Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳՆԱ՞Լ ԹՈՒՐՔԻԱ, ԹԵ՞ ՉԳՆԱԼ

Օգոստոս 06,2009 00:00

 Հիմա այս հարցադրումը շատ արդիական է

Հիշո՞ւմ եք՝ երբ անցյալ տարի ՀՀ գործող նախագահը հայտարարեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին՝ Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների խաղը Երեւանում միասին դիտելու հրավեր ուղարկելու մասին, մասնավորապես նաեւ հայաստանյան քաղաքական շրջանակներում ու հասարակության ներսում բուռն քննարկում սկսվեց այն հարցի շուրջ, թե որքանո՞վ էր այդ հրավերը նպատակահարմար, եւ արդյո՞ք Գյուլը կընդուներ Սարգսյանի հրավերը: Քննարկումներ եղան նաեւ Գյուլի՝ Երեւան կատարած այցից հետո: Սկիզբը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման տեսանկյունից խոստումնալից էր: Երկու երկրների նախագահներն էլ գոհ էին հանդիպումից: Հիշեցնենք, որ Սարգսյանը շնորհակալություն էր հայտնել թուրք գործընկերոջը հրավերն ընդունելու համար՝ նշելով, որ հարեւան պետությունների միջեւ ուղղակի շփումները հարաբերությունների կարգավորման միակ արդյունավետ ձեւն են: Նա նաեւ հայտարարել էր, թե՝ երկխոսության առկայության պարագայում կարելի կլինի քննարկել ցանկացած, նույնիսկ՝ ամենակնճռոտ հարցերը: «Ես պատրանքներ չունեմ, թե կարճ ժամանակահատվածում բոլոր հարցերը կկարգավորվեն, բայց ճիշտ եմ համարում գործընթացը սկսելը»,- մոտ մեկ տարի առաջ ասել էր Սարգսյանը՝ միաժամանակ հավելելով, թե «մենք պետք է ձգտենք օր առաջ լուծել առկա խնդիրները եւ դրանց ծանրությունը չթողնել հետագա սերունդների վրա»:

Երեւանյան այս հանդիպմանը հետեւել էր ՀՀ ղեկավարին ուղղված Թուրքիայի նախագահի պատասխան հրավերը՝ այս անգամ հոկտեմբերին կայանալիք Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղը միասին դիտել այդ երկրում: Ս. Սարգսյանի, ըստ էության, պաշտոնական պատասխանը այս հրավերին հնչեց ավելի ուշ եւ «վարդագույն» ակնկալիքների ֆոնի վրա. նա հայտարարեց, թե կընդունի իր գործընկերոջ հրավերը եւ Թուրքիա կմեկնի արդեն հայ-թուրքական բաց սահմանով կամ դրա նախօրյակին: Ամիսներ առաջ արված այս հայտարարությանն այն ժամանակ մեծ ու բուռն արձագանքներ ո՛չ հայաստանյան, ո՛չ էլ միջազգային կառույցների կողմից չեղան: Փոխարենը դրանք կան հիմա, երբ Սարգսյանը կրկնեց իր այդ նախապայմանը: Թերեւս, հասկանալով Սարգսյանի՝ Թուրքիա չմեկնելու մտադրության լրջությունը, այդ հայտարարությունը մասնավորապես հայաստանյան ընդդիմության առանձին ներկայացուցիչներ արդեն սուր քննադատության են ենթարկել: Երեկ «Առավոտին» տված հարցազրույցում այս հարցին անդրադարձել էր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը:

Նույն օրը «Հայելի» ակումբում ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էր կարծիք հայտնել, թե՝ Սերժ Սարգսյանը պետք է մեկնի Թուրքիա, քանի որ չգնալը, նրա ձեւակերպմամբ, բացարձակ հիմարություն եւ տղայական մոտեցում կլինի: Մինչդեռ, նախկին վարչապետի համոզմամբ, նույնիսկ թշնամու հետ պետք է նորմալ թշնամություն անել, ու քանի որ Սարգսյանն ինքն է սկիզբ դրել «ֆուտբոլային դիվանագիտությանը», ապա հիմա Թուրքիային նորից թշնամացնելու իմաստ չկա:

Երեկ Ս. Սարգսյանի հիշյալ հայտարարությանն է անդրադարձել նաեւ թուրք քաղաքագետ, Թուրքիայի մերձավորարեւելյան տեխնիկական համալսարանի եվրոպական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Բուրջու Գյուլթեքինը: Մասնավորապես «ԱրմԻնֆո»-ին տված հարցազրույցում նա միանգամայն արդարացի է համարել Ս. Սարգսյանի դժգոհությունն այն մասին, որ Թուրքիայի հետ «Ճանապարհային քարտեզի» քննարկման շուրջ բանակցություններում ձեռք բերված համաձայնությունները չեն կատարվել, իսկ դրանց իրագործման ժամկետները չեն պահպանվել, միաժամանակ շեշետելով, թե ինքը նման տպավորություն է ստացել նախորդ շաբաթ Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում հնչած հայտարարություններից: «Հայկական կողմը ճիշտ է, երբ պնդում է, որ երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը պետք է ընթանա առանց նախապայմանի: Ուստի՝ անարդյունավետ կլինի, եթե նախագահ Սարգսյանը պնդի իր դիրքորոշումը, որը հրապարակել է Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի հետ համատեղ մամլո ասուլիսի ընթացքում, որի համաձայն, ինքը մտադիր չէ պատասխան այց կատարել Թուրքիա, քանի դեռ Անկարան իրական միջոցներ չի ձեռնարկել սահմանների ապաշրջափակման համար»,- նշել է թուրք փորձագետը:

Անդրադառնալով նախագահ Սարգսյանի՝ երկու երկրների միջեւ սահմանը հոկտեմբերին բաց տեսնելու ցանկությանը, որպեսզի Թուրքիա մեկնի ավտոճանապարհով, փորձագետը նշել է, որ եթե Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանը մինչեւ հոկտեմբեր չբացվի, Ս. Սարգսյանը, միեւնույն է, կարող է իրագործել իր մտադրությունը: «Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, հնարավոր է, անգամ կարողանա Հայաստանի իր պաշտոնակցին դիմավորել սահմանների հատման կետում»,- նշել է Գյուլթեքինը: Նա ավելացրել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարները կարող են միասին մեկնել Անի քաղաք եւ Մետաքսի ճանապարհի հատվածում գտնվող ու երկու երկրները Արաքս գետի վրայով միացնող հին կամուրջ: «Դա կդառնա չափազանց կարեւոր խորհրդանշական ժեստ ու արդյունավետ տեղաշարժ՝ հասարակական դիվանագիտության գործում»,- ասել է փորձագետը՝ ավելացնելով, որ այն հայտարարությունները, որոնցով ավելի վաղ հանդես էին եկել երկու պետությունների նախագահները, եթե ագամ ներառում էին դժգոհություն բանակցությունների գործընթացի արգելակման առնչությամբ, կնպաստեն այն բանին, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը պահպանվի որպես գերակայություն Թուրքիայի քաղաքական օրակարգում: «Դա կնպաստի նաեւ այն մարդկանց ջանքերին, ովքեր շահագրգռված են երկկողմ հարաբերությունների կարգավորմամբ՝ առանց նախապայմանի»,- ընդգծել է թուրք փորձագետը:

ՀՀ ղեկավարի հայտարարության վերաբերյալ միանգամայն այլ կարծիք ուներ «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Երեկ «Առավոտի» հետ զրույցում նա որպես նորմալ գնահատեց Ս. Սարգսյանի հայտարարությունը՝ հիշեցնելով, որ հենց ՀՀ նախագահն էր, որ հանդես եկավ շատ լուրջ նախաձեռնությամբ, նաեւ քայլեր արեց հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, բայց թուրքերը դրան չարձագանքեցին: «Էլ ի՞նչ պիտի աներ: Համարում եմ, որ դա բավականին ճիշտ քաղաքականություն է, քանի որ ՀՀ կողմից մի շարք քայլեր արվել են, այդ թվում՝ Ցեղասպանության հետ կապված: Ժամանակը եկավ, որ Թուրքիան էլ իր քայլերն անի: Քաղաքականության, դիվանագիտության մեջ չի լինում, որ միայն մեկ կողմն անընդհատ քայլեր կամ զիջումներ անի»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով, թե Ս. Սարգսյանի հայտարարության մեջ նախապայմանի որեւէ խնդիր չկա: «Ինքն ասաց, որ Թուրքիա կգնա կամ բաց սահմանով կամ եթե լինի դրա նախօրյակը, այսինքն՝ եթե լինեն հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ռեալ եւ դրական ազդակներ: Ի՞նչ իմաստ ունի գնալ, եթե մյուս կողմից փոխադարձ քայլեր չեն արվում: Կարծում եմ նաեւ Հայաստանի համար է վտանգավոր սխալ մեկնաբանել Սարգսյանի արած հայտարարությունները»,- համոզմունք հայտնեց Ստ. Գրիգորյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել