Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, քննելով «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով» վարչական հանձնաժողովին ուղղված՝ դատապարտյալ Արման Բաբաջանյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը, այն բավարարելու որոշում է կայացրել: Երեկ, ի վերջո, Արման Բաբաջանյանն ազատ է արձակվել: Նրա հարազատները, ընկերներն ու գործընկերները, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդներից մի քանիսը, Կոնգրեսի երիտ. թեւի ներկայացուցիչները, նաեւ ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանն ու Արմեն Մարտիրոսյանը ժ. 15-ից հավաքվել էին ՔԿՀ-ի մուտքի մոտ՝ Բաբաջանյանին դիմավորելու համար: Բաբաջանյանը ՔԿՀ-ից դուրս եկավ պատգամավորների ուղեկցությամբ: Նա ակնհայտորեն վատառողջ էր, դժվարանում էր ինքնուրույն քայլել: Լրագրողների համար հայտարարություններ նա չուներ, խնդրեց միայն աղոթել իր առողջության համար: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ երեկ բանտից ազատ արձակված Բաբաջանյանին այցելել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա հետաքրքրվել է Արման Բաբաջանյանի առողջությամբ եւ նրա առաջիկա ծրագրերով, մաղթել է արագ ապաքինում եւ հաջողություն իր ապագա գործունեության մեջ: