Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

3 ՍԵՆՅԱԿԻ ԴԻՄԱՑ՝ 1 ՍԵՆՅԱԿ

Օգոստոս 04,2009 00:00

Որքան էլ կառավարությունը որոշումներ կայացնի հօգուտ շարքային քաղաքացիների, միեւնույն է, Երեւանի քաղաքապետարանը վարվում է այնպես, ինչպես ինքն է ուզում:

Շինարարների թիվ 14 վթարային շենքի բնակիչները երկար տարիներ սպասել են, թե երբ վերջապես պետք է դուրս գան այդ կիսաքանդ շենքից: Եվ երբ կառավարությունը 2000 թվականի թիվ 682 որոշումով հաստատեց, որ վթարայինում բնակվողներին տրամադրվում է մեկ այլ բնակարան՝ նախկինում զբաղեցրած բնակարանի սենյակների թվով, բայց ոչ ավելի, քան ՀՀ բնակարանային օրենսդրության նորմերն են պահանջում, Շինարարների 14 շենքի բնակիչները վերջապես խորը շունչ քաշեցին: Սակայն նախորդ տարվանից, երբ սկսվեց բնակարանները բաժանելու գործընթացը, բնակիչներից շատերի ուրախությունը վերածվեց դժգոհության: Բանն այն է, որ, չնայած կառավարության մի քանի որոշումների, ըստ որոնց նոր բնակարան պետք է հատկացվի սենյակների թվով, քաղաքապետարանն իր հայեցողությամբ, ում որքան ուզեց՝ այնքան էլ սենյակներ բաշխեց:

Շինարարների 14 հասցեի բնակիչ Էլմիրա Բաբալյանը, որը Ադրբեջանից բռնագաղթած է, ունեցել է 3 սենյականոց բնակարան, սակայն նրան քաղաքապետարանը տրամադրել է ընդամենը 1 սենյականոց: Ընդ որում, քաղաքապետարանը տիկին Էլմիրայի հետ պայմանագիր է կնքել՝ հիմնվելով կառավարության թիվ 682 որոշման վրա, բայց, այդուհանդերձ, նույն պայմանագրում նշել է, որ հատկացնելու է 1 սենյականոց բնակարան:

Հետաքրքիրն այն է, որ քաղաքապետարանը Շինարարների 14 հասցեի բնակարանների մի շարք սեփականատերերին ու վարձակալներին փոխհատուցում է տվել սենյակների թվից մի բան էլ ավելի սենյակներ: Ըստ տիկին Էլմիրայի, օրինակ՝ Շինարարների 14 շենքի բնակարան 8-ին, որը 1 սենյականոց էր, Նոր Նորքում տրամադրվել է 3 սենյականոց բնակարան, թիվ 12 բնակարանը 3 սենյականոց էր, սակայն փոխհատուցում է ստացել 2 սենյականոց 2 բնակարան: Թիվ 13 բնակարանը 3 սենյականոց է, փոխհատուցում են ստացել մեկ 3 սենյականոց եւ մեկ 1 սենյականոց բնակարաններ: Թիվ 15 բնակարանը 2 սենյականոց էր՝ ստացել է 3 սենյականոց, թիվ 18-ը եւս 2 սենյականոց էր, նույնպես ստացել է 3 սենյականոց: Իսկ թիվ 22-ը 3 սենյականոց էր, ստացել է 2 սենյականոց բնակարան: Թիվ 20-ը 1 սենյականոց էր, բայց ստացել է 3 սենյականոց: Թիվ 26-ը 1 սենյականոց էր, ստացել է 2 սենյականոց բնակարան:

Է. Բաբալյանի խոսքերով՝ «Սա անարդար է: Կառավարությունը մի բան է ասում, քաղաքապետարանն այլ բան է անում: Անցյալ տարի փոխքաղաքապետ Կամո Արեյանն էլ է նույնիսկ հայտարարել, որ սենյակների թվով պետք է փոխհատուցում լինի: Նախկին քաղաքապետն էլ էր հայտարարում, որ վթարային շենքերի բոլոր վարձակալներին եւ փախստականներին տրամադրվում է այնքան սենյակ, որքան հանձնել են: Այդ դեպքում ո՞նց պատահեց կամ ո՞վ որոշեց արհամարհել կառավարության որոշումը»:

Չնայած Է. Բաբալյանը քաղաքապետարանի հետ պայմանագիր է կնքել եւ, ինչպես ինքն է ասում, չհասկանալով, թե ինչ է կատարվում, բայց երբ ամեն ինչ պարզվեց, քաղաքապետարանին նամակ գրեց՝ պարզելու, թե ինչո՞ւ են իրեն ընդամենը 1 սենյականոց տվել: Տիկին Էլմիրայի վստահեցմամբ՝ քաղաքապետարանից նրան պատճառաբանել են, որ առաջնորդվել են 1997 թվականի թիվ 330 որոշմամբ, դրա համար էլ 1 սենյականոց են տվել: Սակայն նկատենք, որ պայմանագրում հստակ գրված է, որ պայմանագրի հիմքը թիվ 682 որոշումն է: Իսկ ինչ վերաբերում է 330 որոշմանը, ապա այն վերաբերում է բնակարանների կարիք ունեցող փախստականների հաշվառմանը եւ բնակելի տարածություններ հատկացնելու կարգին, որի 32 կետով սահմանված է 1 անձին՝ 5 քմ-ից ոչ պակաս տարածք: Սակայն այս որոշումը վերաբերում է հանրակացարաններում, մանկապարտեզի եւ դպրոցի շենքերում կամ տնակներում բնակվողներին: Ուշագրավն այն է, որ այս որոշումից հետո կառավարությունը մի քանի այլ որոշումներ է կայացրել, ըստ որոնց՝ բնակելի տարածք է հատկացվում ոչ թե անձի քանակով, այլ՝ սենյակների, ուստի 1997 թվականի որոշումն արդեն ուժը կորցրած է:

Վթարային շենքերի բնակիչներին անարդար վերաբնակեցմանն «Առավոտն» անդրադարձել է նաեւ 04.07.2008-ի «Մաղարիչո՞վ են բաշխել» հրապարակումով, որտեղ նախկին քաղաքապետի աշխատակազմի ղեկավար Գրիգոր Մելքումյանը վստահեցրել էր, որ վթարային շենքի վերաբնակեցումը պետք է կատարվի ըստ 2000 թվականի թիվ 682 որոշման:

Այս առնչությամբ Երեւանի քաղաքապետարանից «Առավոտին» վստահեցրին, որ խնդիրը կուսումնասիրեն եւ կպատասխանեն. «Քանի որ այդ ամենը տեղի է ունեցել նախկին քաղաքապետի օրոք, ուստի պետք է հանգամանալից ծանոթանալ խնդրին եւ ուսումնասիրել»:

Նշենք, որ Շինարարների 14 հասցեի մի խումբ բնակիչներ խնդրի առնչությամբ երեկ հանդիպել են Երեւանի փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, որն էլ խոստացել է բնակարաններ ստացածների ցուցակները ստուգել եւ պարզել՝ ինչը ինչոց է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել