«Դա անհեթեթություն է, հակահայկական հիստերիա»,- երեկ անդրադառնալով իտալական «Կուրիեր դելա Սեռա» (Corriere della Sera) պարբերականի օրերս տարածած այն տեղեկատվությանը, որ Թեհրան-Երեւան կործանված ինքնաթիռում եղել է «Հզբոլահ» ահաբեկչական կազմակերպությանը պատկանող զենք-զինամթերք, ասաց քաղավիացիայի գլխավոր վարչության թռիչքային անվտանգության ապահովման պետ Սերոբ Կարապետյանը:
Նշենք, որ, ըստ իտալական թերթի, զենք-զինամթերք ուղարկողը եղել են Իսլամական հեղափոխության պահապանները: Թերթի աղբյուրների փոխանցմամբ, զենքը պետք է Հայաստանից հասներ Թուրքիա, այնտեղից էլ Սիրիայի միջոցով՝ Հարավային Լիբանան:
Սերոբ Կարապետյանը համոզված է, որ մարդատար օդանավով Հայաստանի տարածքով զենք տեղափոխելն անհնար է. «Իրանի հետ Հայաստանի մտերմությունը իրենց դուր չի գալիս, ուզում են բիծ քաշել դրա վրա»:
Ս. Կարապետյանի խոսքերով, ինքնաթիռի վթարի պատճառ է դարձել շարժիչի խափանումը, այլ ոչ թե պայթյունը. «Պայթյունն ու շարժիչի խափանումը, ճիշտն ասած, իրարից հեռու են: Եթե պայթյուն լիներ, կլիներ օդանավի ներսում, իսկ շարժիչը գտնվում է օդանավի պոչի հատվածում, կորպուսից դուրս: Միջպետական ավիացիոն կոմիտեի մասնագետների եւ մեր մասնագետների հիմնական վարկածն այն է, որ շարժիչն այրվել է, իսկ դա էլ առաջացել է շարժիչի խափանման հետեւանքով: Այդ շարժիչի մեկ բեկորը պոկվել է եւ վնասել օդանավի մյուս համակարգերին»: