Լրահոս
Օրվա լրահոսը

«Գիտեմ ճանապարհի անհարթությունները»

Օգոստոս 04,2009 00:00

Նարեկ Ավետիսյանը հույսը չի դնում իր զարմուհու՝ «Մարդասպան թագուհու» փողերի վրա:

Հայաստանյան շոու-բիզնեսը շարունակում է իրեն ձգել շատուշատ երիտասարդների: Երեւանի պետական համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Նարեկ Ավետիսյանը եւս ընտրել է երգչի կարիերան եւ ուզում է մրցասպարեզ մտնել: Նրա հետ ծանոթանալու առիթ ընձեռեց Նարեկի զարմուհին՝ այս օրերին հայրենիքում գտնվող, պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBA եւ WIBA վարկածներով աշխարհի չեմպիոն, «Մարդասպան թագուհի» Սյուզի Կենտիկյանը:

Ն. Ավետիսյանի հետ հանդիպման առաջին իսկ պահին մեզ մոտ հարց առաջացավ՝ արդյո՞ք երիտասարդն ուզում է կայանալ իր նշանավոր զարմուհու փողերով ու աջակցությամբ: Մեր զրուցակցի պատասխանից պարզվեց, որ գործ ունենք նպատակասլաց մի անձնավորության հետ, որը, ի տարբերություն հիշյալ ոլորտն ընտրած մեծաթիվ «թեթեւսոլիկների», ասպարեզ է գալիս հիմնավոր պատրաստվածությամբ, համալսարանական կրթությունը զուգահեռելով երգարվեստի տքնաջան աշխատանքին: Նա իր նպատակին հասնելու համար տեւական ժամանակ վոկալի դասեր է առնում ճանաչված երգիչ, մանկավարժ Հովհաննես Նազարյանից: Ունենալով Հայաստանում դեֆիցիտ երգչական տենոր ձայն, Նարեկը պատրաստվում է իր առաջին ձայնագրությանը, որին կհաջորդի երգի տեսահոլովակը: Իսկ թե ինչո՞ւ է նախընտրում էստրադան, նա ասաց. «Եթե ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես ծրագրել եմ, այսինքն՝ հետագայում ուսում առնել կոնսերվատորիայում…… հետո էլ պարզվի, որ ձայնս անհրաժեշտ է օպերային թատրոնին, առանց վարանելու կընտրեմ օպերային արվեստը: Իսկ առայժմ ինձ հրապուրում է, այսպես կոչված, թեթեւ ժանրը»:

Հարցին էլ՝ գուցե, այնուամենայնիվ, հրապուրված է զարմուհու փառքո՞վ, անընդմեջ TV-ներով երեւալով, ինչն էլ իրեն մղում է դեպի շոու-բիզնես, երիտասարդը միանգամայն լուրջ հայտնեց հետեւյալը. «Քրոջս օրինակով գիտեմ փառք տանող ճանապարհի անհարթությունները…… Այո, ձգտում եմ երեւալ նաեւ եթերում, ինչն ինձ համար ինքնափորձարկում է, միջոց՝ արտահայտվելու, նաեւ այսպես ցույց տալու ժողովրդական ու դասական գոհարների եւ թեթեւ ժանրի համադրությունը: Հեծանիվ հայտնագործողի պես չեմ խոսում, պարզապես ցանկություն ունեմ արվեստի ճանապարհը հարթել սեփական աշխատանքով, հույսս դնելով միայն ու միայն երգչական կարողություններիս վրա: Իսկ եթե առաջին տեսահոլովակից հետո գտնվեն հովանավորներ, միայն ուրախ կլինեմ, քանի որ ցանկացած ստեղծագործական աշխատանք հնարավոր չէ առանց աջակցության»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել