Որոշել է հոլանդուհի Աննա Մատտարը
Հոլանդուհի Աննա Մատտարը արդեն երեք տարի հայ գրականություն է թարգմանում իր մայրենի լեզվով. Նաիրի Զարյան, Ալեքսանդր Թոփչյան, Հովհաննես Երանյան…… Վահե Արսենի «Կանաչ աստվածների վերադարձը» բանաստեղծությունների ժողովածուն էլ հոլանդանցի ընթերցողին կհասնի մինչեւ տարեվերջ: Աննան ասում է, որ ավելի շատ իսպաներենից է թարգմանություններ արել, իրեն ծանոթ հայ գրականությունն էլ նմանեցնում է Հարավային Ամերիկայի ժողովուրդների գրականությանը: Թարգմանիչը նշեց, որ հայերենի իր առաջին ուսուցիչը ամուսինն է եղել՝ Արմեն Մարտիրոսյանը: Նա խոստովանեց, որ սկզբում շատ է դժվարացել մեր լեզուն սովորելիս, եղել են պահեր, որ մտածել է, թե անհնար կլինի հայերենին կատարելապես տիրապետել: Հիմա էլ երազում է, որ գա մի օր, եւ հայերենի իր իմացությունը բավարար լինի Նարեկացի թարգմանելու համար:
Ա. Մատտարն ասաց, որ անցյալ տարի եղել է Հայաստանի գրողների միությունում ու քարտուղար Հովհաննես Գրիգորյանի միջոցով ծանոթացել գրողներից մի քանիսի հետ: Ինչ վերաբերում է իր ընտրած հայ հեղինակներին ու նրանց ստեղծագործությունների թարգմանությանը, մեր զրուցակցի խոսքով. «Սկզբում գրքերն ուղղակի կարդում եմ եւ փորձում դրանց նայել հոլանդացու հայացքով, մտածում եմ՝ հատկապես ինչը կհետաքրքրի իմ ընթերցողին: Այն, ինչը շատ հայկական է, հոլանդացին հաստատ չի ընկալի: Օրինակ, իմ կարծիքով, հայ հեղինակներից Հովհաննես Երանյանը խոսում է համամարդկային արժեքներից, որոնք ամենուր էլ կհասկանան»: Աննան նաեւ հավելեց. «Շատ եմ ուզում հետագայում Սեւակ եւ Չարենց թարգմանել, բայց պիտի ճիշտ բանաստեղծություններ ընտրեմ, այնպիսիները, որոնք հետաքրքիր լինեն հոլանդացիների համար»:
Աննայից պարզեցինք, որ ամեն տարի ընտանիքով այցելում են Հայաստան, 4 զավակները (Ալեխոն, Մաթիասը, Մարիամը եւ Ալիսիան) տիրապետում են հայերենին, հատկապես տղաները հայաստանցի իրենց հասակակիցների հետ շփումներում լեզվական խնդիր չեն ունենում: Հոլանդուհին հիացած է Հայաստանով, դժգոհ է միայն խանութների սպասարկման կուլտուրայից. «Երբ այստեղ խանութ ենք մտնում, բարի լույս չկա, չեն հարցնում՝ ի՞նչ եք փնտրում…… Հոլանդիայում այլ կերպ են վերաբերվում հաճախորդին»: Այս անգամ Աննան իր ընտանիքով վայելել է Հաղպատի, Սանահինի, Նորավանքի ու Սեւանի գեղեցկությունը: Ասում է՝ անցյալ տարի հոկտեմբերին էլ Հաղարծինում եղանք, աշուն էր, գույները շատ սիրուն էին:
Մեր զրուցակիցը այցելել է երեւանյան հատուկենտ գրախանութներ, հետաքրքրվել, թե ի՞նչ նոր գրողներ կան, ասում է՝ չեն կարողացել օգնել. «Հոլանդիայում հրատարակիչները նոր գրողների ու նոր գրքերի մասին տեղեկացնում են ինտերնետում, հեռուստագովազդում եւ թերթերում: Հայաստանում հեղինակների հետ ծանոթանում եմ որեւէ մեկի միջոցով: Ինտերնետում փնտրեցի ու անհրաժեշտ ինֆորմացիա այդպես էլ չգտա»:
Աննան, զուգահեռներ տանելով հայկական եւ հոլանդական գրական իրականությունների միջեւ, փաստեց, որ թեեւ Հոլանդիայում էլ գրողները պետական մրցանակներ են ստանում, սակայն, ի տարբերություն Հայաստանի, այնտեղ մրցութային հանձնաժողովի կազմն անընդհատ փոխվում է. «Չի կարող այնպես լինել, որ իրենց մտերիմներին մրցանակներ տան, որովհետեւ ամեն տարի նոր մարդիկ են ընտրում մրցանակակրին»: Հետաքրքրվեցինք՝ վերջին շրջանում իրենց երկրում ի՞նչ թեմաներն են արդիական: Աննան պատմեց, որ Հոլանդիայում սկսել են ավելի շատ գեղարվեստական գրականություն կարդալ. «Մի քանի պատճառ կա. գուցե համակարգչից են հոգնել, գուցե տնտեսական ճգնաժամի պատճառով այդքան շատ դուրս չեն գալիս տնից եւ ստիպված գիրք են կարդում…… Ինչ վերաբերում է թեմաներին, օրինակ՝ 60-70-ականներին, բոլորը միայն սեքսի մասին էին գրում, որովհետեւ շատ էր վաճառվում, հիմա դա սպառված թեմա է: Այժմ մարդկային հարաբերությունների մասին ու ֆանտաստիկայի ժանրով գործերն ընթերցող ունեն»: