Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ՄԻՋԱՄՏԵԼՈՒ ԽՆԴԻՐ ՉՈՒՆԵՆ»

Օգոստոս 06,2009 00:00

Քաղաքական ուժերին հիշեցնում է ԵԽ-ի կոնգրեսի փոխնախագահը

«Մեր ընտրություններում թե ընդդիմադիր, թե իշխանական ուժերը չափից դուրս շատ ակնկալիքներ են ունենում դիտորդներից եւ միջազգային կազմակերպություններից: Նույնիսկ իշխանությունում, այս պարագայում՝ կոալիցիայում, գտնվող կուսակցությունները շատ հաճախ սկսում են բողոքել դիտորդներին իրականությունից, որի համար իրենք են պատասխանատու: Մինչդեռ դիտորդների խնդիրն իրականում ընդամենն ընդհանուր գնահատականներ տալն է: Նրանք միջամտելու խնդիր չունեն»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի համայնքների ասոցիացիայի նախագահ, ԵԽ-ի կոնգրեսի փոխնախագահ Էմին Երիցյանը: Այս համատեքստում Երեւանի ավագանու ընտրությունների հետընտրական շրջանում կոնգրեսի դիտորդների գործունեությանը հատկապես ընդդիմադիր դաշտի կողմից տրված գնահատականները մեր զրուցակիցը համարում է «չարդարացված սպասելիքներ՝ չմիջամտելու համար»: Էմին Երիցյանի գնահատմամբ էլ դիտորդական նախնական եզրակացության հիմնական «մեսիջը» հետեւյալն էր. «Ընտրությունների կազմակերպման պատասխանատուն պետությունն է, եւ այս պարագայում, այս մասով պետությունն իր անելիքն արեց. մնացած մասը կուսակցությունների վարքի եւ մտածելակերպի փոփոխության խնդիրն է: Մանավանդ, որ ընտրական հանձնաժողովների ձեւավորմանն էլ, սկսած կենտրոնականից, մասնակցում են կուսակցությունները եւ այդ կուսակցություններն էլ միմյանց հետ մրցակցում են, ու այդ հիմքով էր նաեւ պայմանավորված, թե ընտրություններն ինչքանով արդարացի կլինեն»: Մեր զրուցակցի հաջորդ դիտարկումը հետեւյալն է՝ «Եվ քաղաքական, եւ հասարակական դաշտը, եւ մամուլը ստեղծում են մի պատկեր, որի հիման վրա էլ դիտորդները պետք է գնահատական տան, ու այստեղ էլ դիտորդներից ակնկալվում է միջամտություն այն հարցերում, որոնք վերաբերվում են Հայաստանի ներքին քաղաքական դաշտի կայացվածությանը: Բայց դա անհնար է: Դիտորդական առաքելություններին բողոքարկման ինստանցիա դիտարկելու միտումը բերում է ընտրությունների ոչ ճիշտ ավանդույթների կազմակերպման խնդրին, որը կա մեր երկրում»: Ինչ վերաբերվում է Երեւանի ավագանու ընտրությունների նախնական եզրակացության հրապարակումից մամուլում առաջացած աժիոտաժին, մասնավորաբար, ճաշելու հետ կապված նկարահանումների հայտնի հրապարակումներին, Է. Երիցյանը դրանք «արհեստական» է համարում. «Հանդիպումների ընթացքում բոլորը փորձում էին ազդել դիտորդների վրա, նաեւ մի փոքր շանտաժի էլեմենտներ կային, որպեսզի դիտորդներին մասնակից դարձնեին ներքին քաղաքական գործընթացներին: Դա հայկական քաղաքական դաշտին բնորոշ բան է»:

Պատասխանելով «Առավոտի» հարցին՝ ինչո՞վ էր պայմանավորված Երեւանի ավագանու ընտրություններում դիտորդական առաքելության վերջնական զեկույցի ձգձգումը մինչեւ հոկտեմբեր, մեր զրուցակիցն ասաց. «Դա ձգձգում չէ, քանի որ դիտորդները գնահատում են նախընտրական փուլը, ընտրությունների օրը եւ դրանից հետո զարգացումները՝ բողոքարկումները, դրանց ընթացքը: Նման դիտորդական գնահատականները պետք են երկարաժամկետ քաղաքականություն իրականացնելու համար խորհրդատվություն ապահովելու, ընդհանուր բարեփոխումների կուրսի համար, այլ ոչ թե այդ պահին ընտրական գործընթացին միջամտելու: Ի դեպ, ընտրություններից հետո, հունիս ամսին ԵԽ-ի կոնգրեսում առաջին քննարկումը եղել է, կոնգրեսի մշտական հանձնաժողովին տեղեկատվություն տրվել է ընտրությունների ընթացքի մասին: Այժմ արդեն կա հանձնարարականների նախագիծ, որը պատրաստվել է դիտորդական խմբի ղեկավարի կողմից: Այն, իհարկե, դեռեւս տարածման ենթակա չէ, ԵԽ-ի ներքին օգտագործման համար է: Իսկ հոկտեմբեր ամսին կայանալիք պլենար նստաշրջանում կընդունվի վերջնական զեկույցը, որտեղ հաշվի են առնվելու նաեւ բողոքարկումների հետ կապված արձագանքները»:

Արձագանքելով «Առավոտի» դիտարկմանը, որ որոշ քաղաքական ուժեր վերջնական զեկույցի հրապարակումը կապում են հոկտեմբերին սպասվող հայ-թուրքական հարաբերությունների կամ ԼՂՀ հարցի հնարավոր զարգացումների հետ, Էմին Երիցյանն ասաց. «Երեւանի ընտրությունների դիտորդական գնահատումը որեւէ առնչություն չունի հայ-թուրքական հարաբերությունների կամ այլ գեոպոլիտիկ խնդիրների հետ»: Նա համամիտ է, որ ցանկացած գնահատում քաղաքական ենթատեքստ պարունակում է, բայց՝ «Միշտ հաշվի է առնվում երկրի զարգացման տենդենցը, եւ այս առումով, նախորդ տարվա նախագահական ընտրությունների ֆոնի վրա ավելի կատաստրոֆիկ գնահատականներ ակնկալելը տեղին չէր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել