Օրերս «Առավոտին» են դիմել Երեւանի ճարտարագիտական համալսարանի մագիստրատուրայի բաժնում սովորող մի խումբ ուսանողներ՝ բողոքով, որ իրենց համալսարանի ղեկավարությունն անընդհատ ձգձգում է իրենց դիպլոմներ տալը: Կոմպյուտերային համակարգերի եւ ինֆորմատիկայի դեպարտամենտ ֆակուլտետի մագիստրատուրայի բաժնի ուսանողներից մեկը հազիվ հաջողացրել է իր համար աշխատանք գտնել, աշխատավայրից, բնականաբար, պահանջել են ներկայացնել դիպլոմ կամ գոնե դրա պատճենը, սակայն համալսարանից ուսանողին հորդորել են սպասել մինչեւ նոյեմբեր: Ուսանողի խոսքերով՝ «Ես նոյեմբերին այսպիսի աշխատանք չեմ կարող գտնել, ինձ լուրջ խնդրի առաջ են կանգնեցնում, չնայած դասընթացները վաղուց ավարտված են, բայց դիպլոմս ստանալու համար պիտի ամիսներով սպասեմ, ոչ մի բուհ իր ուսանողների հետ նման կերպ չի վարվում: Քննությունների ավարտից մի քանի օր հետո ղեկավարությունը պետք է օր նշանակի, որ այդ օրը հանդիսավոր արարողությամբ բոլոր ուսանողներին հանձնեն իրենց ուսման վկայագրերը: Մեզ ոչ մի արարողություն պետք չէ, թող մեզ չոր ու ցամաք մեր դիպլոմները տան՝ կարողանանք մի գործի տեղավորվել»: Ուսանողները տեղեկացրին, որ հիմա համալսարանի աշխատակիցները արձակուրդ են գնացել. «Եթե առաջ կարողանում էինք գնալ այնտեղ, խնդրել-աղաչել, որ շտապ մեզ տան մեր դիպլոմները, հիմա ընդհանրապես դռները փակել ու գնացել են, մենք չգիտենք ումի՞ց պահանջենք մեր դիպլոմները»:
Խնդրի առնչությամբ մենք նույնպես փորձեցինք պարզաբանումներ վերցնել համալսարանից, սակայն ոչ մի հեռախոսազանգի պատասխանող չեղավ: