Զինվորական «Վիլիսը» մխրճվեց դիմացից ընթացող երկու «վիլիսների» բարձրացրած փոշու մեջ: Ազատագրված տարածքների հարթավայրի փոշին մեքենայի բոլոր մասերից դանդաղ ներխուժում էր ներս, շնչելը դժվարանում էր, դառնում գրեթե անհնարին:
Մեքենայի դռների ապակիները չէին իջնում, դրանք իջեցնելու բռնակները հանված էին: Լրագրողներից մեկը չդիմանալով` բացեց մեքենայի դուռը, գլուխը հանեց, որպեսզի օդ շնչի: Երբ նա գլուխը ներս մտցրեց, ամբողջովին սպիտակ էր, փոշին շերտավորվել էր դեմքին, մազերին: Ազատագրված տարածքների փոշու միջով դիրքեր հասանք քառասուն րոպե անց: Այս ճանապարհն այսպես է ամռանը, իսկ ձմռանը փոշին դառնում է ցեխ, ու մեքենաները ցեխի մեջ են խրվում: 1997-ից այս ճանապարհով չէի անցել. առայսօր էլ չեմ կարողացել որոշել, թե երբ է ավելի լավ այդ ճանապարհներն անցնելու համար` ցեխի՞ն, թե՞ փոշուն:
Հարա՞վ, թե՞ հյուսիս: Երեւանից բանակի առօրյան լուսաբանելու եկած լրագրողները երկու խմբի էին բաժանվել. մի խումբը հյուսիս պետք է գնար, մյուսը` հարավ: Հյուսիսում անտառներ եւ լեռներ են ու թշնամու ձեռքում գտնվող Գյուլիստանը, հարավում հարթավայրեր են` ազատագրված տարածքները: Ես հարավ գնացող խմբում էի. հարավում ազատությունը մի տեսակ անծայրածիր է: Հյուսիսում ուրիշ զգացում է պատում քեզ. դիմացդ Գյուլիստանի եկեղեցին է` թշնամու ձեռքում: Հայացքդ միանգամից ընդգրկում է կիսավեր գյուղը, վառած տները: Հարավում անծայրածիր հարթավայրն է, ու այն քեզ ասես տանում է իր ետեւից: 1994-ին հայկական զորքերը հարթավայրում էին, եւ հարթավայրը դանդաղ, բայց հաստատուն տանում էր զորքին: Հայր Ալիեւն այդ ժամանակ ռուսներին խնդրեց միջնորդել, որպեսզի հայերը կանգնեն հարթավայրում, ու այդպես էլ եղավ: Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի մասին համաձայնագիր ստորագրվեց` հակամարտության կողմերի միջեւ առայսօր եղած միակ փաստաթուղթը:
Այժմ որդի Ալիեւը պարբերաբար հայտարարում է, որ հողերը զենքով են վերցնելու: Ալիեւը, իհարկե, նման քայլի չի գնա, որովհետեւ գիտի, որ հարձակման դեպքում հայկական զորքերն այս անգամ կհասնեն իրենց նավթամուղներին: Դիրքերում, երբ խոսում էինք ադրբեջանցիների հնարավոր հարձակման մասին, հրամանատարներից մեկն ասաց. «Գիտե՞ս, մենք էլ ենք ուզում. թող հարձակվեն, 1992-ից սկսած` մեր զենք-զինամթերքի ութսուն տոկոսն իրենցից ենք վերցրել: Հիմա էլ կվերցնենք,- հարթավայրի ուղղությամբ ձեռքը մեկնելով` ծիծաղելով շարունակեց,- համ էլ կարոտել ենք կռիվը, տես՝ ինչքա՜ն բան կա վերցնելու»:
Հիշեցի ԼՂՀ պաշտպանության նախարարի` Մովսես Հակոբյանի ասածը. «Իմ հայրենիքն այնտեղ է, որտեղ կանգնած է հայ զինվորը»:
Ընկերներիցս մեկը վերջերս ինձ գրած նամակում խոսելով ժողովրդի բարոյական անկման մասին` հարցնում էր. «Իսկ այսօր քանի՞ մարդ կգնա պատերազմ, այսքանից հետո քանի՞սը կգնան նորից Ղարաբաղ»: Ես պատասխանեցի. «Այնքան, ինչքան եղել են, եւ այնքան, ինչքան միշտ լինելու են»: Նրանք երբեք չեն մտածել, որ կռվել են նախագահների կամ Դոդի, Լֆիկի, Ալրաղացի Լյովի, Բուռնաշի, Միկայի բիզնեսների համար: Այսօր էլ այդ նույն տղերքը եւ նրանց փոխարինողները այդ մասին չեն մտածելու:
«Հայ զինվորից լավ զինվոր չկա: Նրանք մեզանից հարյուր անգամ լավ են կռվելու: Այդ հարյուրը վերածեք կիլոմետրերի եւ կհասկանաք, թե ինչքան ենք առաջ գնալու»,- ասաց գնդապետ Սեւակ Ղուկասյանը, երբ խոսք գնաց բանակի մարտունակության մասին:
Լրագրողները զինվորականներին հարցեր էին տալիս մադրիդյան սկզբունքների մասին: Առաջին գծում գտնվող հրամանատարն ասաց, որ իրեն չեն հետաքրքրում մադրիդյան սկզբունքները, նա մտածում է իր զինվորների, դիրքերի, իր խրամատների մասին:
«ԼՂՀ-ն ունի Սահմանադրություն, որտեղ գծված են երկրի սահմանները: Ցանկացած տարածքի ցանկացած փոփոխություն` նշանակում է Սահմանադրության փոփոխություն: Սահմանադրության փոփոխությունը ենթադրում է ժողովրդական հանրաքվե: Միայն ժողովուրդն իրավունք ունի տարածքային հարցերի շուրջ ընդունել որոշումներ»,- ասաց գնդապետ Սեւակ Ղուկասյանը:
Գնդապետ Ֆելիքս Բաղդասարյանն էլ ասում է` իրենք թույլ չեն տալու, որ ռազմական գործողությունները Ղարաբաղի տարածք տեղափոխվեն. «Եթե Ադրբեջանը հարձակվի, մենք նրանց հետ կռվելու ենք արդեն իրենց տարածքում: Ամեն ինչ հաշվարկված է, եթե նման փորձ լինի, դուք կտեսնեք, թե ինչի են ընդունակ մեր զինվորները»:
Լրագրողները չէին ուզում լքել դիրքերը, նրանք զինվորների հետ խրամատների տարբեր հատվածներում զրույցի էին բռնվել, ձայնագրում էին, նկարահանում: Լրագրողները հեռադիտակներով դիտում էին հակառակորդի դիրքերը, հեռվում երեւացող զինտեխնիկան: Երկու ժամ անց զորամասի հրամանատարն ասում է՝ գնալու ժամն է: Մենք նստում ենք փոշուց սպիտակած զինվորական «վիլիսները» եւ շարժվում ետ՝ դեպի զորամաս: Ազատագրված տարածքների փոշին նորից վերեւ է բարձրանում, ու մի քանի րոպեից նորից շնչահեղձ ենք լինում:
«Ես գիտեմ, որ իմ ազատությունը կախված է այստեղ կանգնած տասնութ տարեկան զինվորից»,- ասաց լրագրողներից մեկը ու արագ փակեց բերանը, բայց արդեն ուշ էր` փոշին ներս էր սողոսկել, ու նա սկսեց հազալ: