ոչ գին ենք հայտարարում, ոչ էլ պայմանագիր ենք կնքում գյուղացիների հետ, որովհետեւ կարող է պայմանագրում ֆիքսենք գինը 400 դրամ, հետո խաղողը դառնա 200 ու գյուղացին տուժի, կարող է դառնա 600 ու մենք տուժենք, նախապես ոչինչ չենք կարող ասել, պետք է սպասենք, մինչեւ շուկան կազմավորվի, բայց, իհարկե, ճգնաժամի պատճառով այս տարի ավելի քիչ քանակությամբ ենք խաղող մթերելու»: «ՄԱՊ» ընկերությունից նույնպես տեղեկացրին, որ գները դեռ որոշված չեն:

«Վեդի ալկո» ՍՊԸ-ի տնօրեն Ասատուր Գեւորգյանի պարզաբանմամբ՝ «Մեր գները կախված են «Երեւանի կոնյակի գործարանից», մենք սպասելու ենք, տեսնենք իրենք ինչ գներ են սահմանում, նոր կկողմնորոշվենք, դեռ վաղ է խոսել, հիմա ոչինչ խոստանալ չենք կարող: Իհարկե, արտադրության ծավալները կրճատվել են, իսկ դա նշանակում է, որ խաղողի մթերման ծավալները նույնպես քիչ կլինեն»: Պարոն Գեւորգյանը նաեւ ասաց, որ «Վեդի ալկոն» Այվազյան տեսակի խաղող ոչ մի տարի չի վերցրել, այս տարի էլ հավանաբար չի վերցնի. «Վերցնում ենք միայն Արենի, Մսխալի, Ռքածիթելի, Կախեթ, Մեղրաբույր»:

Չնայած գինեգործների միության նախագահի եւ գործարանատերերի խոսքերին, որ այս տարի խաղող քիչ են մթերելու, գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը համոզված է, որ խաղողագործներն անհանգստանալու առիթ չունեն, որ պետությունը հոգ է տարել, որպեսզի նրանք բերքի մթերման հետ կապված ոչ մի խնդիր չունենան. «Գյուղացին ոչ մի հատիկ խաղող չի թափի, բոլորը կիրացվի, ես դա ձեզ վստահեցնում եմ»: Պարոն Գալստյանի խոսքերով՝ «Երեւանի կոնյակի գործարանն» ու «Արարատի գինու, կոնյակի, օղու կոմբինատը» միասին անցյալ տարի 65 հազար տոննա խաղող են մթերել եւ այս տարի էլ 60 հազար տոննայից ավելի կմթերեն:

Գյուղնախարարության բուսաբուծության վարչության պետ Գագիկ Մանուչարյանի համոզմամբ էլ՝ խաղողագործները խնդիրներ կունենան միայն այն դեպքում, եթե հիմա գումար չհայթայթեն ու չսրսկեն իրենց բերքը. «Այս ընթացքում բավականին շատ անձրեւներ տեղացին, իսկ անձրեւների ժամանակ սնկային հիվանդությունները գլուխ են բարձրացնում: Գյուղացիները պետք է աշխատեն փրկել իրենց խաղողները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել