Արտախորհրդարանական կուսակցությունների գործունեությունը
Սկիզբը՝ նախորդ համարում
Իշխանության համար մղվող պայքարի, այն իրականացնելու կամ վերահսկելու համատեքստում առանձին դիտարկման թեմա է արտախորհրդարանական կուսակցությունների գործունեությունը:
Բոլոր այն պետությունները, որտեղ գործում են երկուսից ավելի կուսակցություններ՝ այսինքն գործում է բազմակուսակցական համակարգ, քաղաքական գործընթացներում մեծ դերակատարում ունեն արտախորհրդարանական քաղաքական ուժերը, որոնք իրենց գործունեությամբ, եթե նույնիսկ չունեն բավականաչափ ռեսուրսներ միայնակ մասնակցելու ընտրություններին, ստիպում են խոշոր քաղաքական կուսակցություններին հաշվի նստել սեփական կարծիքի հետ եւ ձեւավորել կոալիցիաներ՝ ընտրություններում սեփական հաղթանակն ապահովելու նպատակով:
Այս առումով բավականին հետաքրքիր է ուսումնասիրել մեր արտախորհրդարանական քաղաքական կուսակցությունների վարքաբանությունը: Հայաստանյան կուսակցությունների մեծամասնությունը ակտիվանում է միայն ընտրությունների նախաշեմին եւ ընտրություններից անմիջապես հետո անցնում խոր ընդհատակ: Քիչ չեն նաեւ կուսակցությունները, որոնք արդեն երկարատեւ ժամանակ նույնիսկ ընտրություններին մասնակցելու հայտ չեն էլ ներկայացնում: Սա արդեն իսկ նշանակում է, որ տվյալ կուսակցությունները գոյություն ունեն ընդամենը թղթի վրա: Իհարկե շատ պարագաներում նրանք հայտարարում են ընտրություններին մասնակցող այս կամ այն կուսակցությանը սատարելու մասին, բայց կարծում ենք, որ արդեն իսկ քաղաքական ակտիվ գործունեություն իրականացնող կուսակցությունների ղեկավարների համար էլ պարզ է, որ շատ դեպքերում սատարելու մասին նման հայտարարությունները կրում են զուտ քարոզչական բնույթ, եւ իրական քաղաքական գործընթացների վրա նրանց ազդեցությունը գրեթե հավասար է զրոյի:
Վերոնշյալի վառ ապացույցը 2008թ. նախագահական ընտրություններն էին: Արտախորհրդարանական քաղաքական ուժերից շատերը, առանց ակտիվ քաղաքական գործունեություն ծավալելու, նախընտրական շրջանում հայտարարեցին այս կամ այն թեկնածուին սատարելու մասին, սակայն ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ այս կուսակցությունները գրեթե դերակատարություն չունեցան ընտրություններում: Ընդհանրապես 2008թ. նախագահական ընտրությունները, կարելի է ասել, բեկում մտցրեցին ՀՀ կուսակցական համակարգի զարգացման տրամաբանության մեջ: Իհարկե, չհամաձայնելով ՀԱԿ-ի առաջնորդ Լ. Տեր-Պետրոսյանի այն մտքի հետ, որ 2008թ. նախագահական եւ 2009թ. Երեւանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանում գործում է ընդամենը 3 քաղաքական ուժ, պետք է ընդունել, որ կուսակցական դաշտում այս ընթացքում տեղի ունեցան խոշորացման եւ բյուրեղացման անուղղակի գործընթացներ, ինչը հետագայում իր դրական ազդեցությունն է ունենալու ընդհանրապես քաղաքական համակարգի զարգացման վրա:
2007թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԱԺ չանցած ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները, իրենց պարտությունը արդարացնելու համար անխնա քննադատության էին ենթարկում մեկմեկու. ամենուր փնտրվում էին իշխանական ականները, եւ փոխադարձ մեղադրանքների շարքը կարծես անվերջանալի էր թվում: 2008թ. նախագահական ընտրություններին մասնակցելու Լ. Տեր-Պետրոսյանի հայտը էականորեն փոխեց ընդդիմադիր հատվածում կուսակցությունների գործելաոճը: Նախընտրական գործընթացները բերեցին նրան, որ ձեւավորվեց 14 քաղաքական ուժերի դաշինք, որը կարող է վերաճել մեկ քաղաքական կառույցի, եթե ՀԱԿ-ը ներկայացնող կուսակցությունների ղեկավարները կարողանան համաձայնել սկզբունքային եւ գաղափարական հարցերի շուրջ: Փաստ է, որ առանց գաղափարական միասնական հենքի ստեղծված դաշինքները դատապարտված են լուծարման:
2008թ. հետո ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը նախաձեռնել է հասարակության համար էական նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ կուսակցությունների հետ քաղաքական կոնսուլտացիաներ անցկացնելու մարտավարությունը: Իհարկե, դեռեւս ընդամենը երկու նմանատիպ խորհրդակցություն է անցկացվել, որին ծայրահեղ ընդդիմադիր կուսակցությունները չեն մասնակցել՝ ամենատարբեր մեկնաբանություններ անելով, որոնցից հիմնականն այն է, որ իրենք չեն մասնակցում ոչ լեգիտիմ նախագահի նախաձեռնություններին, սակայն պետք է շեշտել, որ այս քաղաքական ուժերը շատ հանգիստ մասնակցեցին նախագահի կարգադրությամբ ստեղծված փաստահավաք խմբի գործունեությանը: Ցավոք սրտի խորհրդակցություններին մասնակցած թե իշխանությանը մաս կազմող եւ թե ընդդիմադիր կուսակցությունները հետագայում այդպես էլ չցուցաբերեցին ակտիվություն եւ նախաձեռնություններով հանդես չեկան: Այսինքն, մեր կուսակցությունների ղեկավարները մնում են այն կարծիքին, որ քաղաքական գործընթաց միայն ընտրություններն են, եւ մինչեւ կուսակցությունները չկարողանան գալ իշխանության, իրենք անելիք չունեն: Սա, կարծում ենք, բերելու է նրան, որ մյուս խորհրդարանական ընտրությունների արդյունքում արտախորհրդարանական շատ կուսակցություններ հայտարարելու են ինքնալուծարման կամ այս կամ այն կուսակցությանը միանալու մասին: Սա է քաղաքական զարգացման տրամաբանությունը, եթե իհարկե մեր կուսակցությունները փոքրիշատե գործում են այս տրամաբանության շրջանակներում:
Ամփոփենք. իշխանության համար մղվող պայքարում, իշխանության գալու, այն պահպանելու կամ վերահսկելու համար կուսակցությունները ակտիվ գործունեություն պետք է ծավալեն ոչ միայն նախընտրական ժամանակահատվածում, այլեւ, ինչն ավելի կարեւոր է, ընտրությունների միջեւ ընկած ժամանակահատվածում: Պետական իշխանությանը մաս կազմող կուսակցությունների գործունեությանը չենք անդրադառնում, քանի որ այս կուսակցությունների խնդիրներն այլ են, եւ նրանց համար էականը կուսակցությունների կողմից իրականացվող մյուս գործառույթներն են, որոնց դեռ կանդրադառնանք մյուս հոդվածներում:
Շարունակելի