Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՋՈՒՐ ԵՄ ԾԱԽՈՒՄ, ՍԱՌԸ ՋՈՒՐ»

Օգոստոս 04,2009 00:00

Արարատի մարզի մի շարք գյուղերում խմելու ջրի քանակի, որակի եւ գնի հարցը կախված է գյուղապետից

Արարատի մարզի Արմաշ, Սուրենավան, Երասխավան գյուղերում խմելու եւ ոռոգման ջրի բացակայությունն է գյուղացիների արտագաղթի հիմնական պատճառը: Բնակիչների խոսքերով՝ նշված վայրերում երիտասարդների համար աշխատանք, ժամանցի վայրեր չկան. տղաները չափահաս դառնալուն պես թողնում են գյուղը, հիմնականում մեկնում են Ամերիկա, Ռուսաստան, իսկ եթե հեռանալ չի հաջողվում՝ ստիպված հարեւան գյուղերի մեծահարուստների համար բանվորություն են անում: Ջրի մեքենային սպասող Արմաշի 42-ամյա բնակչուհի Մարինեն բողոքեց. «4 երեխա ունեմ, ամբողջ օրը կամ տանն են, կամ փողոցում, կամ էլ դաշտ են գնում՝ հանգստանալու: Մշակույթի կենտրոն ունենք, բայց ոչ մի միջոցառում չի լինում: Ո՛չ երգիչ է գալիս, ո՛չ պարի խումբ, օր ենք մթնացնում»: Մյուս գյուղերից Արմաշն ու Սուրենավանը տարբերվում են բնակլիմայական պայմաններով, բերքն այստեղ համեմատաբար շուտ է հասունանում, եւ գյուղացիներն իրենց ապրանքը կարողանում են քիչ թե շատ բարձր գնով վաճառել: Հետաքրքրվեցինք՝ այս տարի ստացած բերքը կարողացե՞լ են սպառել: Պարզվեց՝ գյուղացիների հույսը միայն վրացի առեւտրականներն են, եթե նրանք չլինեին, ստիպված պետք է ջրի գնով հանձնեին տեղական գործարաններին կամ էլ, ովքեր մեքենա ունեն՝ հասցնեն Երեւանի կամ այլ շուկաներ: Այս տարի Արմաշի բնակիչները ծիրանի բերքի մեծ մասը 1 կգ-ն 300 դրամով հանձնել են վրացիներին, իսկ մնացածն էլ շուկայում են էժան գներով վաճառել: Հավաքված արմաշցիները առիթը բաց չթողեցին՝ լուտանքներ թափելու իշխանությունների գլխին, բողոքում էին, թե գյուղացին բերքն արտադրում է, տանում շուկա, բայց պատահում է, որ չեն թողնում ապրանքը շուկա մտցնեն, արդյունքում վերավաճառողն ավելի շատ է օգտվում, քան գյուղացին:

Բնակիչների ներկայացմամբ՝ Արմաշը տափաստանային գոտի է, քարի մեջ են սերմ գցում, եւ ջուրն այնքան էժան պետք է լինի, որ բերքը գոնե մի քանի անգամ ջրվի: Սակայն ոռոգման ջուրը ոչ միայն թանկ է, այլեւ դժվար կամ նույնիսկ անհասանելի, իսկ անձրեւ հազվադեպ է տեղում: Հավաքվածներից մեկն ասաց. «Այս տարի է, որ Աստծո աչքը քաղցրացել է, անձրեւ է ուղարկում: Խաղողի կես հեկտարը ջրելու համար 11300 դրամ է պահանջվում: Այսինքն, տարեկան միայն 100000 դրամ ջրի փող եմ տալիս: Իսկ պարարտանյութն էլ կրկնակի թանկացել է, փող չի եղել, չեմ պարարտացրել»: Արմաշում գրեթե բոլոր տնամերձ հողատարածքներն անմշակ էին, ոռոգման ջուր չկա, իսկ ծառերն էլ որպես «դեկորացիա» են պահում, բերք չեն տալիս: Գյուղացիներից շատերը ոռոգման ջուր չունենալու պատճառով չեն մշակել նաեւ խաղողի այգիները, բայց տարեկան 3000 դրամ հողի հարկ են վճարում:

10 տարուց ավելի է, ինչ խմելու ջուրն Արմաշում գնում են: Օրական 150-200 դրամ միայն ջրին են տալիս: Ջուր վաճառող 3 մեքենա է գալիս Արմաշ: 10 լիտր ջուրն արժե 40 դրամ: Գյուղացիները հիշեցին՝ 2007 թվականին 20 դրամ էր, հետո դարձավ 25, 30: Բնակիչների ներկայացմամբ՝ աղբյուրի ջուր օրական 1 ժամ ունենում են, որի համար վճարում են 1000-2000 դրամ, սակայն ջուրը հակասանիտարական է. «Որդեր, բլոճներ, ինչ ասես մեջը չկա, խողովակները ջարդում են, անասուններին ջրում, էդ անասունի կեղտն էլ է ջրի հետ գալիս: Ինչ հիշում եմ՝ այս վիճակն է: Բայց խորհրդային ժամանակներում ե՛ւ ոռոգման, ե՛ւ խմելու ջուր եղել է: Հիմա խողովակները հնացել-փտել են, 100 անգամ ասացին՝ ինչ-որ ծրագիր կա, բայց ո՞ւր է՝ վերջը չի երեւում: Խնդրով միշտ էլ դիմել ենք գյուղապետին, բայց արդյունք դեռ չկա»,- սրտնեղեց Արմաշի միջնակարգ դպրոցի կազմակերպիչ, ծնունդով լոռեցի Ջուլիետա Բարսեղյանը: Սակայն հակասանիտարական ջուրն էլ գյուղացիներից շատերի համար երազանք է, որովհետեւ վերջիններս ստիպված են դույլով ջուր գնել, որ անասունները ծարավից չսատկեն, հետո էլ երեխաներին «մաքուր» շորերով դպրոց ուղարկեն:

4 անչափահաս երեխա ունեցող 32-ամյա Ալիսան ասաց. «Ջուր ծախողների համար սա բիզնես է, մենք էլ՝ դե, նեղն ենք, սովորել ենք էդ ջրին, ստիպված առնում ենք: Ամսվա մեջ 3000-4000 դրամի ջուր ենք գնում: Բայց ծախողներն էլ բարի մարդիկ են, ենթադրենք՝ հիմա փող չկա, կարող ենք նիսյայով վերցնել, թոշակը ստանալիս պարտքը միանգամից մարել»:

«Առավոտը» եղավ նաեւ Սուրենավան գյուղում: Այստեղ էլ ջրի բիզնեսը ծաղկում է 1991 թվականից սկսած: Սակայն, ի տարբերություն Արմաշի, Սուրենավանում 1 դույլ ջուրն արժե 20 դրամ, գյուղացիները դա բացատրեցին այսպես՝մեր գյուղապետը լավն է, դրա համար էլ էժան է, մեկ մեքենա է, երկրորդն իրավունք չունի գա, ջրի բիզնեսով զբաղվի, չեն թողնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել