Լրահոս
Օրվա լրահոսը

Ճգնաժամի դեմ չի պայքարում

Օգոստոս 06,2009 00:00

Կառավարության մասին հետեւյալ կարծիքի են Հրանտ Բագրատյանն ու Գուրգեն Արսենյանը

Համաշխարհային տնտեսական ճգնաժամը հաղթահարելու նպատակով պետք է ազդել ոչ թե առաջարկի, այլ պահանջարկի կորի վրա, այսինքն՝ պետությունը գումարները պետք է տա ժողովրդին, ոչ թե գործարարներին: Երեկ նման համոզմունք հայտնեց տնտեսագետ Հրանտ Բագրատյանը: Նրա խոսքերով, շատ պետություններ են այդ սխալն արել, այդ թվում՝ Հայաստանն ու Ռուսաստանը, իսկ Ադրբեջանը ճիշտ է վարվել, ինչի արդյունքում այսօր ունի ոչ թե ՀՆԱ-ի անկում, ինչպես մենք (-16,3%), այլ աճ՝ +4,4%, ընդ որում՝ առանց նավթի. «Հեյդարի որդին հասկացավ՝ ինչ պետք է անել, իսկ մեր կառավարությունը՝ ոչ: Մեր կառավարությունը գումար տվեց կառուցապատողներին, այն դեպքում, երբ 50 հազար հատ չիրացված նորակառույց բնակարաններ կան: Երկիրը խորը ճգնաժամի մեջ է: Կառավարությունը հակաճգնաժամային ծրագիր չունի»: Հ. Բագրատյանի հաշվարկներով, Հայաստանի տնտեսական անկումն այս տարվա առաջին 6 ամիսներին իրականում կազմել է շուրջ -30%, այլ ոչ թե, պաշտոնական տվյալներով ասած՝ -16,3%:

Ասուլիսին ներկա Միացյալ աշխատավորական կուսակցության նախագահ Գուգեն Արսենյանն էլ հավելեց, որ կառավարության կողմից վարվող տնտեսական քաղաքականությունը ձախողված է. «Այդ ծրագիրը ծխածածկույթ է: Այդպես չեն աշխատում ու պայքարում ճգնաժամի դեմ: 2008-ի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում վարչապետի կողմից հնչեցված հայտարարությունները, ուղղված կոչերը, տնտեսական տեսլականները 180 աստիճան տարբերվում էին այն իրականությունից, որ մենք ունեցանք այս տարվա հունվար-մարտ ամիսներին: Այսինքն, կամ կառավարության ղեկավարը իմանալով՝ ինչ է սպասվում հայկական տնտեսական համակարգին, ասում էր այլ բան՝ մոլորության մեջ գցելով իր ունկնդիրներին, կամ չէր տիրապետում իրավիճակին: Երկուսն էլ ինձ համար շատ բացասական գնահատականներ են»: Գ. Արսենյանը անդրադարձավ նաեւ տարեսկզբին ՀՀ նախագահի եւ կուսակցությունների հանդիպմանը, որտեղ խոսել են տնտեսական ճգնաժամի մասին. «Կրկնեմ այդ հանդիպման ժամանակ իմ ասածները՝ կառավարության գործունեության նպատակներն ու ազնվությունն անձամբ ինձ հավատ չեն ներշնչում»:

Հարցին՝ թե ի՞նչ է առաջարկում Գ. Արսենյանն այս դեպքում, ո՞րն է ելքը, կառավարությունը պետք է հրաժարակա՞ն տա, նա խուսափեց հստակ պատասխան տալ, միայն ասաց, որ կառավարության հրաժարականն իր խնդիրը չէ: Խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի մասին, Գ. Արսենյանը համոզմունք հայտնեց, որ Ղարաբաղի ներկա սահմանները, Լաչինն ու Քելբաջարը, հանուն Հայաստանի Հանրապետության անվտանգության, որպես բնական ջրբաժան, պետք է շարունակեն մնալ հայկական ուժերի վերահսկողության ներքո: Այս տեսակետի հետ համաձայն էր նաեւ Հ. Բագրատյանը, որը հավելեց. «Հարցի լուծումը տարածքների վերաբնակեցման մեջ էր, ինչը չի արվել: 1994-ին որոշում էր ընդունվել վերաբնակեցման մասին: Նույն տարում Ղարաբաղ էր գնացել 16 հազար մարդ, հաջորդ 12 տարիներին այդ 16 հազարը դարձավ 8 հազար: Աշխարհն ընդունում է ուժեղի կողմը, իսկ Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, այսօր ունի 6-7 անգամ ավելի բարձր ՀՆԱ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել