Վան Գոգի այս միտքը «սեփականաշնորհել» է կոմպոզիտոր Դավիթ Բալասանը
Օրերս Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կատարվեցին հայ երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործություններ, այդ թվում՝ Դավիթ Բալասանի Դաշնամուրային տրիոն: Համերգին ներկա մասնագետների տարբեր գնահատականներն առիթ տվեցին «Առավոտին»՝ զրուցելու կոմպոզիտորի հետ, ճշտելու, պարզաբանելու ստեղծագործական որոշ սկզբունքներ, որոնք հարազատ են Բալասանին: Նրա մասին խոսելիս երաժշտագետները նշեցին, որ կոմպոզիտորը մղվում է դեպի ավանգարդ երաժշտությունը, դեպի համարձակ փորձարարությունները, եւ նրա երկերում համադրվում են ինտելեկտուալիզմն ու հուզականությունը՝ վկայակոչելով երիտասարդ ստեղծագործողի «Հիշատակի պոստլայդը» ջութակի եւ դաշնամուրի համար, «Ռիտուալի մետամորֆոզները» սիմֆոնիկ նվագախմբի համար, «Ծաղկե պարտեզի խավարումը» կվինտետի համար եւ այլ ստեղծագործություններ: Այս առիթով Դ. Բալասանն «Առավոտին» ասաց. «Ծանոթ լինելով համաշխարհային արվեստի բոլոր ոլորտների ընթացքին՝ որպես ստեղծագործող չես կարող անհաղորդ մնալ: Հենց դրանից են ձեւավորվում ճաշակ, աշխարհայացք՝ հիմնվելով, իհարկե, թե ազգային ձեռքբերումների եւ թե ընդհանրապես ժամանակակից տենդենցների վրա: Ինչ վերաբերում է իմ հասցեին հնչող ավանգարդիստ, համարձակ փորձարար որակումներին, այնքան էլ համամիտ չեմ, քանի որ այսօրվա, օրինակ, եվրոպաբնակ կոմպոզիտորների համար այն, ինչը մեզանում անվանում են ավանգարդ արվեստ, արդեն անցած էտապ է: Իսկ ինտելեկտուալիզմն ու հուզականությունը անհրաժեշտ են ցանկացած արվեստագետի»: Մեր զրուցակիցը հավելեց նաեւ, որ իր ստեղծած երաժշտությունն ուղղակիորեն կապված է արվեստի մյուս ոլորտների հետ, եւ այս առումով ինքն ազդված է մեծանուն արվեստագետների գործերից, այդ թվում՝ Տարկովսկու, Շնիտկեի, Բերգմանի եւ այլոց, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին ու ապրած ժամանակահատվածով հանդիսացել է նորարար:
Այսօր հատկապես երիտասարդները չեն գնում կոմպոզիցիայի դասարան սովորելու, պատճառաբանելով, թե դասական երաժշտությունը չունի պահանջարկ, այս դիտարկմանն ի պատասխան՝ Դ. Բալասանը հայտնեց. «Ստեղծագործական առաջին փորձերս արել եմ 10 տարեկանում եւ հետզհետե համոզվել, որ սա միակ ոլորտն է, որն ինձ հաճույք է պատճառում: Իսկ հոգեւոր հորս համարում եմ ճանաչված կոմպոզիտոր Աշոտ Զոհրաբյանին, որի դասարանում ուսանել եմ կոնսերվատորիայում, ապա՝ ասպիրանտուրայում»: Մեր օրերում դասական երաժշտությունը եկամտաբեր չէ. կարո՞ղ է սա դառնալ հիասթափության առիթ՝ այս հարցին կոմպոզիտորը պատասխանեց Վան Գոգի խոսքերով. «Պատրաստ եմ մշտապես ապրել սուղ պայմաններում, միայն թե չպակասի ստեղծագործական պոտենցիալս»: