Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սթափվե՛ք, պարոններ

Օգոստոս 04,2009 00:00

Խեղճ աղքատի տանը չկա անգամ թան ու փոշի, Տերերը կուզեն նրա գլխին կապեն մետաքսե փուչի։

(ժողովրդական առած)

\"\"Շատ է խոսվում, որ այս չարաբաստիկ ճգնաժամին դիմակայելու համար աշխարհի հզոր եւ հարուստ երկրների ղեկավարները գոտիները ձգել են եւ անցել անձնական ծախսերի խիստ սահմանափակ ռեժիմի։ Նույնիսկ, երբ իրար գլուխ են հավաքվում, այլեւս ճոխ բանկետներ չեն սարքում, մի կերպ յոլա են գնում սովորական էժանագին սուպերով ու բուտերբրոդներով։ Նույնիսկ Օբամայի տիկինը Սպիտակ տան բակում մի փոքր բանջարանոց է մշակում՝ իր ընտանիքի կարիքները թեթեւացնելու համար։

Իսկ մենք… Դե, իհարկե, մեր մենտալիտետն ուրիշ է։ Չնայած մենք ձեռքներս պարզած՝ սրանից-նրանից պարտքով փող ենք մուրում, բայց կարիք չունենք գոտիներ ձգելու, աշխարհիկ հաճույքներից մեզ զրկելու, նույնիսկ բազեներ թռցնելը ժամանակավորապես հետաձգելու, ընդհակառակը, աշխարհը թող իմանա, որ մենք ոչ միայն շախմատում ենք առաջինը, այլեւ՝ գիտության մեջ։ Եվ թող իմանան, որ մենք նաեւ շատ հարուստ ենք, հարուստ, որ կարող ենք դոլարի մեջ լողացնել աշխարհի ամենանշանավոր գիտնականներին։ Եվ վերջապես. թող իմանան, որ մենք էլ ունենք մեր Նոբելյան մրցանակը, միայն այն ոչ թե Նոբելյան է կոչվելու, այլ աշխարհահռչակ մեր մեծ գիտնականի՝

Վիկտոր Համբարձումյանի անունով։ Այո, Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակ, որ այսուհետեւ ամեն տարի կտրվի աստղագիտության ոլորտում աչքի ընկած գիտնականներին, իսկ մրցանակը մի «չնչին» գումար է, ԸՆԴԱՄԵՆԸ ԿԵՍ ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ, համարյա Նոբելյան մրցանակի չափ։ Հիմա կմտածեք, որ մեծացել եմ եւ խելքս թռցրել։ Ճիշտն ասած, երբ այդ «լուրը» իմացա, կարծեցի, թե իրոք գժվել եմ։ Հաջորդ օրը զանգեցի հեռուստադիտողների կողմից շատ հարգված այն անզուգական հեռուստատեսային քաղաքական մեկնաբանին, որի շուրթերից լսվեց այդ «բոթը»։ Պարզվեց, որ ոչ թե ես էի գժվել, այլ այդ մրցանակը ստեղծողները։ Դա ինձ ավելի տխրեցրեց։ Երանի թե ես լինեի մեղսունակը, ոչ թե ակադեմիայի պրեզիդենտը եւ ինչ-որ իշխանավորներ (մեղա քեզ, տեր Աստված)։ Լավ՝ մեկը չկա՞, որ հարցնի, այդ ի՞նչ եք անում, պարոնայք, դուք ձեզ ծաղրո՞ւմ եք։ Ակադեմիայի մեր հարգելի պրեզիդենտին հարցնի. դու տեղյա՞կ ես, որ քո գիտնականները մի խանութի հավաքարարից էլ պակաս աշխատավարձ են ստանում։ Եթե ամեն տարի կես միլիոն դոլար ունես, լավ չի՞ լինի այն ծախսես քո գիտնականների նյութականի եւ մերկ լաբորատորիաների սարքավորումների վրա։ Թե՞ գտնում ես բավարար ինչ-որ մի օլիգարխի ամսական մի քանի դրամ ողորմածը երբեմնի աշխարհահռչակ քո գիտնականների համար։

Մի-երկու խոսք էլ մեր իշխանավորներին, որոնք այս քսան տարում երկու բառ են սերտել՝ «փող չկա»։ Սեփական ժողովրդի կյանքի եւ գոյատեւման կարիքների համար փող չկա, իսկ անհայտ գիտնականներին մի քանի տարում միլիոնավոր դոլարներ նվիրելու համար՝ փող կա, հեռավոր ու աղքատ Զանգեզուրում թեկուզ բարերարների միջոցներով, իր երկարությամբ աշխարհում առաջինը, ճոպանուղի կառուցելու համար փող կա (դարձյալ առաջինը լինելու մոլուցքը)։ Այո, փող չկա, որ գյուղացիների համար հակակարկտային կայաններ ստեղծեն (այդ կես միլիոնի կեսով ամբողջ Հայաստանը կարելի է պատել հակակարկտային կայաններով եւ հազարավոր գյուղացիների ընդմիշտ փրկել տարերային աղետներից, լաց ու կոծից եւ ընտանիքի սովահարությունից)։ Այդ միլիոնների կեսով եւ շատ ու շատ խնայած գումարներով քանի անջուր գյուղ ջրով կբավարարվի, քանի երեխա դպրոց կհաճախի, որ չի կարողանում անել շոր չունենալու պատճառով։ Երկրաշարժից տուժածների քանի՜ ընտանիքների բնակարանով կբավարարի, այս օրերին ջրհեղեղից ու փոթորկից տուժած քանի՜ ընտանիքի ոտի կկանգնեցնի, էլ չեմ խոսում հազարավոր գործազուրկների մասին, որոնք այսօր ոչ մեկին պետք չեն՝ ոչ իշխանություններին, ոչ գործարարներին եւ ոչ էլ սեփական ընտանիքին։

Ամեն մի խնայած լումա ոսկու գին ունի։ Ե՞րբ պետք է մենք առաջնայինը տարբերենք երկրորդականից, ե՞րբ պետք է մենք այդ ամենը հասկանանք եւ ոտքներս վերմակի չափով մեկնենք։ Սթափվե՛ք, պարոններ եւ աշխարհին մի ծիծաղեցրեք մեզ վրա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել