Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հմայակ Հովհաննիսյանը երեկ փիլիսոփայել է

Օգոստոս 07,2009 00:00

Նրա դատողություններից ենթադրվում է, որ եթե հայաստանյան ընդդիմությունն ավելի ազգայնական լիներ, քան իշխանությունն է, ՀՅԴ-ն կոալիցիայից դուրս չէր գա:

Երեկ Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե ինքը դեռ 2007թ.-ին էր կանխատեսել, որ մի օր ՀՅԴ-ն ստիպված էր լինելու տեղափոխվել ընդդիմադիր դաշտ, որ իշխանությունները քարտ բլանշ էին տալու Դաշնակցությանը, որովհետեւ ընդդիմադիր դաշտում ազգայնական ուժեր չկան, իսկ ընդդիմությունը, ըստ Հ. Հովհաննիսյանի, ավելի ազգայնական պետք է լինի, քան իշխանությունները: Քաղաքագետի կարծիքով, ընդդիմադիր ճամբարում հե՛նց ազգայնական ուժի բացը լրացնելու համար էլ իշխանություններն օգտագործեցին ՀՅԴ-ին: Նրա համոզմամբ, ՀՅԴ-ի՝ իշխանությունը լքելու որոշումը հատկապես «Ճանապարհային քարտեզի» հրապարակումից հետո պատահականություն չէր հասկանալի պատճառով. որ հանրությունը մտածի՝ դա ոչ թե ներիշխանական ուժերի միջեւ փոխադարձ պայմանավորվածության արդյունք է, այլ՝ ազգային հարցերում ընդհանուր հայտարարի չգալու: Հ. Հովհաննիսյանը նաեւ խոստովանել է, որ 2007թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ ինքը ընդգրկվել էր Սամվել Բաբայանի գլխավորած «Դաշինք» կուսակցության ցուցակում, որովհետեւ այն, լինելով ընդդիմադիր դաշտում, ազգայնական էր, բայց այն ժամանակ, քաղաքագետի մատուցմամբ, իշխանությունները անձնական պատճառներով Բաբայանին թույլ չտվեցին մտնել խորհրդարան: Իհարկե, բանախոսի կանխատեսմամբ, սրանով քաղաքական դաշտում վերադասավորումները չեն ավարտվի: Դրանք կշարունակվեն, քանի որ քաղաքական դաշտը տարբեր տեսակի բիզնես գործարքների թատերաբեմ է դարձել, եւ «բուն պրոբլեմը դեռ լուծված չէ»: Որպես «պրոբլեմի» լուծված չլինելու վկայություն Հ. Հովհաննիսյանը մեջբերել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հայտարարությունը այն մասին, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բոլոր դեպքերում պետք է մեկնի Թուրքիա: «Սա ցույց է տալիս, որ իշխանության կեցվածքն ավելի ուժեղ է ազգային հարցերում, քան ընդդիմության մի մասինը: Այնինչ, ազգային հարցերում ընդդիմությունը պետք է առաջնորդվի «ոչ մի թիզ հող» տրամաբանությամբ:

Հ. Հովհաննիսյանը անդրադարձել է նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին՝ ասելով, թե Ղարաբաղի ժողովուրդն այն արդեն լուծել է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել