Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ապրում են կեղտաջրերի մեջ

Օգոստոս 04,2009 00:00

Արդեն 4 տարի է, ինչ Գայի պողոտայի 3-րդ շենքի 29, 30 եւ 31 բնակարանների բնակիչները դժգոհություններով դիմում են իրենց՝ Նոր Նորքի թաղապետարան, իրենց խնդիրներով զբաղվող «Զառ» համատիրություն, սակայն՝ ապարդյուն, խնդիրն այդպես էլ չի լուծվում: Բանն այն է, որ նույն շենքի թիվ 33 բնակարանից անընդհատ ջուր է հոսում ներքեւի հարկի միջանցք, ինչի հետեւանքով էլ բնակարանները խոնավանում են, իսկ միջանցքում այնպիսի հակահիգիենիկ վիճակ է առաջացել, որ առնետներն են արդեն բույն դրել:

«Այդտեղով հոսում են սառը կեղտաջրեր: Բացի այն, որ միջանցքից ահավոր հոտ է գալիս, այդ ջրերը քայքայում են մեր պատերը: Արդեն մեծ անցքեր են առաջացել պատերի վրա: Ամենահետաքրքիրն այն է, որ ոչ մի գերատեսչություն չի ցանկանում մեզ օգնել, չնայած բազմիցս դիմել ենք օգնության խնդրանքով»,- պատմում էին տուժած բնակիչները: Բազմաթիվ դժգոհություններին Նոր Նորքի թաղապետարանի եւ «Զառ» համատիրության աշխատակիցները պարբերաբար այցելել են Գայի պողոտայի 3-րդ շենք: Բնակիչների հետ զրույցում խոստացել են, որ այդ հարցն անպայման կլուծեն, սակայն խոստումները մնացել են օդի մեջ: Խնդիրը արագ լուծելու համար բնակիչները համատիրությանն ու թաղապետարանին առաջարկել են հանձնաժողով ստեղծել, որում ընդգրկված կլինեն նաեւ շենքի մի քանի բնակիչներ: Սակայն համատիրությունն ու Նոր Նորքի թաղապետարանն անտեսել են բնակիչների առաջարակը:

Այս առնչությամբ երեկ Նոր Նորքի թաղապետարանից «Առավոտին» պարզաբանում տալու փոխարեն, կոպիտ ասած, խնդիրն իրենցից ցրելով, մեզ տրամադրեցին մեկ այլ հեռախոսահամար, որը ողջ օրվա ընթացքում չէր պատասխանում: Վերոհիշյալ հասցեի խնդիրներով զբաղվող «Զառ» համատիրության հետ էլ երեկ չհաջողվեց կապվել, ընդ որում՝ թաղապետարանի ենթակայության տակ գտնվող այս կառույցի հեռախոսահամարը թաղապետարանն էլ չուներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել