ԼՂ հարցի կարգավորման գործում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը վարում է կառուցողական քաղաքականություն, որը համընկնում է «Օրինաց երկիր» կուսակցության սկզբունքների հետ, երեկ հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը: Ըստ «Նոյյան տապանի»՝ բանախոսի համոզմամբ, ԼՂ խնդրի կարգավորման գործում ՀՀ նախագահը ոչ մի հակահայկական քայլ չի ձեռնարկի: Ի դեպ, ԼՂՀ հարցում ՕԵԿ-ը կարեւորում է 3 հիմնական սկզբունք՝ ԼՂ-ի ինքնորոշումը, ուղիղ ցամաքային կապը Հայաստանի հետ եւ միջազգային կառույցների կողմից անվտանգության երաշխիքները. «Այդ բոլոր սկզբունքներում ՀՀ նախագահը հետեւողական է, եւ մենք պաշտպանում ու ընդունում ենք նրա վարած քաղաքականությունը»,- ասել է Հովհ. Մարգարյանը: Հնարավոր փոխզիջումների վերաբերյալ նա դժվարացել է մեկնաբանությամբ հանդես գալ, քանի որ պարզ չէ, թե ինչն ինչի փոխարեն է զիջվելու. «Վստահ եմ, որ ՀՀ նախագահը ինչ որոշում էլ ընդունի, այն կբխի ԼՂՀ-ի եւ Հայաստանի ժողովուրդների շահերից»: Բանախոսի կարծիքով, Ս. Սարգսյանն ամեն ինչ անում է ղարաբաղյան հարցին ազգանպաստ եւ ազգօգուտ լուծում գտնելու համար: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ Մարգարյանը փոքր, բայց հստակ քայլերով առաջընթաց է նկատել: Նրա համոզմամբ, ՀՀ նախագահը հստակ ներկայացրել է, թե ինչ պայմանների դեպքում կմեկնի Թուրքիա, ուստի մնում է սպասել վերջինիս պատասխան քայլին: