Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԱԽԿԻՆ ԵՎ ՆԵՐԿԱ «ՓԱՅԵՐԸ»

Օգոստոս 04,2009 00:00

Մինչ իշխանական կուլիսներում, ի թիվս այլ աննունների, Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանի փոխարինողների թվում քննարկվում էր Մաքսային պետական կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի անունը, վերջինս ակտիվորեն զբաղված է իր բիզնեսների ընդլայնմամբ եւ նոր բիզնեսներում «փայ մտնելու» գործով: Մասնավորապես, Ա. Ավետիսյանը ներկայումս Ծաղկաձորում կառուցում է «Golden Palace» հյուրանոցի ոչ պակաս շքեղ մասնաճյուղը: Իսկ նման հսկայածավալ ներդրումների համար որպես աղբյուրներ ծառայում են նաեւ այն բիզնեսները, որոնցում ՄՊԿ նախկին ղեկավարը կարողացել է մասնաբաժին վերցնել՝ բառի բուն իմաստով: Այդ նպատակով Ա. Ավետիսյանը մշակել եւ հաջողությամբ կիրառում է հետեւյալ մեխանիզմը. դեռեւս ՄՊԿ ղեկավար եղած տարիներից մինչեւ օրս Ա. Ավետիսյանը, ի թիվս այլ բիզնեսների, զբաղվում է նաեւ «տոկոսով փող տալու» գործով: Այսինքն՝ տարբեր գործարարների նա, ասենք 50, 100, 150 հազարական դոլար է տրամադրում՝ որպես փոխառություն: Սահմանված ժամկետում չվերադարձնելու դեպքում Ա. Ավետիսյանը համարժեք չափով «փայ է մտնում» իր պարտքատերերի բիզնեսներում: Մեր ձեռքի տակ են նման փոխառությունների մի քանի ստացականներ, որոնցում, իհարկե, պարտքը բիզնեսում մասնաբաժնով վերադարձնելու մասին գրված չէ: Սակայն, ինչպես հայտնի է, նման պայմանավորվածությունները ձեռք են բերվում բանավոր, իսկ իրականացվում են հիմանականում ուժային մեթոդներով: ՄՊԿ ղեկավար եղած տարիներին էլ նախկին ԱԱԾ-ական Ա. Ավետիսյանը գործարարների հետ իր «հարաբերությունները կառուցում էր» քրեական գործեր հարուցելու միջոցով, լավագույն դեպքում դա անելու սպառնալիքով կամ շանտաժով: Լավատեղյակ աղբյուների հավաստմամբ, նույն պրակտիկան, փոքր-ինչ պակաս հնչեղությամբ, Ա. Ավետիսյանը կիրառում է նաեւ այսօր: Ինչ վերաբերում է Ա. Ավետիսյանի՝ ԱԱԾ պետի պաշտոնում նշանակվելու լուրերին, ապա, ըստ նույն աղբյուրների, նրա անունը դուրս է եկել հավակնորդների ցուցակից, ինչը սակայն ՄՊԿ նախկին ղեկավարին առանձնապես չի մտահոգում: Նա զբաղված է սեփական բիզնեսի բարգավաճմամբ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել