Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ են ուտում ձմերուկը

Օգոստոս 05,2009 00:00

Գիտե՞ք, արդյոք

Վերջերս վերաբերմունքը ձմերուկի հանդեպ փոքր-ինչ զգուշավոր է դարձել, ինչը հիմքեր ունի: Ցավոք, մեր հողագործներից ոմանք չեն բավարարվում նույնիսկ ձմերուկի՝ սեզոնի ընթացքում մի քանի անգամ բերք տալու հատկությամբ, եւ՝ «բերքը ժամանակից շուտ հավաքելու նպատակով», անհաս պտուղները պարարտացնում են մի շարք քիմիական նյութերով, որոնք, ցավոք, վտանգավոր են մարդու առողջության համար: Այս նպատակով հիմնականում գործածվում են ազոտային պարարտանյութեր՝ նիտրատներ, որոնք հողից արագորեն թափանցում են ձմերուկի միջուկի մեջ։ Անորակ ձմերուկի վտանգից եւ հետեւանքներից խուսափելու համար անհրաժեշտ է հետեւողական լինել դրանց ե՛ւ ընտրության, ե՛ւ օգտագործման հարցում: Մասնավորապես՝ երեխաներին պետք է թույլատրել ձմերուկ ուտել միայն սեզոնի ընթացքում (հիշեցնենք, որ Հայաստանում ձմերուկը առանց միջամտության եւ բնական ճանապարհով հասունանում է հուլիսի վերջերին) եւ միայն այն դեպքում, երբ ինքներդ կհամոզվեք, որ ձմերուկը վտանգ չի ներկայացնում։

Նիտրատներով հագեցած ձմերուկն ունի մի շարք դրսեւորումներ։ Դրանք են.

– միջուկի ինտենսիվ կարմիր գույն՝ մանուշակագույն երանգավորմամբ,

– միջուկից դեպի կեղեւը գնացող թելիկները դեղնավուն երանգ ունեն, սակայն պետք է սպիտակ լինեն,

– «սխալ» ձմերուկի կտրված մակերեսը հարթ է եւ փայլուն, իսկ «ճիշտ» ձմերուկինը՝ շողշողում է մանր անհարթություններով,

– կարելի է ձմերուկի միջուկից մի փոքր կտոր գցել մաքուր ջրի մեջ եւ տրորել. եթե ձմերուկը լավն է, ջրի գույնը թեթեւակի կմգանա, իսկ եթե պարունակում է վտանգավոր նյութեր՝ ջուրը կարմիր կամ վարդագույն երանգ կստանա:

Եկեք չմոռանանք նաեւ, որ հաճախ ձմերուկից առաջացող վատ հետեւանքների պատճառ մենք ինքներս ենք հանդիսանում՝ երբեմն մոռանալով, որ ձմերուկի կեղեւի վրա պահպանվում են հողի, փոշու մնացորդներ, տարբեր միկրոօրգանիզմներ, որոնք, ինչպես հարկն է չլվանալու դեպքում, կարող են ստամոքսային հիվանդությունների պատճառ դառնալ: Երբեք պետք չէ գնել վնասված կեղեւով կամ արդեն կտրված ձմերուկ: Նույնիսկ բավական է աննշան ճեղքվածքը, որպեսզի օդի ազդեցությամբ մանրէները շատ արագ բազմանան վնասված պտղի քաղցր մակերեւույթի վրա եւ հանգեցնեն ստամոքսաաղիքային համակարգի խաթարումների:

Մինչեւ ձմերուկ ուտելը պարտադիր հետեւեք ներքոշարադրյալ կարեւոր խորհուրդներին.

– նախքան ձմերուկը կտրելը այն անհրաժեշտ է մանրակրկիտ լվանալ տաք ջրով,

– կտրված ձմերուկը պահել միայն սառնարանային պայմաններում,

– հետազոտությունները պարզել են, որ նիտրատները կուտակվում են հատկապես ձմերուկի կեղեւին մոտ հատվածում՝ մոտ 3 սմ հաստությամբ շերտում, այդ պատճառով էլ կասկածների դեպքում երեխաներին տվեք ձմերուկի միջուկային հատվածը,

– պտուղն օգտագործելիս մի՛ մոռացեք չափի զգացողության մասին. նկատի ունեցեք, որ 2-3 տարեկաններին օրվա ընթացքում բավարար է 80-100 գր ձմերուկը, իսկ 3-6-տարեկաններին՝ 100-150-ը:

Եվ, վերջապես՝ ինչպե՞ս ընտրել ձմերուկ:

Ձմերուկի հասունությունը որոշվում է ըստ այն ձայնի, որն առաջանում է կեղեւին հարվածելով. եթե ձայնը խուլ է՝ ձմերուկն անհաս է, իսկ չափից զրնգուն ձայնը վկայում է գերհասած ձմերուկի մասին, ուրեմն ընտրեք այս երկուսի միջինը: Բացի դրանից, հասած ձմերուկի պոչը փոքր-ինչ մգացած է եւ կախ ընկած, իսկ կեղեւը պինդ է՝ եղունգով հնարավոր չէ քերծել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել