Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՒՏԱԿՎԱԾ ԳԵՐԱՎՃԱՐՆԵՐԸ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԵՆ

Օգոստոս 01,2009 00:00

Հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը որպես հարկահավաքության հայելի

\"\"

\"\"

Հարկերը, ինչպես հայտնի է, բոլոր պետությունների գոյության ֆինանսական հիմքն են: Տարբեր պետություններ հարկերի հավաքագրման տարբեր կարողություններ ունեն: Այն կառավարությունները, որոնք ունեն հարկահավաքման բարձր մշակույթ, որպես կանոն, իրենց ազգային եկամտի զգալի մասը հասարակության մեջ վերաբաշխում են հարկերի միջոցով: Այս առումով հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը ցույց է տալիս ինչպես երկրում գործող հարկային բեռը կամ ճնշումը, այնպես էլ կառավարության՝ հարկեր հավաքելու կարողությունը: Անկախության տարիներից ի վեր Հայաստանի բոլոր կառավարությունները ձգտել են ունենալ հարկեր-ՀՆԱ բարձր ցուցանիշ, ինչը առանձնահատուկ կարեւորվում է նաեւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից (այդ ցուցանիշը բավականին լուրջ գործոն է հանդիսանում միջազգային ֆինանսական կազմակերպությունների համար՝ այս կամ այն պետությանը արտոնյալ պայմաններով վարկային ռեսուրսներ տրամադրելիս): Սակայն մինչեւ 2007թ., ակնհայտ է, որ այդ ջանքերը մեծ հաջողությամբ չէին պսակվում: 15 տարի շարունակ մեր երկրում այդ ցուցանիշը տատանվել է 11-16 տոկոսի սահմաններում, ինչը նույնիսկ ԱՊՀ երկրների շարքում ամենացածր ցուցանիշներից էր: Բայց սկսած 2008թ. կարծես նոր միտումներ են արձանագրվում՝ արձանագրվել է շուրջ 20 տոկոս ցուցանիշ: Համաձայն ՀՀ վիճակագրության ծառայության եւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների տվյալների, այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում, հաշվի առնելով ՀՆԱ-ի 16 տոկոս անկումը եւ հարկերի փաստացի գանձված մակարդակը, առանց պարտադիր սոցիալական վճարների հարկեր-ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը կազմել է 20,5 տոկոս, իսկ պարտադիր սոցիալական վճարները ներառյալ՝ 24,5 տոկոս: (աղյուսյակ 1):

Ակնհայտ է, որ նման բարելավումը փոխեց նաեւ Հայաստանի դիրքը երկրների շարքում, օրինակ՝ զարգացման մակարդակով մեզ նման ԱՊՀ երկրների շարքում (աղուսյակ 2):

Բնականաբար, հարց է ծագում, թե ճգնաժամային այս ծանր ժամանակաշրջանում ինչով են բացատրվում նման միտումները: Ընդհանրապես հարկեր-ՀՆԱ հարաբերակցության վրա ազդող հիմնական գործոնները հետեւյալն են.

1. հարկերի հավաքագրման մակարդակ,

2. ՀՆԱ-ի ծավալը եւ կառուցվածքը,

3. երկրում ստվերային տնտեսության աստիճանը,

4. օրենքով սահմանված հարկային բեռը կամ դրույքաչափերը:

Եթե հաշվի առնենք, որ Հայաստանի դեպքում 4-րդ գործոնը գրեթե չի աշխատում, քանի որ վերջին տարիներին հարկերի դրույքաչափերի կամ արտոնությունների կրճատման որեւէ էական փոփոխություն տեղի չի ունեցել, ապա մնում է ենթադրել, որ մեզանում վերը նշված աճը պայմանավորված է երեք գործոններից որեւէ մեկի առաջնայնությամբ կամ դրանց միաժամանակ գործելով: Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ այդ աճը Հայաստանի կառավարությունը վերջին երկու տարում առանձնահատուկ կարեւորում է, եւ այն ձեռք է բերվել հիմնականում հարկերի հավաքագրման ցուցանիշի բարելավման արդյունքում:

Այնպես է ստացվել, որ վերը նշված տարիներին բյուջետային մուտքերի մշտական ուղեկիցն են հանդիսացել գերավճարները, ընդ որում դրանք աճել են ձնագնդի պես եւ 90-ական թվականների մի քանի միլիարդներից տարեցտարի աճելով, մեր տեղեկությունների համաձայն, 2008 թ. վերջին դարձել են 154 մլրդ դրամ: Ճիշտ է՝ ըստ ՊԵԿ-ի տվյալների, նրան հաջողվել է կասեցնել այդ աճը եւ, նույնիսկ, այս կիսամյակի ընթացքում դրանք նվազեցնել շուրջ 20 մլրդ դրամով: Ընդ որում 13 խոշոր հարկ վճարողներին, այդ թվում՝ «ՀայՌուսգազարդ», «Ղ-տելեկոմ», «Էլցանցեր», «Զանգեզուրի ՊՄԿ» եւ այլն, 35 մլրդ գերավճարը նվազեցվել է ավելի քան 8 մլրդ դրամի չափով: Ստացվում է՝ հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը կարող էր ավելի բարձր լինել, եթե չլինեին տարիներով կուտակված գերավճարները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել