Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանի կարծիքով, Սերժ Սարգսյանը հենց այնպես ոչինչ չի զիջի:
– Պարոն Մանուկյան, մեր երկրում բազում իրադարձություններ տեղի ունեցան, մասնավորաբար՝ ԼՂՀ հարցի հետ կապված: Շատ գործիչներ անընդհատ կանխատեսումներ են անում, որ՝ ա՜յ հիմա կտեսնեք, թե ինչ կլինի, սակայն դուք շարունակում եք կարծիք չարտահայտել. ձեզ չի՞ հետաքրքրում:
– Ինչի՞ մասին խոսեմ: Արտաքին քաղաքականության ոլորտում ամեն ինչ նորմալ է՝ ոչ ոք Ղարաբաղը ոչ ոքի էլ չի տա, ոչ մի պատերազմ էլ չի լինի: Ներքին կյանքում էլ հանգիստ է: Մարդիկ տարբեր կերպ պատրաստվում են իրենց հանգիստը կազմակերպել, դուք էլ նույնն արեք:
– Իսկ դուք ինչո՞ւ եք համոզված, որ տեսանելի ապագայում Ղարաբաղի հարցում զարգացումներ չեն լինի:
– Որովհետեւ հարցի լուծում չի առաջարկվում: Հարցի լուծումների մեջ Ադրբեջանը Ղարաբաղի անկախության հարցը չի ընդունել եւ չի ընդունի: Իսկ այդ պայմաններում ոչ մեկն էլ չի համաձայնի ինչ-որ զիջումների գնալ, որովհետեւ դիմացը ոչ մի բան չկա: Եվ Սերժ Սարգսյանը մյուսներից ավելի պակաս չի կապված Ղարաբաղի հետ, որպեսզի ինչ-որ մի բան տա: Ավելին, եթե նա նույնիսկ տար էլ ինչ-որ բաներ՝ ղարաբաղցիները դեմ կլինեին: Էստեղ փակուղի է, ինչի՞ մասին է խոսքը:
– Իսկ ինչո՞ւ են ադրբեջանցի տարբեր պաշտոնյաներ անընդհատ Հայաստանին պատերազմով սպառնում: Ի դեպ, վերջին «թարմ» սպառնալիքը հնչեց հենց օրերս՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարի շուրթերից:
– Է, թող հայտարարեն, հետո՞ ինչ: Իրենք տեսնում են, որ լուծում չկա, անընդհատ պիտի պատերազմի մասին խոսեն: Բայց կհամարձակվե՞ն: Չեն համարձակվի: Հանդարտ է վիճակը, մի անհանգստացեք, հանգիստ գնացեք արձակուրդ:
– Իբրեւ պատերազմական ամենածանր տարիներին Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը ղեկավարած գործիչ՝ դուք վստահ եք եւ երաշխավորում եք, որ պատերազմը չի վերսկսվի:
– Ես կարծում եմ, որ որոշ խուճապային տրամադրություններ դիտավորյալ են տարածվում՝ դրսի ուժերի օգնությամբ կամ առանց դրանց: Ներսի որոշ ուժեր անընդհատ անհավասարակշռված վիճակ են ստեղծում: Բայց դրան սառնասիրտ է պետք վերաբերվել:
– «Որոշ ուժեր» ասելով ո՞ւմ նկատի ունեք:
– Հիմա չսկսեմ կասկածներ հայտնել այս կամ այն ուժի վրա, բայց, համենայնդեպս, առանց ոչ մի առիթի անընդհատ խոսակցություններ են գնում նույն բանի շուրջ, որը, բացի վնասից, օգուտ չի բերում մեր հասարակությանը:
– Կարելի՞ է ենթադրել, որ իբրեւ «որոշ ուժեր»՝ նկատի ունեք ՀԱԿ-ին:
– Ես ենթադրություններ չեմ անում, խոսում եմ այն մասին, որ մի քանի օր առաջ խոսակցություններ տարածվեցին, թե պատերազմ է սկսվել եւ այլն, ու խուճապ տարածվեց: Սովորաբար նման բաները ապատեղեկատվության ծառայություններն են անում, այդ բանն աշխարհում հայտնի է: Թե ո՞ւմ միջոցով է արվում՝ չգիտեմ, բայց նման բաներ կան. ապատեղեկատվության միջոցով ներսում անկայուն վիճակ են առաջացնում: Բայց իրականում շատ կայուն վիճակ է: Բազում թերություններ կան, որոնք առանձին խոսակցության թեմա են, եւ որոնց հիմա ես չեմ ցանկանում անդրադառնալ:
– Իսկ այդ ապատեղեկատվական գործընթացի նպատակը ո՞րն է:
– Որ Հայաստանի ներսում անընդհատ ճեղքեր առաջացնեն: Մի պետության ներսում, որտեղ անընդհատ ժողովրդին համոզում են, որ հիմա-հիմա ինչ-որ վատ բան է լինելու՝ բնական է, որ այդ հասարակությունը ոչ մի լուրջ հաջողության հասնել չի կարող: Ինչ-որ մարդիկ կան, որ այդ գործով են զբաղված: Ի՞նչն է պատճառը՝ այլ խնդիր է:
– Ի՞նչ խնդիր:
– Դրա մասին ես ընդհանրապես չեմ խոսի, որովհետեւ դա ինքն իրեն մարում է: Կխոսեն- կխոսեն՝ հայտնի հեքիաթի նման՝ վա՜յ, գայլերը եկան, եկան ու կմարի-կանցնի. մի օր մարդիկ էլ չեն հավատա: Դրանց դեմ եւ անիմաստ է եւ չարժե էլ խոսել: Ես հանրային խորհրդի գործերով եմ զբաղված, սեպտեմբերին եթե անելիքներ լինեն, մեկնաբանության հարցեր լինեն՝ դրանց մասին կխոսեմ, ուրիշ հարցերի մասին՝ չէ: Շուտով պաշտոնական կայքը պատրաստ կլինի եւ խորհրդի բոլոր անելիքների մասին կտեղեկանաք: