Այս տարվա առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, Տավուշի մարզում ավելացել է հանցագործությունների թիվը: 2008-ի առաջին վեց ամիսներին մարզում գրանցվել է հանցագործությունների 126 դեպք, իսկ 2009-ի առաջին կիսամյակում՝ 247: Հանցագործությունների թիվն աճել է Տավուշի ոստիկանության բոլոր՝ 5 բաժինների կողմից սպասարկվող տարածքներում: Տավուշի մարզային վարչության պետի կադրերի գծով տեղակալ Սամվել Ավետիսյանի վկայությամբ՝ 2008-ի համեմատությամբ, աճել է նաեւ հանցագործությունների բացահայտումը՝ կազմելով 91 տոկոս: 2009թ. առաջին կիսամյակում գրանցվել է ապօրինի զենք-զինամթերքի պահպանման՝ 16, սահմանամերձ գյուղերում անասնագողությունների՝ 5 դեպք: Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել է հետախուզվող 33 անձ, որից 16-ը ժամկետային զինվորական ծառայությունից խուսափող է: Նույն շրջանում անչափահասների կողմից կատարվել է 32 օրինախախտում, հիմնականում՝ գողություններ: Առաջին կիսամյակում 70 ապօրինի անտառահատում է գրանցվել, որի համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 44 անձ: Ապօրինի անտառահատումների պատճառած վնասը կազմում է 20,870 միլիոն դրամ: Այդ վնասից ավելի քան 2 միլիոն դրամը վերականգնվել է: