Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակչությունը իրազեկված չէ

Օգոստոս 01,2009 00:00

\"\"Վատ աշխատած գյուղապետերը իրենց հաջորդների դեմ հայցեր են ներկայացնում

Հայաստանի համայնքներում սեփական եկամուտների՝ հողի հարկի եւ գույքահարկի հավաքագրումը 70%-ի մատույցներում է, Հայաստանի համայնքներում դեռ կան 1996 թվականից եկող աշխատավարձի պարտքեր, բայց կա նաեւ դրական դինամիկա, պարտքերը մարվում են, հարկեր ավելի շատ են հավաքվում: Այդ դրական դինամիկան ներկայացնելու համար երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:

Համայնքներում սեփական եկամուտները քիչ են հավաքվում, արդյունքում մատուցվող ծառայությունները ցածր որակի են, արդյունքում՝ կա բնակչության արդարացի դժգոհություն, բանաձեւեց Վաչե Տերտերյանը: Այս արատավոր շղթան վերացնելու եւ հարկերի առավել մեծ ծավալ հավաքելու համար տարածքային կառավարման նախարարությունում մտադիր են մշակել տեղական ինքնակառավարման մասին օրենքի փոփոխություններ: Հիմա մարզպետարանը մասնակցում է համայնքային բյուջեի կազմմանը եւ մարզպետն էլ համայնքապետի հետ պատասխանատու է դրա կատարման համար: Կարելի է մարզպետին աշխատանքից ազատել կամ համայնքապետին անվստահություն հայտնել: Նախատեսվող փոփոխություններով առաջարկվում է առավել հստակ սահմանել բյուջեի կատարման հարցում համայնքապետի պարտականությունները եւ դրանց չկատարման դեպքում՝ անվստահության մեխանիզմները: Առավել եւս, որ, ինչպես հավաստիացրեց Վաչե Տերտերյանը, կան գյուղապետեր, ում հետ պետք է աշխատել միայն անվստահություն հայտնելու մեխանիզմով; Գյուղապետեր էլ կան, որ պաշտոնավարման ընթացքում լավ չեն աշխատել, աշխատավարձի պարտքեր են կուտակել, իսկ պաշտոնից հեռանալուց հետո դատարան են դիմել եւ պահանջել չստացած աշխատավարձը: Այսօրվա դրությամբ Հայաստանի ավելի քան 900 համայնքներում կա աշխատավարձի 1.26 միլիարդ դրամ պարտք: Պարտքեր գրեթե չունեն Կոտայքի եւ Արարատի մարզերի համայնքները: Շատ են Արմավիրի՝ 264 միլիոն, Գեղարքունիքի՝ 441 միլիոն, Շիրակի՝ 236 միլիոն, պարտքերը: Հայաստանի ամենաաղքատ մարզերից մեկի՝ Գեղարքունիքի պարագայում, նախարարությունը հասկանում է պարտքի մեծությունը, բայց «Արմավիրը իրավունք չուներ այդքան պարտք կուտակել»:

«Առավոտը» տեղեկացրել է, որ հողի հարկի արտոնություններ տրամադրելու մասին օրենքի համաձայն, եթե քաղաքացին մինչեւ այս տարեվերջ վճարի հողի հարկի պարտքերը, կազատվի տույժ ու տուգանք վճարելու պարտականությունից: Այս պահին կա 17 միլիարդ դրամ հողի հարկի պարտք եւ 10 միլիարդ դրամ՝ տույժ ու տուգանք: Վճարվել է 393 միլիոն դրամ պարտք, ներվել՝ 374 միլիոն տույժ ու տուգանք: «Արդյունքները գոհացուցիչ չեն, ընթացքը մեզ չի բավարարում, բայց գործընթացը սկսվել է, մենք կարծում ենք, որ բնակչությունը լավ իրազեկված չէ, որ կա նման հնարավորություն»,- նկատեց Վաչե Տերտերյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել