Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարտի 1»-ի պատասխանատուները կպատժվեն

Օգոստոս 05,2009 00:00

Երեկ Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող Փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամների կողմից հուլիսի 29-ին հրապարակված զեկույցին առնչվող հայտարարությամբ: Հիշեցնենք, որ թվով երրորդ այդ զեկույցը պարունակում է ոստիկանական զորքերի զինվոր Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքների փորձագիտական ուսումնասիրումը: Կոնգրեսի գնահատմամբ, այն պարունակում է անհերքելի փաստեր այն մասին, որ Տիգրան Աբգարյանը նախ՝ դաժանաբար ծեծվել է, իսկ հետո գնդակահարվել է ավտոմատ զենքի ընդհուպ կրակահերթով: «Հրապարակված փաստերը եւ մանրակրկիտ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հատուկ քննչական ծառայությունը դիտավորյալ կեղծել է իրեղեն ապացույցները եւ կոծկել իրողությունը՝ հիմնավորելու համար իշխանությունների կողմից հորինված այն վարկածը, թե, իբր, ցուցարարները մարտի 1-ին հրազեն են կիրառել, եւ նրանց հեռահար կրակոցից է զոհվել ոստիկանության զինվորը»,- արձանագրել է ՀԱԿ-ն ու փաստել, որ ըստ զեկույցում բերված, նաեւ մամուլում հրապարակված բազմաթիվ փաստերն ապացուցում են, որ իրականում Տ. Աբգարյանը գնդակահարվել է իր հրամանատարներից մեկի կողմից:

Կոնգրեսի համոզմամբ, Փաստահավաք խմբի առաջին զեկույցն ապացուցել է, որ քննությունը կեղծել է նաեւ կապիտան Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքները նույն նպատակով՝ ապացուցելու համար, որ նա, իբր, մահացել է ցուցարարների կողմից նետած նռնակի պայթյունի հետեւանքով, թեեւ զեկույցից պարզվում է, որ իրականում պայթել է նրա մոտ եղած նռնակը:

ՀԱԿ-ի դիտարկմամբ, այս կեղծիքները, ինչպես նաեւ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, թե՝ 8 զինվոր վիրավորվել է ցուցարարների կիրառած հրազենից, իշխանություններն օգտագործեցին մարտի 1-ին ցուցարարների նկատմամբ հրազենի գործադրման, նաեւ երկրում արտակարգ դրություն հայտարարելու եւ ժողովրդավարական ազատությունները սահմանափակելու նպատակով: «Առ այսօր որեւէ փաստ չի հրապարակվել հրազենից վիրավորված այդ առեղծվածային 8 զինվորների մասին»,- արձանագրել է Կոնգրեսը՝ փաստելով, որ «մարտի 1-ին տեղի է ունեցել սառնասրտորեն հաշվարկված դիտավորյալ սպանդ, որը կազմակերպվել է իշխող վարչախմբի կողմից եւ հետապնդել է մեկ նպատակ. սեփական ժողովրդի մեջ վախի մթնոլորտի արմատավորմամբ եւ ժողովրդավարական ազատությունների սահմանափակմամբ պահպանել իշխանութունը, որի օրինականությունը վիճարկվում էր համաժողովրդական բողոքների միջոցով»:

ՀԱԿ-ը միաժամանակ հայտարարել է, որ Հայաստանում օրինական իշխանության պայմաններում դատական կարգով պատասխան են տալու ինչպես հանցավոր ու ապօրինի հրամաններ տվողները, այնպես էլ դրանց կատարողներն ու իրական փաստերը կեղծողները։ Իսկ Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը երեկ հավաստիացրել է նաեւ, թե ՀԱԿ-ը շարունակելու է ներկայացնել մարտի 1-ին իշխանության գործած հանցանքների անհերքելի ապացույցներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել