Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է «ՎԱ ԲԱՆԿ» ԳՆԱԼ

Օգոստոս 04,2009 00:00

\"\"Միայն թե բավարարած լինի ընդդիմադիր լրագրողին պատժելու իր հիվանդագին ցանկությունը

Արդեն մեկ ամիս է, ինչ «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, այսօր անազատության մեջ գտնվող Արման Բաբաջանյանի առողջությունը վատթարացել է, ու այսօր արդեն նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Հուլիսի 5-ին նա «Էրեբունի» ՔԿՀ-ից տեղափոխվել էր «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, որտեղ նրան մինչ օրս ցուցաբերված բուժօգնությունը ընդամենը իրավիճակային խնդիր է լուծել՝ Բաբաջանյանին դուրս բերել պարբերական դարձած ցնցումներից, որոնք նրա գլխուղեղում շուրջ մեկ տարի առաջ հայտնաբերված ուռուցքի արագ զարգացման, հետեւաբար նաեւ՝ ներգանգային բարձր ճնշման արդյունք են: Հիշեցնենք, որ Ա. Բաբաջանյանը անցած մեկ ամսվա ընթացքում սկսել է կուրանալ, եւ արդյունավետ բուժօգնություն չստանալու պարագայում, իսկ որպես այդպիսին բժիշկ մասնագետները մատնանշում են գլխուղեղի վիրահատությունը, նա կարող է ոչ միայն լիովին կուրանալ, այլեւ նրա կյանքը լուրջ սպառնալիքի տակ կլինի: Այսուհանդերձ, իշխանությունները փորձում են անգամ այս դեպքում թերթի խմբագրին ներքաշել սակարկությունների դաշտ՝ առաջարկելով ներման դիմում գրել, եւ ոչ միայն: Ահա այսպիսին են գործող իշխանությունների հումանիզմի դրսեւորումները: Բոլոր դեպքերում, թերեւս, չարհամարհելու համար միջազգային լրագրողական ու իրավապաշտպան կազմակերպությունների, նաեւ ՀՀ արդարադատության նախարարության ՔՀԿ-ների հասարակական վերահսկողության հանձնաժողովի հորդորները, նաեւ լրագրողի առողջական ծայրահեղ ծանր վիճակը եւ դրանից բխող պատասխանատվության չափը գիտակցելով, իշխանությունները հնարավորություն են տվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ին՝ Ա. Բաբաջանյանի՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը քննարկման առարկա դարձնել: Հինգշաբթի օրը տեղի է ունեցել այս ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովի նիստ, որի արդյունքում քննվել է լրագրողին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու վերաբերյալ «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով» անկախ հանձնաժողովին միջնորդություն ներկայացնելու հարցը եւ կայացվել է դրական որոշում: Հիշյալ հանձնաժողովը, սակայն, այդ հարցին անցյալ շաբաթ չէր անդրադարձել, թեեւ Ա. Բաբաջանյանին ակնարկել էին, թե նրան ազատ արձակելու հարցը մինչեւ երկուշաբթի օրը՝ երեկ, լուծված կլինի: Բաբաջանյանը, հենց այդ հավաստիացումները նկատի ունենալով, անցած երկու օրերի ընթացքում արդեն պայմանավորվածություն էր ձեռք բերել մոսկովյան կլինիկաներից մեկի՝ Բուրդենկոյի անվան ուղեղի ինստիտուտի, հետ՝ այնտեղ վիրահատության ենթարկվելու շուրջ: «Եթե երեկ իմ մասով դատական որոշում կայացվեր, ես արդեն ուրբաթ օրը կարող էի մեկնել Մոսկվա եւ վիրահատվել»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց Ա. Բաբաջանյանը: Թե ինչու դա չէր ստացվել՝ լրագրողը դժվարացավ ասել, թեեւ ենթադրեց, որ «ինչ-որ պահի մտածել են (իշխանությունները- Ն.Մ.) իմ վիճակն ավելի ծայրահեղ դարձնել, որպեսզի ավելի հեշտ լինի ինձ ստիպել հանուն առողջության սակարկությունների գնալ: Ես հստակ հասկացրի իրենց, որ առեւտրի դաշտ երբեք չեմ մտնելու՝ անգամ հանուն առողջության: Երեկ հայտարարել եմ, որ այլեւս հրաժարվում եմ դեղեր ստանալուց՝ նախ այն պատճառով, որ դրանք այլեւս բուժող չեն, այլ ընդամենը ցավազրկող՝ սիմպտոմատիկ են, ու մտադիր եմ դիմել նաեւ հացադուլի: Ես չգիտեմ՝ իմ ձեռնարկելիք քայլե՞րն են ավելի ծայրահեղ դարձնելու իմ առողջական վիճակը, թե՞ անազատության մեջ անցակացնելիք այն օրերը, որոնք այսպես, թե այնպես վատթարացնում են իմ վիճակը»: Ի դեպ, վերջին 2-3 օրերին Բաբաջանյանի վիճակը ծայրահեղ ծանր է եղել: Նա տեւական ժամանակ ցնցումներից դուրս չի եկել, իսկ նրա կողքին եղած դատապարտյալներից մեկն էլ անգամ այն աստիճան էր անհանգստացել, որ կարծել էր, թե նա կոմայի մեջ է: Շաբաթ օրը Բաբաջանյանին այցելել էր բժիշկ էնդոկրինոլոգ եւ ասել, որ իրենք այլեւս անզոր են: Լրագրողին արդյունավետ բուժօգնություն ցուցաբերելու միակ տարբերակը նեյրովիրահատական բաժին տեղափոխելն է, որը նշանակում է՝ ենթարկել վիրահատության, իսկ Հայաստանում վիրահատվելուց Բաբաջանյանը հրաժարվում է: «Ես հոգեբանորեն պատրաստ չեմ թույլ տալու, որ ինձ վիրահատեն այնպես, ինչպես Հայաստանում է արվում. այստեղ վիրահատությունը ենթադրում է, որ գանգը պիտի բացեն, իսկ դրսում կան դա շրջանցող այլ մեթոդներ: Կարծում եմ, ես գոնե իրավունք ունեմ ընտրելու՝ ինչպիսի վիրահատության ենթարկվել»: Ի դեպ, եթե մինչեւ հիմա Բաբաջանյանին ԱՄՆ-ում վիրահատության ենթարկելու հույսեր կային, ապա այսօր դա այլեւս բացառված է: Ամերիկյան կողմի բժիշկների ասելով, ներգանգային ճնշման պայմաններում երկարատեւ թռիչքը կարող է Բաբաջանյանի համար անդառնալի հետեւանքներ ունենալ, ուստի առաջարկել են նախ՝ վիրահատվել Եվրոպայում կամ Մոսկվայում, որտեղ կհեռացվի գանգուղեղի ուռուցքը, հետո միայն հետվիրահատական փուլը կազմակերպել ԱՄՆ-ում:

Բաբաջանյանի երեկվա՝ դեղերից հրաժարվելու մասին հայտարարությունը անակնկալի է բերել ու մտահոգել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի ղեկավարությանը: Նրա առողջական վիճակի մասին նախորդ երկու օրերին կրկին ահազանգել է նաեւ Արդարադատության նախարարության վերոհիշյալ հասարակական խորհուրդը: Արդյունքում՝ այսօր ժ. 10-ին նշանակվել է «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով» անկախ հանձնաժողովի ենթահանձնաժողովի նիստ: Ակնկալվում է, որ օրվա երկրորդ կեսին տեղի կունենա նաեւ հանձնաժողովի նիստ՝ ՀՀ փոխոստիկանապետ Արմեն Երիցյանի գլխավորությամբ: Եթե հանձնաժողովը Բաբաջանյանին ազատ արձակելու մասին դրական որոշում կայացնի, ՔԿՀ-ն համապատասխան միջնորդություն կներկայացնի արդեն դատարանին: Ու եթե զարգացումները ճիշտ այսպիսին լինեն, ապա չի բացառվում, որ այսօր երեկոյան դատարանը կարող է նաեւ որոշում կայացնել Ա. Բաբաջանյանին վաղաժամ-պայմանականով ազատ արձակելու մասին ՔԿՀ միջնորդությունը մերժելու կամ բավարարելու մասին: Կա՞ ակնկալիք, որ մինչեւ այս շաբաթավերջ ինքը ազատության մեջ կլինի եւ կկարողանա մեկնել Մոսկվա: «Ես ընդհանրապես ոչ մի կարգի հույսեր այլեւս չունեմ, առավել եւս, որ հայտարարել եմ, թե սակարկությունների դաշտ չեմ մտնելու: Ես ազատության գին չունեմ վճարելու: Եթե ինձ փորձում են հասցնել նրան, որ ծնկի գամ հանուն իմ առողջության, ապա նման բան չի լինելու»,- «Առավոտի» հետ զրույցում հայտարարեց Ա. Բաբաջանյանը: Կարծում ենք, ակնհայտ է, որ ընդդիմադիր լրագրողի կյանքին սպառնացող վտանգի եւ նրա առողջության վատթարացման համար պատասխանատվությունն արդեն իսկ ընկած է գործող իշխանությունների, այդ թվում՝ ՀՀ արդարադատության նախարարի, ԱՆ Քրեակատարողական հիմնարկների վարչության եւ «անկախ» կոչվող հանձնաժողովի վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել