Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մասնավորին պետք է շահագրգռել

Օգոստոս 04,2009 00:00

«Ջերմուկը հնարավորություն ունի դառնալու ոչ միայն զբոսաշրջության կենտրոն, այլ նաեւ տարածաշրջանային նշանակության առողջարան: Սակայն նախագծի հաջող իրականացման համար անհրաժեշտ է տեղական ինքնակառավարման մարմինների եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչների պատասխանատվության լուրջ զգացողությունը, ինչպես նաեւ կառավարության ուշադրությունը»,- երեկ նման կարծիք է հայտնել USAID/CAPS «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» ծրագրի փոխտնօրեն Արտակ Ղազարյանը: Նրա խոսքերով՝ Ջերմուկի զարգացման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է մասնավոր հատվածի լուրջ շահագրգռությունն ու ներգրավումը: Նշենք, որ ՀՀ կառավարությունը դեռ նախորդ տարի է հաստատել Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագիրը, ըստ որի՝ նախատեսվում է մինչեւ 2012 թվականը զբոսաշրջիկների թիվը հասցնել տարեկան 100 հազարի: Ներկայումս քաղաքն ընդունում է տարեկան շուրջ 5 հազար զբոսաշրջիկ: Զբոսաշրջիկների այցելությունից քաղաքի տարեկան եկամուտը մինչեւ 2012 թվականը նախատեսվում է հասցնել 100 մլն դոլարի, ինչպես նաեւ կառավարությունն այդ ծրագրով նախատեսում է, որ կստեղծվի շուրջ 4 հազար նոր աշխատատեղ:

«Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» ծրագրի փոխտնօրեն Արտակ Ղազարյանի խոսքերով՝ «Անձամբ ես չեմ կարծում, թե առաջիկա երեք տարիներին եկամտի նման մակարդակ կհաջողվի ապահովել, սակայն երկարաժամկետ կտրվածքով այդ նպատակը միանգամայն իրականանալի է»: Նշենք, որ այդ ծրագրի մշակմանը մասնակցել է նաեւ USAID/CAPS-ը:

Ըստ Ա. Ղազարյանի, Հայաստանում շատ կան տարածքներ, որոնք կարելի է զբոսաշրջային գոտիներ հայտարարել: Ա. Ղազարյանի կարծիքով, զբոսաշրջության համար հարմար գոտիներ են, օրինակ՝ Վայոց ձորը, Սյունիքն ու Լոռին. «Պետք է ուշադրություն դարձնել այն բանի վրա, որ այլ երկրների օրենսդրությունում զբոսաշրջային գոտիների ստեղծումը ենթադրում է ազդեցություն մի շարք ճյուղերի վրա, օրինակ՝ գյուղատնտեսության, որոնք ձեւավորում են զբոսաշրջային արդյունաբերության մինի-կլաստերներ: Թե՛ Վայոց ձորը, թե՛ Սյունիքն ունեն այդպիսի հնարավորություններ: Պարզապես անհրաժեշտ է շահագրգռել այդ նախագծերում մասնավոր հատվածին, այդ թվում՝ զբոսաշրջային գոտիներում հարկերի կամ փաստաթղթերի վարման ոլորտներում որոշակի արտոնություններ մտցնելու ճանապարհով: Այդ դեպքում, կարծում եմ, բիզնեսը պատրաստակամ կլինի գնալու այդ գոտիներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել