Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆԱՀԱՅՈՒԹՅԱՆՆ ԵՆ

Օգոստոս 05,2009 00:00

Ասում է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը

– Վերջին օրերին ադրբեջանական պաշտոնյաներն ու վերլուծաբանները ակտիվորեն քննարկում են ադրբեջանցի փախստականների եւ ներքին տեղաշարժի ենթարկված անձանց՝ իրենց նախկին բնակության վայրերը վերադառնալու հնարավորությունը: Ադրբեջանում, միջազգային կազմակերությունների եւ դոնորների մասնակցությամբ, նախապատրաստվել է, այսպես կոչված, «Մեծ վերադարձի» ծրագիրը, որի շրջանակներում ադրբեջանցիների վերաբնակեցման համար նախատեսվում է ծախսել 60 մլն դոլար: Արդյո՞ ք, այս ամենը սպառնալիք չէ հայկական շահերի համար:

– Այսօր դա պետք է դիտարկել որպես իրական սպառնալիք: Այդ եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկվող «փոխզիջումային» մոտեցումներից բխող մի շարք այլ սպառնալիքները պետք է չեզոքացվեն, եւ այդ հնարավորությունը կա: Այլ հարց է, որ Հայաստանն այսօր չի վարում արտաքին քաղաքականություն, զուրկ է միջազգային հարաբերությունների ոլորտում համակարգված մոտեցումներ կիրառելու ունակությունից, ուստի, անգամ իր համար ակնհայտ առավելություններ ընձեռող հարցերում, իսկ հենց այդպիսին է փախստականների հարցը, ընդունակ չէ օգտագործել նույնիսկ բարենպաստ հնարավորությունները:

– Ձեր ասածները մտահոգվելու տեղիք են տալիս, մինչդեռ, օրինակ, Վազգեն Մանուկյանը «Առավոտին» տված հարցազրույցում պնդում է, որ արտաքին քաղաքականության ոլորտում ամեն ինչ նորմալ է, ներքին կյանքում էլ հանգիստ է, իսկ ԼՂ բանակցային գործընթացի վերջին զարգացումներին վերաբերող ներհայաստանյան մտահոգությունները համարում է անհիմն, այդ առթիվ հիշելով սուտլիկ հովիվի ու գայլերի մասին հեքիաթը:

– Երեւի «նորմալ» ասածը տարբեր կերպ ենք հասկանում, իսկ ինչ վերաբերում է նրա մեջբերած հեքիաթին, ապա լավ կլիներ, որ հիշեր, թե այն ինչպես է ավարտվում: Համենայնդեպս, հիշեցնեմ, որ վերջում գայլերն իսկապես գալիս են: Մնում է պարզել, թե այստեղ իրական սուտլիկ հովիվն ով է:

– Տեւական ժամանակ է, ինչ դուք պնդում եք, որ հայկական կողմերի համար ԼՂ հիմնախնդրի արդարացի եւ միջազգային հանրության համար ընդունելի ու հասկանալի լուծումը կապված է ադրբեջանահայ փախստականների հիմնախնդիրը Մինսկի խմբի բանակցային օրակարգում ներառելու հետ: 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ այս հարցը եղել է ձեր նախընտրական ծրագրի ամենաէական դրույթներից մեկը:

– Դա այդպես է: Մինչեւ վերջին ժամանակները միջնորդներն անտեսում էին հայ փախստականների խնդիրը, միտումնավոր լռության մատնում այն եւ այդ միջոցով լուծում մի շարք խնդիրներ: Այդ կերպ խախտվում էր ԼՂ հակամարտության իրական ժամանակագրությունը, այսինքն՝ անտեսվում էին 1988-ից մինչեւ 1992թ. սկիզբը տեղի ունեցած իրադարձությունները. Ադրբեջանի հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների, կես միլիոն հայերի բռնի տեղահանման, նախ՝ ԼՂԻՄ-ի, ապա՝ ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծման, ԼՂՀ տարածքի՝ ադրբեջանական բանակի կողմից օկուպացման, ՀՀ տարածքի ռմբահարությունների եւ գնդակոծությունների փաստերը: Շնորհիվ այս «փոքրիկ» խորամանկության, հնարավոր դարձավ այնպես ուղղորդել բանակցային գործընթացը, որ Ադրբեջանը միջազգային հանրությանը ներկայանա որպես տուժող կողմ, որն անմեղ ու խելոք իր տեղում նստած ենթարկվեց բիրտ եւ անգութ հայերի նենգ հարձակմանը, կորցրեց իր տարածքի քսան տոկոսը եւ ունեցավ մեկ միլիոն փախստական ու ներքին տեղաշարժի ենթարկված անձ: Անկախացումից ի վեր, ՀՀ բոլոր իշխանությունները համակերպվել են բանակցային գործընթացի այսօրինակ տրամաբանության հետ՝ քայլ առ քայլ թուլացնելով մեր բանակցային դիրքերը: Ադրբեջանահայ փախստականների հիմնախնդրի ներառումը բանակցային օրակարգում հնարավորություն է ընձեռում վերակագնել հակամարտության ճիշտ ժամանակագրությունը եւ չեզոքացնել Հայաստանին եւ Արցախին ուղղված հիմնազուրկ մեղադրանքները:

– Ձեր կարծիքով, ադրբեջանահայ փախստականների խնդիրն անտեսված է եղել ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունների կողմից:

– Ես գտնում եմ, որ այս խնդրում մեր իշխանությունների վարած քաղաքականությունը համահունչ է եղել համանախագահների կողմից առաջարկվող բանակցային տրամաբանությանը: ՀՀ պատկան մարմինները ամեն ինչ արել են, որ աշխարհին ցույց տան, թե գոյություն չունի կես միլիոն հայ փախստականների հարց: Ինչ հարց էլ կա, վերաբերում է նրանց սոցիալական խնդիրներին եւ ՀՀ հասարակության մեջ ինտեգրմանը: Ոչ մի խոսք հայերի՝ իրենց նախկին բնակավայրերը՝ Գետաշեն, Շահումյան կամ Չարդախլու վերադառնալու մասին: Մերոնք ասում էին՝ տեսեք, մենք փախստականների խնդիր չունենք, թող Ադրբեջանն էլ նման խնդիր չբարձրացնի: Ադրբեջանն էլ ասում էր՝ լավ է, որ դուք չունեք ու ինքներդ էլ այդ մասին պաշտոնապես հայտարարում եք, բայց մենք մեր փախստականների իրավունքների ու շահերի պաշտպանությանը տեր ենք: Միջազգային հանրությունն էլ ընդունում էր այդ մոտեցումը:

– Մոտ մեկ տարի առաջ դուք հայտարարեցիք, որ ձեր համախոհների հետ միասին պատրասել եք ԼՂ հարցում հայկական կողմերի շահերն ապահովող քաղաքական մի ծրագիր, որը պատրաստ եք առաջարկել գործող իշխանություններին: ՀՀ Նախագահի կողմից որեւէ արձագանք ստացե՞լ եք:

– Արձագանք չեմ ստացել: Մեր կողմից միամտություն կլիներ, եթե հույսներս դնեինք դրա վրա, բայց նաեւ վստահ էինք, որ մեր կողմից այդ առաջարկը պետք է արվեր, որպեսզի գործող իշխանությունը, ցանկության դեպքում կարողանար մասնակցել ծրագրի իրականացմանը: Մյուս կողմից էլ, այլեւս որեւէ մեկը թող չփորձի իր պարտվողականությունը արդարացնել այլընտրանքային ծրագրի բացակայությամբ: Մեր ծրագիրն արդեն իսկ իրագործվում է, եւ կարող եմ ասել, որ դրա առաջին փուլն արդեն իսկ ավարտված է:

– Ուզում եք ասել, որ այն հնարավոր է իրականացնել նաեւ առանց իշխանության աջակցության:

– Այո, պարզապես իշխանությունների ներգրավումը ծրագրի իրականացման գործում հնարավոր կդարձնի ավելի սեղմ ժամկետներում եւ նվազագույն կորուստներով հասնել արդյունքի: Այդ ծրագրի առաջին փուլը որպես արդյունք նախատեսում էր ադրբեջանահայ փախստականների հիմնախնդրի ներառում Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային օրակարգում: Հրապարակված Մադրիդյան սկզբունքները վկայում են, որ փախստականների հարցում համանախագահների ասիմետրիկ վերաբերմունքն արդեն անցյալում է՝ այսօր արդեն խոսվում է ոչ թե միայն ադրբեջանցի, այլ բոլոր փախստականների եւ ներքին տեղաշարժված անձանց իրավունքների ապահովման անհրաժեշտության մասին: Դրան հասնելու համար մեծածավալ աշխատանք է կատարվել «Փախստականները եւ միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցի կողմից՝ ուղիղ կապ է հաստատվել աշխարհով մեկ սփռված տասնյակ հազարավոր փախստականների հետ, ջանքեր են գործադրվել նաեւ մեզանում համապատասխան հասարակական կարծիք ձեւավորելու համար: Ծրագրի առաջին փուլի հիմնախնդրի լուծումն ապահովելու նպատակով էր, որ ես այս անգամ մասնակցեցի ՀՀ նախագահի ընտրություններին որպես թեկնածու՝ հրաժարական տալով պաշտոնից: ՀՀ-ում այսօր արդեն հայ փախստականների իրավունքների պաշտպանության մասին են խոսում թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության ներկայացուցիչները, ինչը դեռ խորանալու միտում է ունենալու: Այս հարցի կարեւորության վերաբերյալ մեզ հաջողվեց ձեւավորել հանրային կոնսենսուս: Այժմ մենք ծրագրի իրականացման երկրորդ փուլի նախաշեմին ենք, որի հիմնական առանցքն է լինելու փախստականների շահերի եւ իրավունքների պաշտպանությանն ու դրանց ապահովմանն ուղղված գործնական քայլերը: Այս համատեքստում շատ կարեւոր է, որ ՀՀ եւ ԼՂՀ քաղաքական տարբեր ուժերն ու գործիչները հստակ գիտակցեն՝ այս խնդիրը չի լուծվի զուտ բարի ցանկությունների ուժով, այն կարոտ է լուրջ մասնագիտական ու քաղաքական գործելակերպի, որը պետք է հիմնված լինի հարցի բոլոր նրբությունների գերազանց իմացության վրա: Ի դեպ, որոշ ադրբեջանցի վերլուծաբաններ՝ քննարկելով փախստականների հարցում մեր մոտեցումները, արդեն իսկ այն տեսակետն են հայտնում, որ գուցե ճիշտ կլինի, որ Ադրբեջանը դադարի արծարծել ադրբեջանցի փախստականների հարցը ԼՂ հակամարտության կարգավորման համատեքստում եւ խոսի միայն ներքին տեղաշարժի ենթարկված անձանց վերադարձի մասին, քանի որ այդ կերպ հնարավոր կլինի խուսափել հայ փախստականների խնդրի լուծման անհրաժեշտությունից՝ միաժամանակ չհրաժարվելով ԼՂՀ հանդեպ ունեցած տարածքային պահանջներից: Հիշեցնեմ, որ էթնիկ զտումների ենթարկված փախստականների խնդիրը մարդասիրական իրավունքի հարթության մեջ հիմք հանդիսացավ Ռուսաստանի համար 2008թ. ռուս-վրացական պատերազմի արդյունքում ճանաչելու Հարավային Օսիայի եւ Աբխազիայի պետական անկախությունը:

Ադրբեջանական «Մեծ վերադարձը» անիրագործելի է, քանի կա հայ փախստականների հարցը: Ազատագրված տարածքները ադրբեջանահայության սեփականությունն են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել