Հարցնում են «Ժառանգության» ներկայացուցիչները«Ժառանգություն» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցությունը երեկ տարածել է մի հայտարարություն, որով Սերժ Սարգսյանին առաջարկվում է «ներողություն խնդրել Գալուստ Սահակյանի սուտասանության համար»: Սույն թվականի հուլիսի 24-ին ՀՀԿ փոխնախագահ եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել էր, թե իբր 1992թ. Րաֆֆի Հովհաննիսյանը ԵԱՀԽ նախարարների կոմիտեի շրջանակներում ստորագրել է «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում» ձեւակերպմամբ փաստաթղթի տակ:
Րաֆֆի Հովհաննիսյանը հրապարակավ նրանից պահանջեց ցույց տալ թեկուզ մի փաստաթուղթ, պարբերություն, նախադասություն կամ գեթ մի տող, որտեղ Արցախի ինքնիշխանության, անկախության, ապագաղութացման իրավունքին հակառակ ստորագրել կամ քվեարկել է իր հանրային ծառայության ողջ ընթացքում: Հովհաննիսյանը նաեւ պահանջեց բացահայտել իր կամ այլոց պաշտոնավարման ժամանակահատվածում նման քայլի դիմած պաշտոնյաներին ու նրանց հրահանգողներին՝ եթե այդպիսիք եղել են: «Պատասխան» նամակից ակնհայտ դարձավ, որ ԵԱՀԽ Ավագ պաշտոնյաների կոմիտեի՝ 1992թ. փետրվարի 28-ին ընդունած փաստաթղթին հավանություն է տվել մեկ այլ հայ պաշտոնյա: Իսկ Հովհաննիսյանի հասցեին հնչեցրած իր զրպարտությունը Գ.Սահակյանը փորձեց «հիմնավորել»՝ թե նա արտգործանախարար է եղել մի իշխանության օրոք, որի «դիրքորոշումն ու կեցվածքը Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելն» էր»,- ասված է հայտարարության մեջ:
«Ժառանգությունում» ըմբոստացել են Գալուստ Սահակյանի՝ ռադիոեթերից օրերս արված մեկ այլ հայտարարությունից եւս, որը որակել են «նոր սուտ»՝ իբր «1992թ. Րաֆֆի Հովհաննիսյանը դեմ է եղել ԼՂՀ անկախության ճանաչմանը՝ Հելսինկյան Եզրափակիչ ակտի 10 հայտնի սկզբունքները եւ ԵԱՀԽ փաստաթղթերը վավերացնելու պատճառով»: ՀՀԿ փոխնախագահ եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի «հին ու նոր ստախոսության կապակցությամբ» խորհրդարանական խմբակցությունը իր բավականին ծավալուն հիմնավորումներից զատ արձանագրում է. «Ակնհայտորեն, Գալուստ Սահակյանը ոչ միայն տեղյակ չէ 1991-92թթ. անցուդարձից, այլեւ ի զորու չէ հասկանալ իր ստերի դեմ բերված փաստական հիմնավորումները: Այլեւս իրեն որեւէ կերպ օգնել չենք կարող եւ ակնակալում ենք, որ ՀՀԿ տեղեկացված նրա կուսակցական ընկերները կկարողանան բացատրել, որ թեմայի արծարծման շարունակումը բացառապես խայտառակում է կուսակցությանը: Հատկապես՝ երբ նա իր ստերը հիմնավորելու նպատակով ժամանակ առ ժամանակ հիշատակում է երջանկահիշատակ Աշոտ Նավասարդյանի անունը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարցը վերաբերում է Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ 1991-92թթ. պետական երբեմնի դիրքորոշումը կուսակցական ու պետական բարձրաստիճան պաշտոնյայի կողմից միտումնավոր ու շարունակաբար կեղծելուն՝ հանրապետական նախագահ Սերժ Սարգսյանը ներողություն խնդրելու տղամարդկություն կունենա՞ Գալուստ Սահակյանի հերթական սուտասանության առթիվ»: