Լրահոս
Օրվա լրահոսը

Կովկասցի լրագրողները ահաբեկիչնե՞ր են

Օգոստոս 05,2009 00:00

Տարածաշրջանում մամուլի ազատության մակարդակն անմխիթար է

Խոսքի, մամուլի, տեղեկատվության ազատությանը, լրագրողների անվտանգությանը վերաբերող հարցերը թերեւս այնպիսի հիմնախնդիրներ են, որոնք միավորում են բոլոր լրագրողներին` անկախ դավանանքից, բնակության վայրից, նախասիրություններից: Մի ասացվածք կա. մամուլը հասարակության հայելին է: Թերեւս այն ավելի բնորոշիչ է դառնում, երբ մամուլի ազատության մասին խոսում ենք` նկատի ունենալով Կովկասում գործող լրատվամիջոցների դաշտում հաստատված իրավիճակը:

«Առավոտի» զրույցը տարածաշրջանի տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ցույց տվեց, որ վիճակը, մեղմ ասած, գոհացուցիչ չէ, ինչը, ըստ լրագրողների` պայմանավորված է կովկասյան տարածաշրջանում գտնվող պետություններում` ժողովրդավարության ապահովման ոչ բարձր մակարդակով: Իրավիճակն այնքան է սրված, որ, օրինակ` Ադրբեջանում կարող են լրագրող ձերբակալել ահաբեկչության եւ այլ` առաջին հայացքից անհավանական թվացող պատճառներով: Զրուցեցինք ադրբեջանցի գործընկեր, «Թուրան» լրատվական գործակալության աշխատակից Անար Խանբեյլիի հետ: «Ադրբեջանում մամուլի ազատության առումով վիճակը հույսեր չի ներշնչում։ Ադրբեջանական կառավարության ընդունած դեղատոմսը` օրենքի տեսքով, այս հարցերին լուծում տալու առումով եւս կարծես թե դեռ չի աշխատում: Միայն վերջին երեք տարիների ընթացքում մեր երկրում ձերբակալվել է հինգ լրագրող: Այժմ նրանցից երկուսն է գտնվում անազատության մեջ. մեկը մեղադրվում է ահաբեկչության մեջ, մյուսի մոտ էլ իբր թմրադեղեր են հայտնաբերել»,- ասաց նա: Այս ամենի հետ մեկտեղ, Ադրբեջանում լրատվամիջոցները կախման մեջ են գտնվում կառավարությունից նաեւ տնտեսական պատճառներով: «Թուրանի» լրագրողը հայտնեց. «Կառավարությունը լրատվամիջոցների վրա տնտեսական ճնշում է գործադրում, այսպես ասած՝ փակում է գովազդատուների ճանապարհը դեպի լրատվամիջոցներ: Բավականին հաճախ այս կամ այն խմբագրությունում տեղի են ունենում հարկային ստուգումներ, որոնց արդյունքում, որպես կանոն, բացահայտվում են ինչ-ինչ խախտումներ… Մի խոսքով, ամփոփելով ասեմ, որ Ադրբեջանում վերջին հինգ տարիների ընթացքում մամուլի ազատության առումով վիճակն ավելի է վատացել»:

Իրավիճակը մխիթարական չէ նաեւ հարեւան Վրաստանում: «Առավոտը» զրուցեց «24 ժամ» օրաթերթի լրագրող Լեվան Գիրշիաշվիլիի հետ: Նա չթաքցրեց, որ մամուլի ազատությանը վերաբերող հարցերը խնդրահարույց են իրենց երկրում եւ հավելեց. «Վրաստանում տեղեկատվության ամենաազդեցիկ միջոցը հեռուստատեսությունն է։ Բայց, ցավոք, հեռուստատեսությունն էլ մեր երկրում ղեկավարվում է իշխանությունների կողմից: Իսկ տպագիր մամուլն ամբողջովին ազատ է, ուղղակի այն չունի այնպիսի ազդեցություն, ինչպիսին հեռուստատեսությանն է: Վրաստանի տարածքում գործում են երկու, այսպես կոչված, ընդդիմադիր հեռուստաընկերություններ, որոնք հասանելի են միայն Թբիլիսիում: Դրանք ունեն երկրի ողջ տարածքով մեկ հեռարձակվելու լուրջ խնդիրներ, ու կասկածներ կան, որ դրա պատճառը երկրի ղեկավարությունն է: Ինչպես արդեն նշեցի, թերթերը մեր երկրում կարող են գրել այն, ինչ ուզում են, երկրի ղեկավարությունը դրա վրա ուշադրություն չի դարձնում, քանի որ նա չի վախենում տպագիր մամուլից»: Հետաքրքրվեցինք` ի՞նչ խնդիրներ են առաջանում՝ կապված լրագրողների անվտանգության հետ: Վրացի գործընկերս ասաց. «Մեր երկրում խնդրահարույց են ոչ միայն կոնկրետ լրագրողների անվտանգության հարցերը, այլեւ ողջ հասարակության: Լրագրողների հանդեպ իրականացվող բռնարարքներն իրենց գագաթնակետին հասան հուլիսի 15-ին, երբ երկրի ոստիկանությունը բռնություններ գործադրեց խաղաղ հանրահավաքի մասնակիցների վրա, ինչի արդյունքում դաժանաբար ծեծի ենթարկվեց երկու լրագրող»:

Ադրբեջանցի ազատ լրագրող Սաբինա Ջաֆարովան էլ «Առավոտին» ասաց. «Ադրբեջանում շատ դժվար է պաշտոնյաներից տեղեկատվություն ստանալը: Դրա համար լրագրողը ստիպված է շաբաթներով սպասել: Լրագրողներին վերջին շրջանում անհանգստացնում է նաեւ նոր ընդունված այն օրենքը, ըստ որի, եթե լրագրողը վիրավորել է ինչ-որ մեկին, ապա նա պետք է մի քանի ամիս անցկացնի անազատության մեջ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել