2009 թ. առաջին կիսամյակում, անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 50,4%-ով՝ մինչեւ 3626.8 հազար լիտր, ասվում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հաշվետվությունում:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Հայ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը, համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով 2009 թվականին, անցած տարվա համեմատ, Հայաստանում սպասվում է կոնյակի արտադրության 55-60% անկում: Հայկական կոնյակի արտադրությունը կրճատվում է հիմնականում Ռուսաստանում եւ Ուկրաինայում սպառման անկման պատճառով:
Պաշտոնական վիճակագրության համաձայն, հաշվետու շրջանում լիկյորի եւ օղու արտադրությունը կրճատվել է 5,9%-ով՝ մինչեւ 5406.3 հազար լիտր: Գինու արտադրությունն ավելացել է 8,9%-ով՝ մինչեւ 1482.5 հազար լիտր: Շամպայն գինիների արտադրությունն ավելացել է 13,6%-ով՝ մինչեւ 70,3 հազար լիտր: Գարեջրի արտադրությունը կրճատվել է 3,1%-ով՝ մինչեւ 4505.3 հազար լիտր: