Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Օգոստոս 01,2009 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք ութերորդ

Գլուխ տասնութերորդ

ՊԱՎԼԻԿԻ ԿՆԻԿԸ

Եվ Գագոն մի քիչ մտածեց ու Գեւորին ասաց՝ «որ Արմենի տեղը դո՛ւ բանաստեղծ ըլնեիր, էդ ծնունդի օրը խայտառակ չէի ըլնի», եւ ես հարցրի՝ «ի՞նչ ծնունդի օր», եւ Գագոն ասաց՝ «Պավլիկի ծնունդի օրը. էդ որ ասում եմ՝ իրա դաչայում հավաքվել էինք, ու Աբրամովիչն էլ ձեր պես ըսենց դեմս նստած էր», եւ ես զարմացած հարցրի՝ «բա ե՞ս ինչ կապ ունեմ», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «քու պատճառով էդ մեծամեծ մարդկանց շրջապատում խայտառակ էղա», եւ ես ասացի՝ «բան չեմ հասկանում», եւ Սաքոն Գագոյին ասաց՝ «ես էլ չեմ հասկանում. Արմոյի պատճառով խի՞ ես խայտառակ էղել», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ոչ թե Արմենի պատճառով եմ խայտառակ էղել, այլ Արմենի՝ մաբիլնի չունենալու պատճառով», եւ ես ասացի՝ «էլի բան չհասկացա», եւ Սաքոն ասաց՝ «ես էլ», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ թողեք մանրամասն բացատրեմ, կհասկանաք», եւ ես Գագոյին ասացի՝ «թողում ենք. բացատրի», եւ Գեւորն ասաց՝ «Գագ ջան, մանրամասն բացատրի, որ հասկանան», եւ Գագոն բացատրեց ու ասաց՝ «էդ ծնունդի վախտ Պավլիկը որ ինձի իրա էդ թազա ու բոյով կնկա հետ ծանոթացրեց, ու որ էդ բոյով թազեն իմացավ երեւանցի եմ, միանգամից հարցրեց՝ Արմենա զնա՞յծե, ու որ հարցրի՝ կակո՞յ Արմեն, ու որ ինքն ասեց՝ Շեկոյան Արմեն՝ պոետ, ես վռազ ասեցի՝ կա՞կ նի զնայու. օն մոյ բլիզկի դռուգ», եւ Դերոն Գագոյին ասաց՝ «հիմի լրիվ հասկացանք», եւ Գագոն զարմացած նայեց Դերոյին ու հարցրեց՝ «ի՞նչ հասկացաք», եւ Դերոն ժպտալով ասաց՝ «որ իմացել են Արմոն մոտիկ ընկերդ ա՝ խայտառակ ես էղել», եւ Գագոն զզվանքով նայեց Դերոյին ու ասաց՝ «որ մինչեւ վերջ լսես՝ ավելի ճիշտ կհասկանաս» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «չնայած, հնարավոր ա, դու լրիվ լսես ու էլի բան չհասկանաս», եւ Գեւորը Դերոյին ասաց՝ «մի՛ խանգարի, Դերո ջան. մարդը բան ա պատմում» եւ Գագոյին նայելով ավելացրեց՝ «շարունակի՛, Գագ ջան. ուշադիր լսում ենք», եւ Գագոն մի քիչ մտածեց ու նեղսրտած ասաց՝ «մտքիս թելը կտրվավ. մոռացա՝ ուր էի հասել», եւ ես հիշեցնելով ասացի՝ «հասել էիր էնտեղ, որ Տանյային ասել ես՝ Արմենը մոտիկ ընկերս ա», եւ Գագոն ապշահար ինձ նայեց ու հարցրեց՝ «ի՞նչ Տանյա», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «էդ ընկերոջդ թազա ու բոյով կնիկը», եւ Գեւորը Գագոյին ասաց՝ «Պավլիկի թազա կնիկը», եւ Դերոն ասաց՝ «որ Արմոյի հետ Մոսկվայում գրել ա սովորել», եւ Գագոն զզվանքով նայեց Դերոյին ու ասաց՝ «դու վաբշե խոսալու իրավունք չունես», եւ Դերոն ժպտալով հարցրեց՝ «խի՞ չունեմ», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «որովհետեւ դու էդ տեսակ նրբությունները չես կարա հասկանաս» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «չես էլ կարա պատկերացնես», եւ Դերոն հարցրեց՝ «ի՞նչ նրբություններ», եւ Գագոն ասաց՝ «էս՝ որ պատմում եմ», եւ Գեւորը Դերոյին սաստեց՝ «մի՛ խանգարի, Դերո. մարդը բան ա պատմում» եւ Գագոյին նայելով ասաց՝ «պատմի, Գագ ջան», եւ Սաքոն Գագոյին ասաց՝ «շարունակի, Գագո ջան. շատ հետաքրքիր պատմություն ա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ձեր համար ա հետաքրքիր պատմություն» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «բայց իմ համար շատ մեծ խայտառակություն էր», եւ ես հարցրի՝ «ինչո՞վ էր խայտառակություն», եւ Գագոն նեղսրտելով ինձ ասաց՝ «թողում ե՞ք, որ պատմեմ» եւ մի քիչ մտածեց ու նեղսրտած հարցրեց՝ «էս պատմությունը Գեւորը լավ գիտի. ինքը քեզ չի պատմե՞լ», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «չէ», եւ Գեւորն արդարանալով ասաց՝ «իրար ե՞րբ ենք տենում, որ պատմեի», եւ Սաքոն ժպտալով Գագոյին ասաց՝ «որ էսօր մեզ ըսենց իրար գլխի չհավաքեիր՝ երեւի հազար տարի իրար չէինք տենա», եւ Դերոն փռթկացնելով Սաքոյին ասաց՝ «հազար տարին քիչ ես ասում», եւ Գեւորը Դերոյին ասաց՝ «մի՛ խանգարի, Դերո. մարդը բան ա պատմում», եւ Դերոն զարմացած հարցրեց՝ «ես ե՞մ խանգարում, թե՝ դուք», եւ Գեւորը Գագոյին ասաց՝ «հետո՞, Գագո», եւ Գագոն Գեւորին ասաց՝ «էդ պատմությունը դու անգիր գիտես», եւ Գեւորն ասաց՝ «ուզում եմ տղերքն էլ իմանան, մանավանդ՝ Արմենը», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «հեչ չեմ զգում, թե էդ պատմությունն Արմենին հետաքրքիր ա», եւ ես ժպտալով ասացի՝ «շատ հետաքրքիր ա», եւ Գեւորը ժպտալով ասաց՝ «ո՞նց կարող ա հետաքրքիր չըլնի. ինչքան չըլնի՝ էդ բոյովի հետ Մոսկվայում քանի տարի գրել են», եւ Դերոն փռթկացնելով ասաց՝ «ոչ թե գրել են, այլ՝ գրել են սովորել», եւ Գեւորը ժպտալով ասաց՝ «համարյա նույն բանն ա», եւ Սաքոն Գագոյին հարցրեց՝ «չեմ հասկանում՝ էդ պատմության մեջ մեր Արմոյի մեղքը ո՞րն ա», եւ ես Սաքոյին ասացի՝ «գիտես թե՝ ես հասկանո՞ւմ եմ», եւ Գեւորն ասաց՝ «թողում ե՞ք պատմի, որ հասկանաք», եւ Սաքոն ասաց՝ «կարող ա՞ ես եմ խանգարում», եւ ես ասացի՝ «էդ պատմությունն ամենից շատ ինձ ա հետաքրքրում», եւ Գագոն կասկածանքով ինձ նայեց ու ասաց՝ «հեչ չի զգացվում, որ հետաքրքրում ա», եւ ես Գագոյին հարցրի՝ «բա ո՞նց գլխի ընկար, որ Տանյան իմ հաշվով ա հարցնում», եւ Գագոն ապշահար ինձ նայեց ու գոռաց՝ «ի՞նչ Տանյա», եւ Գեւորն իմ փոխարեն պատասխանեց ու ասաց՝ «Պավլիկի կնիկը», եւ Գագոն ինձ հարցրեց՝ «խի Երեւանում քանի՞ հատ Շեկոյան Արմեն կա», եւ ես ասացի՝ «էրկու հատ գիտեմ», եւ Գեւորն ինձ հարցրեց՝ «դու էլ հետը էրկու հա՞տ», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «ինձ չհաշված՝ էրկու հատ էլ կան» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «երեւի էլի կըլնեն», եւ Գագոն ասաց՝ «ես ուրիշ Շեկոյան Արմեն չգիտեմ, մանավանդ՝ պոետ», եւ ես Գագոյին հարցրի՝ «բա ի՞նչ գիտեիր, որ պոետ եմ», եւ Գագոն արհամարհական նայեց ինձ ու ասաց՝ «էդքան էլ անգրագետ չենք», եւ ես հարցրի՝ «որ ասիր ինձ ճանաչում ես՝ Տանյան ի՞նչ ասեց», եւ Գագոն զարմացած հարցրեց՝ «ի՞նչ Տանյա», եւ Գեւորն ասաց՝ «Պավլիկի կնիկը», եւ Գագոն ինձ ասաց՝ «մի՛ հիշացրու», եւ Գեւորը Գագոյի փոխարեն պատմեց՝ «հենց էդ Տանյադ իմացել ա, որ Գագոն քեզ ճանաչում ա, Գագոյին խնդրել ա, որ զանգի քեզ՝ հետդ էրկու բառ խոսա. ասել ա՝ զանգի Արմենին, հետը խոսամ», եւ Գագոն Գեւորին ընդհատելով ասաց՝ «Արմեն էլ չասեց. ասեց՝ Արմուշ», եւ Սաքոն ծիծաղելով ասաց՝ «ինչքան չըլնի՝ քանի տարի իրար հետ գրել են», եւ Դերոն փռթկացնելով ճշտեց՝ «գրել են սովորել», եւ Գագոն նեղսրտելով Գեւորին ասաց՝ «հետո էլ ասում ես՝ պատմի. ո՞նց պատմեմ», եւ Գեւորը Գագոյին ասաց՝ «դու սուս. ես եմ պատմում», եւ ես ժպտալով Գեւորին ասացի՝ «հետո՞, Գեւոր», եւ Գեւորն ինձ նայեց, ժպտաց, թաքուն աչքով արեց ու ասաց՝ «էլ ի՞նչ հետո. էս մարդուն, փաստորեն, լրիվ խայտառակ ես արել», եւ ես զարմացած ասացի՝ «բան չեմ հասկանում», եւ Գեւորն ասաց՝ «չհասկանալու ի՞նչ կա. որ հեռախոս ունենայիր, Գագոն կզանգեր քեզ, ու Պավլիկի էդ բոյովը հետդ էրկու բառ կխոսար», եւ ես Գեւորին ասացի՝ «որ հեռախոս չունեմ, էսօր ո՞նց ինձ զանգեցիր», եւ Գեւորն ասաց՝ «ձեռի հեռախոս եմ ասում», եւ Գագոն առանց ինձ նայելու փնթփնթաց՝ «էսօր սաղ նորմալ մարդիկ էլ մաբիլնի են պահում», եւ ես ծիծաղելով ասացի՝ «փաստորեն, ես աննորմալ եմ», եւ Գեւորն ինձ աչքով արեց ու ժպտալով ասաց՝ «ծիծաղում ես, բայց քո աննորմալությունից ուրիշներն են տուժում», եւ Գագոն նեղսրտած ասաց՝ «որ էդ բոյովը տեսավ Արմենի հետ չեմ կարում կապվեմ, երեւի մտածեց՝ էլ ի՞նչ մոտիկ ընկեր, որ չեմ կարում մաբիլնիով հետը կապվեմ», եւ ես Գագոյին ասացի՝ «Գեւորին ասեիր՝ տանս հեռախոսի համարը կտար», եւ Գագոն թարս նայեց ինձ ու ասաց՝ «ի՞նչ գիտես, որ չեմ ասել», եւ Գեւորն ինձ ասաց՝ «դու ե՞րբ ես տունն ըլնում, որ կարենայինք քեզ գտնեինք», եւ Գագոն առանց ինձ նայելու մրթմրթաց՝ «արդեն քսանմեկերորդ դարի մեջն ենք. նորմալ մարդը ո՞նց կարա մաբիլնի չունենա», եւ Դերոն փռթկացնելով ասաց՝ «փաստորեն, Արմոն իրա մեղքն ընդունեց», եւ Գագոն զարմացած հարցրեց՝ «ե՞րբ ընդունեց», եւ Դերոն ժպտալով ասաց՝ «մի քիչ առաջ խոստովանվավ, որ ինքը աննորմալ մարդ ա», եւ Գագոն զզվանքով նայեց Դերոյին ու ասաց՝ «դու վաբշե մի խոսա. դու էդ գործի հետ ոչ մի կապ չունես» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «չէիր էլ կարա ունենաս», եւ ես Գագոյին ասացի՝ «պիտի Տանյային ասեիր, որ ձեռի հեռախոս չունեմ», եւ Գագոն ցնցվելով հարցրեց՝ «ի՞նչ Տանյա», եւ Գեւորը ժպտալով ասաց՝ «Պավլիկի կնիկը» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «Գագոյի սիրածի անունն էլ ա Տանյա» եւ ծիծաղելով ինձ ասաց՝ «դրա համար էլ՝ որ ամեն անգամ Տանյա ես ասում, տեղից վեր ա թռնում», եւ Գագոն նախ տհաճությամբ Դերոյին նայեց, հետո Գեւորին նեղսրտած ասաց՝ «կարող ա՞ հիմի արժողչարժողի մոտ ուրիշ գաղտնիքներ էլ բացահայտես», եւ Գեւորը մեղավոր ժպտալով ասաց՝ «կներես, Գագ ջան. անկախ ինձանից ստացվեց», եւ Գագոն զարմացած հարցրեց՝ «այսինքն, ո՞նց անկախ քեզանից», եւ Գեւորը մեղավոր ժպտալով ասաց՝ «Արմենը հենց էդ անունը տալիս ա, տեղիցդ վեր ես թռնում», եւ Գագոն մի քիչ մտածեց ու Գեւորին ասաց՝ «աչքիդ ա էրեւացել» եւ մի քիչ էլ մտածեց ու նեղսրտած ավելացրեց՝ «որ հետդ մոտիկություն եմ անում, էդ չի նշանակում, որ պիտի արժողչարժողի մոտ ավելնորդ բաներ խոսաս», եւ ես ժպտալով Գագոյին ասացի՝ «ամեն դեպքում, էդ բոյովին պիտի ասեիր, որ ձեռի հեռախոս չունեմ», եւ Դերոն փռթկացնելով ինձ ասաց՝ «ա՛յ Արմո, էդ բոյովն անուն չունի՞, որ անունը չես ասում», եւ Գագոն զզվանքով նախ Դերոյին նայեց, հետո նայեց ինձ ու ասաց՝ «ասելն ասեցի, բայց էդ բոյովն էնքան էլ ախմախ չի, որ հավատար», եւ Դերոն չդիմացավ ու փռթկացնելով ասաց՝ «բա խի՞ ա ժողովուրդն ասում՝ ուզուն ախմախ», եւ Գագոն զզվանքով նայեց Դերոյին ու ասաց՝ «էս ընթացքում ահագին խելոքացել ես», եւ Դերոն ասաց՝ «խելքիցս միշտ էլ դժգոհ չեմ էղել», եւ Գագոն արհամարհանքով նայեց Դերոյին ու ասաց՝ «որ մի քիչ էլ փող ունենայիր, կարող ա հարգված տղա ըլնեիր», եւ Դերոն ասաց՝ «փողից ու հարգանքից էլ առանձնապես դժգոհություն չունեմ», եւ Գագոն մի քիչ մտածեց ու արհամարհական ասաց՝ «երեւի հասկանում ես, որ քեզ էս ունեցածդ էլ ա շատ», եւ Դերոն ասաց՝ «իմ համար իմ ունեցածը ծով ա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «էս ունեցածդ էլ ա քեզ շատ», եւ Դերոն ասաց՝ «շատն ու քիչը որոշողը դու չես», եւ Գեւորը միջամտելով հարցրեց՝ «էդ լուրջ ե՞ք խոսում», եւ Գագոն ասաց՝ «ես որ՝ հեչ հանաք անելու տրամադրություն չունեմ», եւ Դերոն ասաց՝ «ես էլ», եւ Գեւորն ասաց՝ «ամոթ ա. հազար տարվա ընկեր եք», եւ Դերոն ասաց՝ «իրա ընկերը Պավիլիկն ա», եւ Գագոն Դերոյին ասաց՝ «շա՜տ կերազեիր», եւ Սաքոն ասաց՝ ամոթ ա. արդեն շատ եք լրջացնում», եւ Գագոն ասաց՝ «որ լրջացնենք՝ ուրիշ բան կստացվի», եւ Դերոն հարցրեց՝ «ի՞նչ պիտի ստացվի», եւ Գագոն ասաց՝ «ես Սաքոյի հետ եմ խոսում», եւ Դերոն տեղից վեր կենալով ասաց՝ «շատ էլ ճիշտ ես անում, որ Սաքոյի հետ ես խոսում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ես ու դու իրար հետ խոսալու բան չունենք», եւ Գագոն Դերոյին ասաց՝ «էդ խի՞ տեղիցդ վեր թռար. կարող ա՞ գիտես՝ վախեցողներից եմ», եւ Դերոն արհամարհական նայեց Գագոյին ու ոչինչ չասաց, եւ Գեւորը Դերոյին հարցրեց՝ «խի՞ վեր կացար», եւ Դերոն ասաց՝ «որ վեր չկենամ՝ ո՞նց գնամ», եւ Գեւորը զարմացած հարցրեց՝ «ո՞ւր գնաս», եւ Դերոն ասաց՝ «կարեւորն ուր գնալը չի», եւ Գեւորը հարցրեց՝ «բա ի՞նչն ա կարեւոր», եւ Դերոն պատասխանեց ու ասաց՝ «կարեւորն ըստեղից սիկտիրվելն ա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «որ ճիշտն ուզում ես իմանաս, ես վաբշե չպիտի գայի», եւ Գագոն ասաց՝ «քեզ ոչ մեկը չի խնդրել, որ գաս», եւ Դերոն ասաց՝ «Գեւորը խնդրել ա», եւ Գագոն ասաց՝ «շատ իզուր էլ խնդրել ա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ես իրան չեմ խնդրել, որ քեզ խնդրի», եւ Դերոն ասաց՝ «ես էլ չեմ խնդրել, որ ինձ խնդրի», եւ Գեւորը զարմացած ասաց՝ «ես ոչ մեկին ոչ մի բան չեմ խնդրել», եւ Գագոն Գեւորին ասաց՝ «էդ հարցը փակենք», եւ Գեւորն ասաց՝ «էդ հարցը դուք էրկուսդ բացեցիք», եւ Գագոն ասաց՝ «մենք բացել ենք՝ մենք էլ կփակենք», եւ Դերոն ոչինչ չասաց ու արագ քայլերով գնաց, եւ Գեւորը հարցրեց՝ «էդ ո՞ւր ես գնում», եւ Դերոն դռան մոտից շրջվեց ու ժպտալով ասաց՝ «տուալետ», եւ երբ Դերոն գնաց, Սաքոն ժպտալով ասաց՝ «հըլը բան չկերած՝ տուալետ ա գնում», եւ Գեւորն ասաց՝ «պիվա շատ խմեց», եւ Գագոն ասաց՝ «պիվա շատ խմեց, դրա համար էլ հարբել ա», եւ ինձ համար պարզից էլ պարզ էր, որ Դերոն ոչ թե զուգարան գնաց, այլ՝ լքեց մեզ, ու երեւի Սաքոն ու Գեւորն էլ էին էդ կարծիքին, բայց ոչ մեկս Դերոյի հետեւից չգնաց, որովհետեւ երեքս էլ համոզված էինք, որ մանավանդ էդ պահին Գագոն ու Դերոն անհամատեղելի են, եւ չնայած հոգով Դերոյի կողմն էի, այդուհանդերձ, վերաբերմունքս բարձրաձայն չարտահայտեցի, որովհետեւ միշտ էն կարծիքին եմ եղել, որ միայն սեղանի հաշիվը փակելու պարտականությունը ստանձնողն ավելպակաս խոսելու ու իր կարծիքն արտահայտելու իրավունք ունի, եւ երբ Դերոն գնաց, եւ երբ Գագոյից բացի՝ մյուսներս հասկացանք, որ այլեւս չի վերադառնալու, Գեւորն ասաց՝ «լավ բան չեղավ», եւ Գագոն հարցրեց՝ «ի՞նչը լավ չեղավ», եւ Գեւորն ասաց՝ «լավ չեղավ, որ Դերոն գնաց», եւ Գագոն ասաց՝ «էդքան պիվա ո՞վ խմեր, որ տուալետ չգնար», եւ Գեւորն ասաց՝ «ինքը տուալետ չգնաց. վաբշե գնաց», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինձ թվում ա՝ տուալետ գնաց», եւ Սաքոն ասաց՝ «էլ չի գա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինքը ձեր ընկերն ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «դուք իրան ավելի լավ եք ճանաչում», եւ Գեւորը Գագոյին հարցրեց՝ «կարող ա՞ քո ընկերը չի», եւ Գագոն զարմացած ասաց՝ «ինքն ինձ ի՞նչ ընկեր» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «փաստորեն, մինչեւ հիմի իրան չեմ ճանաչել» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «իմ համար ամեն ինչ պարզ ա», եւ Գեւորը հարցրեց՝ «ի՞նչն ա պարզ», եւ Գագոն ասաց՝ «իրա էս վերաբերմունքի պատճառն իմ համար լրիվ պարզ ա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «իրա էս չկամ վերաբերմունքի պատճառը նախանձությունն ա», եւ Սաքոն Գագոյին հարցրեց՝ «քեզ ա՞ նախանձում», եւ Գագոն արհամարհական նայեց Սաքոյին ու ասաց՝ «չէ՝ ընկեր պետին», եւ Գեւորը Գագոյին ասաց՝ «Դերոն նախանձող տղա չի», եւ Գագոն ասաց՝ «ինձ էլ էր ըտենց թվում, բայց հիմի լրիվ հակառակն եմ մտածում», եւ Գեւորը հարցրեց՝ «ի՞նչ ես մտածում», եւ Գագոն ասաց՝ «մտածում եմ՝ լավ էլ նախանձող ա», եւ Սաքոն Գագոյին հարցրեց՝ «ախր խի՞ պիտի քեզ նախանձի», եւ Գագոն զարմացած նայեց Սաքոյին ու հարցրեց՝ «այսինքն, ուզում ես ասես՝ հեչ նախանձելու պատճառ չունի՞», եւ Սաքոն հարցրեց՝ «ախր ի՞նչ պատճառ պիտի ունենա», եւ Գագոն հարցրեց՝ «այսինքն, էսօրվա իմ էս վիճակին որ հասել եմ՝ էդ նախանձելու համար քիչ ա՞», եւ Սաքոն հարցրեց՝ «ի՞նչ վիճակի ես հասել», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «թեկուզ ֆինանսական իմաստով» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «հարգանքի ու մյուս բաների մասին հըլը չեմ խոսում», եւ Սաքոն ասաց՝ «Դերոն էլ պակաս հարգված չի», եւ Գագոն զարմացած հարցրեց՝ «ո՞ւմ կողմից ա հարգված», եւ Սաքոն պատասխանեց ու ասաց՝ «իրա շրջապատի կողմից», եւ Գագոն զարմացած հարցրեց՝ «ինքը շրջապա՞տ ունի», եւ Սաքոն հարցրեց՝ «խի՞ չպիտի ունենա», եւ Գագոն հարցրեց՝ «իրա շրջապատն ո՞վ ա», եւ Սաքոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «իրա պես տղերքը», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ իրա պես տղերք են, ուրեմն՝ պիտի չափը ճանաչի», եւ Սաքոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «փաստորեն, մենք էլ ենք իրա շրջապատը», եւ Գագոն հարցրեց՝ «դուք՝ ո՞վ», եւ Սաքոն պատասխանեց ու ասաց՝ «էս չորսս», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «իզուր ես ուրիշների անունից խոսում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ես իրա համար չեմ կարա շրջապատ ըլնեմ», եւ Սաքոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «էդ դեպքում՝ ինքն ի՞նչ գործ ուներ ըստեղ», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «Գեւորին հարցրու», եւ Գեւորը Գագոյին ասաց՝ «Գեւորին ի՞նչ հարցնի. դու չասի՞ր՝ տղերքին գտի, մի քանի ժամով իրար գլխի հավաքվենք», եւ Գագոն Գեւորին հարցրեց՝ «ես էդ Դերոյի անունը տվե՞լ եմ», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ասաց՝ «վայ թե տվել ես», եւ Գագոն զարմացած ասաց՝ «ես իրա անունը հեչ չէի էլ հիշում. ո՞նց կարայի իրա անունը տայի», եւ Սաքոն ծիծաղելով Գագոյին հարցրեց՝ «կարող ա՞ իմ ու Արմոյի անուններն էլ չէիր հիշում», եւ Գագոն ասաց՝ «ձեր անունները հիշում էի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «մանավանդ Արմենինը» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «Արմենի էրեսից ընենց չեմ քաշվել, որ անունը մոռանայի», եւ ես ժպտալով ասացի՝ «ըտենց էլ չհասկացա՝ իմ մեղքը որն ա», եւ Սաքոն ծիծաղելով ինձ ասաց՝ «ես որ հասկացել եմ՝ դու ո՞նց չես հասկանում», եւ ես հարցրի՝ «ի՞նչ ես հասկացել», եւ Սաքոն ծիծաղելով ասաց՝ «քո մեղքը սոտըվի չունենալն ա» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «տնաշեն, քսանմեկերորդ դարի մեջ ենք, բայց սոտըվի չունես», եւ Գագոն տհաճությամբ նայեց ինձ ու քամահրանքով ասաց՝ «մինչեւ անգամ էդ Դերո չեղածը մաբիլնի ունի», եւ Սաքոն Գագոյին ասաց՝ «Դերոյին շատ ես թերագնահատում ու վիրավորում», եւ Գագոն հարցական նայեց Սաքոյին ու ասաց՝ «բերանս ես բացել տալի՞» եւ մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «շուն ե՞ս հաչացնում», եւ Սաքոն ասաց՝ «չեղավ, Գագո ջան. հիմի էլ քեզ ես վիրավորում», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես ինձի վիրավորելու իրավունք ունեմ, բայց ուրիշներին էդ իրավունքը չեմ տվել ու չեմ էլ տա», եւ Սաքոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «քո իրավունքն ա», եւ Գեւորը վրդովված ասաց՝ «էս ի՞նչ ռազբորկաներ եք սկսել» եւ մի քիչ մտածեց ու նեղսրտած ավելացրեց՝ «ես էլ մտածում էի՝ կհավաքվենք իրար գլխի, մի քիչ կուրախանանք», եւ ես ասացի՝ «փաստորեն, Դերոն մեր ուրախությունը փչացրեց», եւ Գագոն ինձ հարցրեց՝ «ո՞նց փչացրեց», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «ինքը որ գնաց, տրամադրություններս ընկավ», եւ Գագոն մի քիչ մտածեց ու անսպասելի գոռաց՝ «չհասկացա. ուրեմն, մեր տրամադրությունն էդ չմոյից ա՞ կախված», եւ Սաքոն ասաց՝ «տրամադրությունն ընենց բան ա, որ ամեն ինչից էլ կախված ա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ ամեն մեկը կարենա տրամադրությունդ փչացնի, ուրեմն՝ պիտի մոստից քցվես», եւ ես Գագոյին ասացի՝ «մեկ-մեկ ըտենց ցանկություն էլ ա առաջանում», եւ Գագոն զարմացած հարցրեց՝ «ի՞նչ ցանկություն», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «մոստից քցվելու», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «իմ մոտ ըտենց ցանկություն ոչ մի անգամ չի առաջացել», եւ Սաքոն ծիծաղելով ասաց՝ «էդ նրանից ա, որ ձեր Վոլգոգրադում կարգին մոստ չկա», եւ Գագոն արհամարհանքով նայեց Սաքոյին ու ասաց՝ «քեզ ա թվում, թե չկա», եւ Գեւորը նեղսրտած ասաց՝ «էս ի՞նչ խոսակցություն ա. էս ի՞նչ թեմաների մեջ եք խորացել», եւ Սաքոն ժպտալով Գեւորին ասաց՝ «հանաք ենք անում, Գեւոր ջան», եւ Գեւորը վրդովված հարցրեց՝ «էդ մոստերը հանաքի թեմա ե՞ն», եւ Սաքոն արդարանալով ասաց՝ «էդ մոստերի թեման Արմոն ու Գագոն բացեցին», եւ Գեւորը նեղսրտած ասաց՝ «իրանք բացեցին, դու էլ շարունակում ես», եւ Սաքոն զարմացած հարցրեց՝ «ես ե՞մ շարունակում, թե՝ դու», եւ էդ պահին մատուցողը խորովածը բերեց, եւ մենք մեկական կտոր խորոված կրծոտելով՝ ահագին ժամանակ լուռ էինք, եւ տեւական լռությունից հետո Գեւորը հարցրեց՝ «էս խի՞ չեք ուտում», եւ Սաքոն ժպտալով ասաց՝ «ատամ ունե՞նք, որ ուտենք», եւ Գագոն ասաց՝ «ճիշտ ես ասում. էս խորովածն ուտելու համար շատ ուժեղ ատամներ են պետք», եւ Սաքոն ասաց՝ «ամեն ինչի համար էլ ուժեղ ատամներ են պետք», եւ Գեւորն ինձ հարցրեց՝ «բա դո՞ւ խի չես ուտում», եւ ես ասացի՝ «էս խորովածը պիտի մի քիչ շուտ բերեին. էս սալաթներից արդեն կշտացանք» եւ ավելացրի՝ «ճիշտն ասած, իմ ատամներն էլ էս խորովածի համար պիտանի չեն», եւ Գագոն նեղսրտած ասաց՝ «էս հայերը վաբշե չեն կարում խորոված անեն», եւ Սաքոն ժպտալով հարցրեց՝ «ռուսներն ավելի լավ ե՞ն խորոված անում», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «հայերը ռուսների համար ավելի լավ են խորոված անում, քան՝ իրանց համար», եւ ես ասացի՝ «երեւի մսից ա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «մենակ մսից չի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «հայերը որ ռուսների առաջ էս տեսակ խորոված դնեն, ռուսներն էդ խորովածը խորոված անողի գլխին կտան», եւ Սաքոն ասաց՝ «ամեն ինչ տրամադրությունից ա կախված» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «որ տրամադրությունդ լավ ա ըլնում, արածդ խորովածն էլ ա շատ լավ ստացվում», եւ ես ասացի՝ «համ խորոված անելու համար ա տրամադրություն պետք, համ էլ՝ ուտելու», եւ Գեւորն ինձ հարցրեց՝ «հիմի քո չուտելը տրամադրությունիցդ ա՞, թե՝ պրոտեզիցդ», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «էրկուսից էլ», եւ Գեւորը հարցրեց՝ «չես կարո՞ւմ ծամես», եւ ես ասացի՝ «ծամում եմ, բայց՝ դժվարությամբ», եւ Գագոն ինձ հարցրեց՝ «սովորական պրոտեզ ա՞», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Գագոն հարցրեց՝ «բա խի՞ իմպլանտ չես քցել», եւ Գեւորն ասաց՝ «էս մարդը որ սոտըվի չի կարում առնի, իմպլանտ ո՞նց կքցի», եւ ես արդարանալով ասացի՝ «էրեխեքս սոտըվի ունեն» եւ ավելացրի՝ «կնիկս էլ ունի», եւ Սաքոն հարցրեց՝ «բա դո՞ւ խի չես պահում», եւ Գեւորը ծիծաղելով ասաց՝ «չի պահում, որ Ռուսաստանի իրա ընկերներին քաշի», եւ ես ասացի՝ «առանձնապես զանգերի չեմ սպասում», եւ Գագոն ասաց՝ «լավ չի», եւ ես հարցրի՝ «ի՞նչը լավ չի», եւ Գագոն ասաց՝ «լավ չի, որ մենակ քո մասին ես մտածում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «կարող ա դու մեկին պետք ըլնես՝ ինքը քեզի զանգի», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «ճիշտն ասած, էդ ուղղությամբ չեմ մտածել, Գագո ջան», եւ Գեւորն ինձ ասաց՝ «ամեն ուղղությամբ էլ պարտավոր ես մտածես» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «փաստորեն, քո սոտըվի չունենալու պատճառով մեր Գագոն իրա շրջապատի մեջ ամոթով ա մնացել», եւ ես մեղավոր ժպտալով Գագոյին ասացի՝ «կներես, Գագո ջան», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ներելու կամ չներելու հարց չկա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «որ մաբիլնի ունենայիր ու զանգիս չպատասխանեիր, հաստատ կնեղանայի, բայց որ վաբշե մաբիլնի չես պահում, ի՞նչը պիտի ներեմ կամ չներեմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել