Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԵՌԱՑՈՒՄԸ ԾԱՆՐ Է «ՆՍՏՈՒՄ» ԲՈՒՀԵՐԻ ՎՐԱ

Օգոստոս 01,2009 00:00

\"\"Այս հաստատություններում աշխատում են հնարավորինս քիչ ուսանող հեռացնել, որ կարողանան ուսման վարձավճարներով աշխատավարձ վճարել:

Այսօր կհրապարակվեն 2009թ.-ին պետական բուհեր ընդունված երջանիկների անունները: «Առավոտը» շնորհավորում է բոլոր 1-ին կուրսեցիներին եւ հույս հայտնում, որ նրանց համար բուհը լինի կրթական օջախ եւ ոչ թե, ինչպես հաճախ է պատահում, հենց սեպտեմբերի 1-ից ավարտվի նրանց ուսման պրոցեսը, եւ բուհը դառնա նպատակ, որի իրագործումից հետո կարելի է ձեռքերը ծալել ու քաշվել մի կողմ: Մեր հասարակության մեջ գերիշխող հենց այս տրամաբանության պատճառով էլ ամեն ուսումնական տարեվերջի ՀՀ բուհերից որոշ ուսանողներ են հեռացվում: «Առավոտի» ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ուսանողների հեռացումների պատճառների առյուծի բաժինն ընկնում է վատ առաջադիմությանը: Բուհերի վրա ուսանող հեռացնելը ծանր է «նստում», քանի որ այդ հաստատությունների արտաբյուջետային միջոցները, որոնց հաշվին վճարվում են աշխատավարձերը, գոյանում են վարձավճարներից: Այդ պատճառով էլ հայաստանյան բուհերում մշակել են մեխանիզմներ, որոնք ուսանողին մի քանի հնարավորություն են տալիս չհանձնած առարկան վերահանձնելու, եւ միայն ծայրահեղ դեպքում են հեռացվում: ՀՊՃՀ միջազգային համագործակցության եւ կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Ռուբեն Աղգաշյանի տեղեկացմամբ՝ բուհում գործում է միջանկյալ ատեստավորումների, քննությունների համակարգը, որի շնորհիվ ուսանողը կարող է տարվա ընթացքում հավաքել իր վերջնական գնահատականը: Բայց պարոն Աղգաշյանը նկատեց. «Ցավոք, հաճախ այս համակարգից օգտվում են լավ սովորող ուսանողները, ոչ թե նրանք, որոնց հնարավորություններն ավելի թույլ են, եւ որոնց համար էլ ստեղծվել է այս համակարգը»: Ըստ ՀՊՃՀ-ում գործող ներքին կանոնակարգի՝ եթե 9-10-րդ շաբաթներում միջանկյալ ատեստավորումների 2/3-ից ավելին 0 է, ոչ թե 1 կամ 2, եւ ուսանողի բացակայությունների ընդհանուր ժամաքանակը սահմանված նորմից բարձր է, նրան տրվում է նկատողություն եւ ներկայացվում է հեռացման: Ռ. Աղգաշյանն ասաց. «Ակադեմիական ցածր առաջադիմության համար հեռացման են ենթակա 8000-ից 63 ուսանող, որոնցից 13-ը մագիստրոս են: Նրանց մեջ կան ուսանողներ, որոնք իրենց կապերը խզել են համալսարանի հետ՝ առանց որեւէ դիմում ներկայացնելու: Այս թիվը նախորդ տարվա համեմատ մոտավորապես նույնն է»: Այս ուսանողները, կարգի համաձայն, կարող են վերականգնվել՝ դիմում ներկայացնելով եւ լրացնելով այն առարկաների կրեդիտները, որոնց չհավաքելու պատճառով էլ ներկայացվել են հեռացման: Ուսանողների մեջ կա մտայնություն, թե ինչ էլ անեն՝ իրենց չեն հեռացնի, քանի որ ուսանողը բուհի համար առաջին հերթին գումար է: Պարոն Աղգաշյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ սկզբունքներով են որոշում կայացնում: Նա նշեց. «Բուհը պետությունից չնչին գումար է ստանում, իսկ արտաբյուջետային միջոցների 90%-ը ձեւավորվում է ուսման վարձերից, ուստի շահագրգռված ենք ուսանող չկորցնել, մանավանդ տեխնոլոգիական կրթությունը ոչ միայն ՀՀ-ում, այլեւ այլ երկրներում այսօր այնքան էլ պոպուլյար չէ»: Հետաքրքրվեցինք՝ միջնորդություններին եւ ճնշումներին ինչպե՞ս են դիմակայում: Պրոռեկտորն ասաց. «Վակուումի մեջ չենք ապրում, բայց մեզ մոտ այդ հարցը խիստ է դրված: Քիչ առաջ ներկայացված մեխանիզմը մշակել են նրա համար, որ բացառվեն այդ բաները: Չէ՞ որ ուսանողի գնահատականի մի մասը ֆիքսվում է ընթացքում, ուստի միջնորդությունների դեպքում պիտի գործարքի մեջ մտնել մի շարք մարդկանց հետ»:

ԵՊՀ-ում էլ են անում ամեն ինչ, որ ուսանող չկորցնեն: Ինչպես ասաց ուսումնական վարչության պետ Հրանտ Ժամհարյանը՝ հեռացման են ենթարկվում այն ուսանողները, որոնք չեն հանձնել 3 քննություն ու 1 եւ ավելի ստուգարք: Առկա բաժիններում սովորող հեռացման ներկայացված 34 ուսանողից կհեռացվի միայն 14-ը, մնացածին մեղմացուցիչ հանգամանքների շնորհիվ ընդառաջել են: Հ. Ժամհարյանը տեղեկացրեց. «Ցերեկայինում սովորող 7 ուսանող եւ հեռակա բաժնի 20 ուսանող ընդհանրապես չի մասնակցել քննաշրջանին՝ վարձ չվճարելու պատճառով: Լինում են դեպքեր, երբ ծնողը երեխային վարձի գումար է տալիս, իսկ նա չի վճարում, հետո էլ ծնողը զարմանում է: 7 հոգի հեռացվել է՝ իր դիմումի համաձայն: Կարգապահական պատճառով հեռացվողներ չկան: Ուսանողի վճարած գումարից է բխում, որ մեղմ ենք: Մենք չենք կարող աշխատավարձ բարձրացնել, բայց գոնե չպիտի նվազեցնենք, ուստի ստիպված ենք վատ սովորող ուսանողի հաշվին պահպանել աշխատավարձը, բայց նաեւ չափ ուսահման գոյություն ունի»: Մեր հարցին՝ դա չի՞ բերում կրթության որակի անկման, պարոն Ժամհարյանն այսպես արձագանքեց. «Որակն, իհարկե, ընկնում է: Եթե համալսարանն ունենար լուրջ ֆինանսներ եւ հույսը վարձի վրա չդներ, կպահեինք ուսանողների 30%-ը եւ փայլուն շրջանավարտներ կունենայինք: Դա ոչ միայն համալսարանի, այլեւ կառավարության մտածելու հարցն է»: Հեռացման ենթակա ուսանողների թվով առաջին հորիզոնականներում են միջազգային հարաբերությունների, ֆիզիկայի, մաթեմատիկայի, մեխանիկայի, տնտեսագիտական, իրավագիտության ֆակուլտետները:

Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում հեռացված ուսանողների թիվն աճել է: Եթե 2007-08 ուստարում 4110 ուսանողից հեռացվել է 45-ը, ապա այս տարի՝ 3746-ից՝ 67-ը: Բուհի ուսումնական մասի վարիչ Զարուհի Սողոմոնյանից հետաքրքրվեցինք՝ սրա պատճառը բուհում խստության աստիճանի բարձրացո՞ւմն է, թե՞ կան այլ պատճառներ: Նա ասաց. «Ներկայացվող պահանջները կրեդիտային համակարգի լույսի ներքո ավելի հստակեցվել են: Բայց հեռացման պատճառը գցել միայն պահանջների խստացման վրա՝ ճիշտ չի լինի»: Զ. Սողոմոնյանի տեղեկացմամբ՝ իրենց բուհից 1 ուսանող հեռացվել է անհարգելի բացակայությունների, 5-ը՝ վարձավճարի չվճարման պատճառով, 7 ուսանող էլ՝ իր դիմումի համաձայն: Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ պատճառաբանությամբ են իրենց դիմումի համաձայն հեռանում: Զ. Սողոմոնյանը պատասխանեց. «Լուրջ պատճառաբանություններ չեն լինում: Օրինակ՝ վերջերս մի աղջիկ տեղափոխվեց «Ինտերլինգվա» համալսարան՝ պատճառաբանելով, թե քույրն է այնտեղ սովորում, կան ուսանողներ, որոնք գալիս են այլ բուհերից, հետո, չկողմնորոշվելով, ետ են վերադառնում»: Իսկ ուսանողներին հեռացնելը ծանր չի՞ նստում բուհի վրա՝ այս հարցին նա պատասխանեց. «Եթե առաջնային համարենք միայն աշխատավարձ վճարելու փաստը, կրթության որակը բավականին կընկնի: Չեմ կարող ասել, որ մեր բուհը չի մտահոգվում այդ խնդիրներով, եթե 67 ուսանողը բազմապատկենք 400 հազարով, կտեսնենք ինչ ահռելի գումար ենք կորցնում, բայց մեզ համար կարեւոր է նաեւ կրթության որակը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել