«Չեմ էլ հիշում, թե վերջին անգամ երբ են մտավորականները քննարկել գրականության, լեզվի աղավաղման խնդիրները կամ վերլուծել գրական միջավայրում առաջացած քաոսը»,- երեկ «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց բանաստեղծ Հակոբ Մովսեսը: Նրա համոզմամբ, վերջին չորս տարիների ընթացքում ժամանակակից արվեստագետների ստեղծագործությունների թեման միայն պոռնոգրաֆիան է կամ ռաբիսը, բայց հայ արվեստասերը նաեւ լուրջ գործեր է ուզում լսել ու կարդալ: «Եկեք մեղավորներ չփնտրենք, ես եմ ռաբիսն ու պոռնոգրաֆիան տարածում, եթե ես եւ դու հանդուրժում ենք ու լռում՝ ուրեմն մենք ենք տարածում»,- ասաց Հ. Մովսեսը: Գրականագետ Ավիկ Իսահակյանի խոսքով էլ, ինքը հայ ժամանակակից արվեստագետների գործերը համեմատել է եվրոպականի հետ ու համոզվել, որ մերը դեռեւս դասական բարձրության վրա է: «Ես հպարտացա մերոնցով: Կա իսկական քանդակագործություն, գեղարվեստ, իսկ այն, ինչ տեսա արտերկրում՝ իսկական արվեստի վախճան էր»,- խոստովանում է Ավ. Իսահակյանը: Հ. Մովսեսը անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, ասաց, որ իր դիրքորոշումը հոռետեսական է. «Երկու պետությունների միջեւ դրական դաշտ առայժմ գոյություն չունի. ոչ մենք, ոչ էլ թուրքերը, բացի մի քանի արտաքին զգայացունց տպավորություն թողնող իրավիճակներից, այն կողմ չենք անցել»: Նրա համոզմամբ, երկու երկրներն էլ չունեն պետական մտածողություն. «Հայ-թուրքական սահմանի բացումը ապրանք է, իսկ մենք չգիտենք, թե այդ ապրանքը մե՞զ են առաջարկում, թե՞ մենք ենք առաջարկում, ի՞նչ արժե այդ ապրանքը կամ ինչքանո՞վ ենք գնելու…… շատ մտավորականներ էլ կարծում են՝ այդ սահմանի բացումը ազատականության խորհրդանիշ է»: Հ. Մովսեսի համար չափազանց նողկալի ու անընդունելի էր 60-ականների մտավորականների մտայնությունը՝ «կանգնենք Մասիսի գագաթին, թքենք թուրքի ճակատին» եւ նույնքան նողկալի է ժամանակակից մտածողությունը՝ «կանգնենք Մասիսի գագաթին, պաչենք թուրքի ճակատը»: Հայ-թուրքական հարաբերությունները լավացնելու եզրեր գտնելու համար, նրա կարծիքով, չի կարելի անտեսել հայ-թուրքական դարավոր պատմության վերլուծությունը, այդ հզոր պետության հետ խռով մնալը: «Եթե ֆուտբոլային դիվանագիտության նախօրեին սահմանը բացվի, միեւնույն է, ես մեր շփումը համարելու եմ չկայացած, շփումները լինում են ոչ թե սահմաններ բացելով, այլ բարոյական, էթիկական հարցերի ֆոնի վրա, որոնք մենք դեռ չենք լուծել»,- ասաց Հ. Մովսեսը: Ըստ Ավ. Իսահակյանի էլ, երկու ժողովուրդները չեն կարող հավերժ թշնամության մեջ ապրել, պետք է լինի պետական համարձակություն, որը կամուրջներ կկառուցի երկու երկրների միջեւ. դժվարը առաջին քայլն է եւ երկու երկրների ղեկավարներից մեկը պետք է իր վրա վերցնի այդ պատասխանատվությունը: