«Շահերի պաշտպանության նախապայմանը օրենսդրական բարեփոխումներն են»,- երեկ հասարակական շահերի պաշտպանությանը նվիրված համաժողովի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիայի նախագահ Արզուման Հարությունյանը: Ըստ նրա, հասարակական շահերի պաշտպանությանը նպաստելու համար պետք է այնպես անել, որ կառավարությունը սոցիալական գովազդի հիմնական պատվիրատու դառնա եւ սոցիալական գովազդը հանրային ԶԼՄ-ներով անվճար տարածի: Քաղաքացիական զարգացման եւ համագործակցության հիմնադրամի տնօրեն Ժիրայր Էդիլյանի խոսքերով՝ «Այս համաժողովը տեղական կազմակերպություններին հնարավորություն է ընձեռում ներկայացնել շահերի պաշտպանության ոլորտում կուտակած իրենց փորձն ու քաղած դասերը, քննարկել այդ ոլորտում որդեգրած մոտեցումներն ու դրանց արդյունավետությունը»: Համաժողովի ընթացքում «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հ/կ-ի նախագահ Աբգար Եղոյանը նշեց, որ վերջին 5 տարիներին իրենց գործունեությունը չափազանց արդյունավետ է եղել: Նրանք հատկապես բարեփոխումներ են արձանագրել սննդի ոլորտում:
«Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» հ/կ-ն էլ գտնում է, որ իրենց ոլորտում դեռ բազմաթիվ անելիքներ կան՝ ճանապարհային անվտանգությունն ապահովելու համար. «Պետք է սովորեցնել ամրագոտիները պարտադիր օգտագործել, երթեւեկության կանոնները պետք է սովորեցնել դպրոցներում եւ անհրաժեշտ է կառավարությանը համոզել, որ որոշակի սահմանափակումներ մշակեն՝ ներմուծվող տրանսպորտային միջոցների որակի վերաբերյալ»: