Գերմանիայում մեկնարկած «Chess Classic Mainz 2009» շախմատային փառատոնում «Ֆիշերի շախմատ 960-ում» չեմպիոնի կոչումը նվաճեց Ամերիկայի դրոշի ներքո հանդես եկող Հիկարու Նակամուրան, որը եզրափակիչ մրցամարտում 3,5:0,5 հաշվով հաղթեց Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանին: Նախնական փուլից հետո մրցանակային երրորդ տեղի համար պայքարում Սլովակիան ներկայացնող հայազգի գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը պարտության մատնեց գրոսմայստեր Վիորել Բոլոգանին:
Նույն փառատոնի շրջանակներում անցկացվում է նաեւ մեկ այլ ներկայացուցչական մրցաշար՝ «Finet Open»-ը, որտեղ մեր հանրապետությունը ներկայացնում են շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթողներ, գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը եւ Գաբրիել Սարգսյանը: Նրանց հետ միասին հաղթողի կոչման համար պայքարում է նաեւ Սերգեյ Մովսիսյանը: Այստեղ մինչեւ երեկ հինգ հնարավորից առավելագույն միավոր ունեին Մալախովը, Կամսկին, Մամեդյարովը, Մովսիսյանը: Նրանցից կես միավոր պակաս էին վաստակել Վլադիմիր Հակոբյանը, Սերգեյ Գրիգորյանցը (Ռուսաստան), Նավարան, Գրիշչուկը, Զվյագինցեւը եւ Բոլոգանը: Գաբրիել Սարգսյանը եւ Ռաֆայել Վահանյանը 4,0-ական միավորով ընթանում էին, համապատասխանաբար, 13-րդ եւ 19-րդ հորիզոնականներում, իսկ Սերգեյ Գալդունցը 3,0 միավորով 263 մասնակիցների մեջ 68-րդն էր: