Լրահոս
Օրվա լրահոսը

Ընթերցասերների խնդիրները

Օգոստոս 06,2009 00:00

Կամ գիրքը չկա, կամ կա, բայց չես

կարող վերցնելԱյսօր ինտերնետ համակարգի միջոցով կարելի է գտնել ցանկացած գրական ստեղծագործություն: Սակայն կա ընթերցասերների մի խումբ, որը նախընտրում է այս կամ այն ստեղծագործությունը կարդալ տպագիր տարբերակով: Հենց այստեղ էլ առաջ է գալիս ընթերցասերների առաջին խնդիրը. գրադարաններում գրքերի սղությունը:

Վերջին տարիներին նկատելի է գրադարանային-տեղեկատվական սպասարկման ծառայություններում էլեկտրոնային սպասարկման զարգացման միտումը` այն 2007թ. կազմել է 57727 միավոր, ինչը 6464-ով ավելի է 2006թ. համեմատությամբ, 4-ով ընդլայնվել է էլեկտրոնային սպասարկում իրականացնող գրադարանների թիվը:

Մայրաքաղաքի գրադարաններում գրքերի քչության պատճառով ընթերցասերների մեծ մասը հաճախ չի կարողանում ձեռք բերել իրեն անհրաժեշտ գրականությունը: Խնկո-Ապոր գրադարանի գրքերի համալրման բաժնի վարիչ Ռուզաննա Առաքելյանից փորձեցինք ճշտել, թե ինչպե՞ս են վերականգնում գրքերի քանակը:

«Գրադարանը դրանք հիմնականում ձեռք է բերում անհատ վաճառողներից: Պահանջարկ ունեցող գրքերի խնդիրը կապված է վերահրատարակման հետ: Գրքերի քանակի համալրումը ցանկացած գրադարանում կատարվում է ըստ ընթերցողների քանակի»,- պատասխանեց նա:

Ավ. Իսահակյանի անվան գրադարանի մասնաճյուղերից մեկում` Խ. Գյուլնազարյանի անվան գրադարանում, ամբողջ տարվա ընթացքում գրականությունից կարող են օգտվել միայն Երեւան քաղաքի գրանցում ունեցող ուսանողները: Իսկ ովքեր չունեն համապատասխան գրանցումը՝ գրադարանից կարողանում են օգտվել միայն ուսումնական տարվա ընթացքում, այն էլ համապատասխան տեղեկանք ներկայացնելուց հետո։

«Տարվա ընթացքում ինձ անհրաժեշտ գրականությունը ստանալու համար ես համալսարանից ներկայացրել եմ համապատասխան տեղեկանք: Երբ վերջերս գնացի նոր գիրք վերցնելու, ինձ տեղեկացրին, որ ամառային արձակուրդներին մայրաքաղաքի գրանցում չունեցողներին գիրք չեն տրամադրում, նաեւ հավելեցին, որ պետք է սպասեմ մինչեւ սեպտեմբեր եւ ներկայացնեմ նոր տեղեկանք»,- պատմում է ԵՊՀ ուսանող Աստղիկը:

Հենց Խ. Գյուլնազարյանի անվան գրադարանից էլ փորձեցինք ճշտել, թե ո՞րն է պատճառը, որ մայրաքաղաքի գրանցում չունեցող ուսանողներին գիրք չեն տրամադրում:

«Մեր գրադարանը ուսանողներին գիրք տրամադրում է ընդամենը 15 օրով: Մարզերի երեխաները գիրքը վերցնում եւ գնում են իրենց գյուղ. ոչ գալիս են ժամկետը երկարացնելու, ոչ էլ գիրքը հանձնելու: Երեք ամիս հետո վերադարձնում են գիրքը, այդ պատճառով էլ ամռան արձակուրդներին գիրք չենք տալիս»,- ասում է Ավ. Իսահակյանի անվան գրադարանի կադրերի բաժնի աշխատակից Թամարա Հովհաննիսյանը:

Այլ գրադարաններից էլ տեղեկացանք, որ հիմնականում քիչ են արտասահմանյան հեղինակների գրքերը: Դրանք տպագրվել եւ պահպանվել են քիչ քանակով: Ընթերցասերների այն խումբը, որը նախընտրում է արտասահմանյան հեղինակների ստեղծագործությունները, ստիպված է դրանք փնտրել ինտերնետ կայքերում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել