«Իշխանափոխություն է եղել: Կա նոր իշխանություն, եւ նրանք որոշել են շարունակել բանակցությունները այնտեղից, որտեղից մենք թողել էինք: Այսօրվա պատասխանատվությունը այսօրվա իշխանությունների վրա է, բանավեճը իշխանության եւ ընդդիմության միջեւ պետք է լինի: Մեկուկես տարի է արդեն՝ ընդդիմությունը կարծես դա չի հասկացել եւ նախկինների հետ է փորձում բանավիճել»,- «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Հայաստանի նախկին արտգործնախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանը:
17-ամյա բանակցային գործընթացի անմիջական մասնակից Վարդան Օսկանյանը մանրամասնել է, որ ԼՂ ողջ բանակցային գործընթացում բոլոր համապարփակ լուծում ունեցող առաջարկությունները հիմնված են եղել չորս հիմնական սկզբունքների վրա՝ ԼՂ կարգավիճակ, տարածքների վերադարձ, փախստականների վերադարձ եւ անվտանգության երաշխիքներ:
«Ես վստահեցնում են ձեզ, որ հետագայում նույնը կլինի: Այսինքն, եթե մադրիդյանը տապալվի (հիմա արդեն կրակովյանի մասին են խոսում), եթե ապագայում նոր փաստաթղթեր ի հայտ գան, դարձյալ այս չորսի վրա են հիմնվելու: Եթե հայկական կողմը իսկապես ուզում է, որ հետագա սկզբունքներում չլինեն տարածքների վերադարձի, փախստականնների վերադարձի հարցերը, այսինքն՝ մենք առաջնորդվենք «ոչ մի թիզ հող» սկզբունքով, որը սքանչելի լուծում կլիներ, այդ դեպքում Հայաստանը կամ Ղարաբաղը, կամ երկուսը միասին, որպես հայկական բանակցող կողմ, պետք է հրաժարվեն բանակցություններից: Եթե մենք բանակցում ենք, այս սկզբունքները այնտեղ լինելու են»,- ասել է նախկին արտգործնախարարը:
Վարդան Օսկանյանը նաեւ վստահեցնում է, որ, այնուամենայնիվ, մադրիդյան առաջարկները անհամեմատելի են նախորդ առաջարկների հետ, մասնավորաբար՝ «Եթե նախկինում կարգավիճակի մասով վատագույն դեպքում առաջարկվում էր բարձր ավտոնոմիա Ադրբեջանի կազմում, իսկ լավագույն դեպքում՝ հորիզոնական կապեր Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ՝ ընդհանուր պետության շրջանակներում, ապա մադրիդյան սկզբունքների բովանդակությունը կոնկրետ կարգավիճակի մասով առաջարկում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշում, որը բնականաբար նշանակում է Լեռնային Ղարաբաղի անկախություն կամ վերամիավորում Հայաստանի հետ»: