Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշուղական արվեստը փրկված է»

Օգոստոս 01,2009 00:00

\"\"Երկու օր առաջ Արամ Խաչատրյան համերգասրահում «Սայաթ-Նովա» մշակութային միության եւ Հայ աշուղների միության նախաձեռնությամբ բանաստեղծ, երգահան Աստղիկ Մելիքբեկյանը ձեռնադրվեց որպես աշուղ:

«Մինչեւ 2006 թվականի ապրիլի 1-ը Աստղիկ Մելիքբեկյանն էի: Ջիվանու անվան աշուղական դպրոցում, որտեղ ես երկար տարիներ ուսանել եմ, մի օր փորձերի ժամանակ կատարեցի «Իմ յարը սոխակ է» երգս, որի տողերն ավարտվում են հետեւյալ կերպ՝ ում ես պահել, աշուղ Աստղիկ, անսեր թոշնող վարդերդ: Թովմաս Պողոսյանը լսեց եւ մի քանի վայրկյան դադարից հետո հայտարարեց՝ այսուհետ դու աշուղ Աստղանուշն ես»,- նշեց նորընծա աշուղը: Ա. Մելիքբեկյանի փոխանցմամբ, աշուղ կարգվելուն երկար է սպասել. «Դրան դժվար են հասնում, մասնավորապես մեր ժամանակներում: Դժվար է մեր ժամանակների աշուղներին եւ վարպետներին համոզել, որ քո հոգին էլ է լեցուն երգերով, որ դու էլ ասելիք ունես, խոսքդ էլ՝ հասցեատեր: Ծնունդով Տավուշից եմ: Ստեղծագործել սկսել եմ դպրոցական նստարանից: Ներշնչանքիս աղբյուր եղել է գուսան Շերամը, ում երգերը դեռ մանկուց լսել եմ մորս շուրթերից»: Աշուղական արվեստի ներկա վիճակի մասին էլ մեր զրուցակիցն ասաց. «Տարիներ առաջ թվում էր, թե էստրադան կլանել է երգարվեստի բոլոր ճյուղերը, աշուղական արվեստն էլ կործանման եզրին է: Բարեբախտաբար հայտնվեցին նվիրյալներ, որոնք աշուղականը փրկեցին կործանումից: Ամեն 2-3 տարին մեկ մի աշուղ է ձեռնադրվում, եւ 21-րդ դարի հայ աշուղների երամը համալրվում է: Ինչպես արվեստի մյուս ճյուղերը, աշուղական արվեստն էլ երիտասարդության ձեռքերում է: Մշտապես համոզված եմ եղել, որ ժողովրդական արվեստը երբեք չի մոռացվի եւ կդառնա նախընտրելի հայ երիտասարդի համար»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել