Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԿԱՆ ՏԵՍԱԿԻ ԽՆԴԻՐԸ

Օգոստոս 01,2009 00:00

\"\"Հայաստանի տնտեսական վիճակը եւ Ղարաբաղի հարցը

Տեսակի խնդիր ունենք։ Հաստատ։ Իշխանական հաղորդամիջոցները ամբողջ օրը թմբկահարում են. տեսա՞ք, ոչինչ էլ չստորագրվեց, Ղարաբաղը իր այսօրվա կարգավիճակից ցածր կարգավիճակ չի ստանա (ոչ ոք չգիտի, թե այսօր Ղարաբաղը ի՞նչ կարգավիճակ ունի)։ Զարմացնում է մեկ այլ բան, այդ ինչպե՞ս է լինում, որ 3 հզորագույն պետությունների ղեկավարներ հայտարարություն-կոչ են անում եւ ըստ այդմ թելադրում կարգավորման սկզբունքները։ Այդ ինչո՞ւ են փոխզիջումային անվանում մի տարբերակ, ուր միայն մի կողմի զիջումներն են։ Այդ ինչո՞ւ է Ադրբեջանը, որը, ըստ հայտարարության, միայն ստանում է, մի բան էլ մունաթ գալիս, սպառնում պատերազմով, փոխանակ շնորհակալություն հայտնի։ Այդ ինչո՞ւ է Հայաստանը այսքան իջել։

Ընդդիմությունն արդարացիորեն քննադատում է առաջ քաշված լուծման տարբերակը։ Բնական է, նա նշում է, թե 1997-ի լուծումն՝ ուր, այս լուծումն՝ ուր։ Բավական է նշել, որ այն ժամանակ Ղարաբաղը բանակցության կողմ էր եւ թղթի տակ իր ստորագրությունը պետք է դներ։

Ինչեւէ, հեռու եմ այն մտքից, թե 1997-ին խնդիրը լուծվում էր, հիմա՝ ոչ։ Բայց վստահ եմ, որ այն ժամանակվա լուծումն ավելի լավն էր։ Վերջին 12 տարիներին, որից 10-ը Քոչարյանի ոչ բարով-խերով նախագահության տարիներն էին, մեզ առաջարկվող «զիջումները» գնալով վատացել են։ Նույն Քոչարյանը իր տասնամյա իշխանության սկզբում ավելի մեծ ակնկալիքներ ուներ, քան վերջում։ Ինչո՞ւ։ Ինչո՞ւ, օրինակ, Օսկանյանն ու Նալբանդյանը Ղարաբաղի ժողովրդի դարդն ու ցավը այս 12 տարիներին աշխարհին չեն պատմել։ Աշխարհն էլ կտեսներ՝ ո՞վ է արդարը եւ ըստ այդմ՝ կկողմնորոշվեր։ Այդ ինչո՞ւ են մեզ առաջարկվող «զիջումները» նոսրանում, իսկ մեզնից վերցնելիքը՝ շատանում։ Ի վերջո, ինչո՞վ է վատ առկա վիճակը։ Պատերազմ չկա, չէ՞։ Դրանից լավ էլ ի՞նչ եք ուզում այս տարածաշրջանի համար։

Կուզենայի այս հոդվածում շարադրել վերջին 20 տարիների տնտեսական զարգացման պատմությունը տարածաշրջանում։ Բացարձակապես վստահ եմ, որ հայ պատմագիտությունը ունի մի հսկայական բաց. այն չունի հայկական սոցիալ-տնտեսական ինստիտուտների պատմական էվոլյուցիայի վերլուծության եւ պատմական փաստերը այդ էվոլյուցիայի շրջանակներում ընդհանրացնելու ավանդույթ։ Առանց նման մոտեցման (տես, օրինակ, Ա. Թոյնբիի աշխատությունները) այնքան էլ պարզ չեն դառնում մեր ժողովրդի պատմական նահանջները. լինելով աշխատասեր, ազնիվ ու քաջ՝ մենք, այնուամենայնիվ, վերջին 1000 տարիներին կորցրել ենք տարածքների 90 տոկոսը, իսկ բնակչության թիվը 6 մլն-ից հասել է 3-ի։ Այդ նույն շրջանում թյուրքերի թիվը 3 մլն-ից հասել է 300 մլն-ի։ Հետաքրքիր է մեկ այլ փաստ եւս. վերջին 1000 տարիներին Հայաստանին չի հաջողվում բնակչության մեկ շնչի հաշվով գերազանցել 7000 ներկայիս ԱՄՆ դոլարի ՀՆԱ արտադրության մակարդակը։ Ընդ որում, 1000 տարվա ընթացքում այդ թվի էական փոփոխություն չի եղել. այն մեծ մասամբ (չհաշված պատերազմի տարիները) տատանվել է 500-5000 դոլարի սահմաններում։ Թյուրքերի թիվը միայն վերջին 100 տարիներին 35 մլն-ից հասել է 300 մլն-ի (աշխարհի բնակչության թիվն այդ ընթացքում ավելացել է ընդամենը 6 անգամ)։ Հայաստանն ու հայերն այդ ընթացքում պակասել են։ Ընդհանրապես մահմեդական աշխարհը բնակչության աճի նախանձելի տեմպեր է դրսեւորում։ Եթե 100 տարի առաջ կար ընդամենը 180 մլն մահմեդական, եւ նրանք կազմում էին աշխարհի բնակչության 16%-ը, ապա այսօր՝ 2400 մլն մարդ եւ 36%։ Ես, իհարկե, հեռու եմ հակաթյուրքականության եւ հակամահմեդականության պրիմիտիվ դատողություններից։ Քիչ հետո պարզ կդառնա ասածիս իմաստը։ Իսկ հիմա արձանագրենք, որ աշխարհով մեկ, անկախ պատերազմների ելքից, պատմական համար մեկ գործոնը դեմոգրաֆիան է։ Զուր չէ Մուհամեդը որդեգրել բազմակնության թեզը։ Պատերազմի ժամանակ ինչքան էլ տղամարդ զոհվի, բնակչության աճին վտանգ չի սպառնում։

Հիմա նայենք ստորեւ բերված աղյուսակին, որը կազմված է ՀԲ-ի տվյալներով՝ առանց դրանք փոքրիշատե փոփոխելու (www.worldbank.org/data/wdi)։ Բացառություն է կազմում 2009թ. (սա մեր հաշվարկի արդյունքն է)։

\"\"

Պարզ է, չէ՞, ի՞նչ էր ընդունել Քոչարյանը 1997-ին եւ ի՞նչ է թողել մեզ։ Չնայած նրա երկնիշ տնտեսական աճին (մի կողմ թողնենք նրա սարքովի վիճակագրությունը), Հայաստանը 10 տարվա ընթացքում երկու անգամ հետ է ընկնում Ադրբեջանից։ Մինչդեռ 1997-ին մենք առջեւում էինք։ Սա գործո՞ն է, թե՞ ոչ։ Իսկ ամենակարեւորը. Հայաստանի բնակչությունն այդ ընթացքում նվազում է 5%-ով, իսկ Ադրբեջանինն ավելանում է 11,5%-ով։ Եվ սա՝ ըստ պաշտոնական՝ վստահություն չներշնչող վիճակագրության։ Հիմա ինքներդ ձեզ դրեք հարց լուծող գերտերության տեղ (չգիտեմ, պատկերացրեք, որ ամերիկացի եք, ռուս կամ ֆրանսիացի, կամ էլ հենց տեր Աստվածն եք)։ Ո՞ւմ հետ պետք է ավելի լուրջ հաշվի նստել։ Ադրբեջանի։ Այդ ո՞ւմն է, որ վիճելի տարածք տալով, մարդկությանն ավելի մեծ օգուտ կտաք։ Ադրբեջանին։ Նա ավելի լավ է ժողովուրդ պահում եւ ուրեմն՝ ավելի պակաս ռիսկային է մարդկության համար։ Ումի՞ց կարելի է ավելի հեշտությամբ զիջումներ ակնկալել։ Հայաստանից։ Այդ ո՞ր երկիրն է, որ գերտերությունների համար տնտեսական գործոն չէ։ Իհարկե՝ Հայաստանը։ Հլա մի բան էլ անընդհատ օգնություն է խնդրում։

Հիմա ուղիղ նայենք խնդրին։ Իսկ ինչո՞ւ այսպես ստացվեց։ Ինչո՞ւ դեռ մի 10-12 տարի առաջ Հայաստանն ավելի հետաքրքիր տնտեսական գործոն էր։ Այդ ո՞վ մեզ այս վիճակին հասցրեց։ Այստեղ է, որ պատասխանը միանշանակ է. Ռ. Քոչարյանը։ Այս մարդն է իրականում այլանդակել տնտեսությունը, վերարտադրության ռեսուրսները, սեփական կաշվի շահերից ելնելով, ուղղել, այսպես կոչված, էլիտար շինարարությանը, տնտեսությունը կենտրոնացրել մի քանի օլիգարխների ձեռքում, ինքը դարձել դրանցից ամենաունեւորը։ Եթե մենք նկատի ենք ունենում հարստության բաշխվածությունը (Հայաստանում այն ավելի սուր է, քան Ադրբեջանում. 45 ընտանիք տնօրինում են ՀՆԱ արտադրության եւ բաշխման 55%-ը), գործազրկության մակարդակը (Հայաստան՝ 27%, Ադրբեջան՝ 11%), բյուջետային միջոցներով բավարարվածության աստիճանը (բնակչության մեկ շնչին Ադրբեջանն ունի 1500$ բյուջե, Հայաստանը՝ 950), ապա Ադրբեջանը պարզապես առաջ է պոկվում։

Քոչարյանի ու Սարգսյանի օրոք Հայաստանի շեշտակի ետ ընկնելը, չնայած հռչակած երկնիշ տնտեսական աճին, ակներեւ է ոչ միայն Ադրբեջանի, այլեւ համաշխարհային միջինի, Եվրոպայի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ուկրաինայի եւ այլ երկրների նկատմամբ։ Ընդհանուր առմամբ բնակչության մեկ շնչին ընկնող մակրոտնտեսական ցուցանիշներով Հայաստանը այս 12 տարիներին 70-80-րդ տեղերից նահանջել է 115-125-րդ տեղերը՝ շուրջ 200 պետությունների մեջ։ Հայաստանի տնտեսական «զարգացման» կորը տարօրինակ զուգադիպությամբ կրկնում է մեր ֆուտբոլի հավաքականի վարկանիշը։

Անտեղի են Ադրբեջանի տնտեսական հաջողությունները բացառապես նավթով պայմանավորելու մոտեցումները։ Անցյալ տարի, օրինակ, արդյունաբերական աճի մեջ ամենամեծ տեսակարար կշիռը մեքենաշինությունն է ունեցել։ Մեքենաշինություն։ Հասկացա՞ք։ Իսկ Հայաստանում Քոչարյանի օրոք այս ճյուղը, 1996թ. համեմատությամբ, զրոյացել է։ Հայաստանում արդյունաբերություն չկա։ Հայաստանում միայն սննդարդյունաբերություն կա։ Նույնիսկ մի քանի հատուկ գործարաններ, կառուցված 1992-1994թթ., փակված են։

Հա, նավթի մասին։ Ադրբեջանի նավթն, ի դեպ, չի սեփականաշնորհվել։ Առաջ անցնելով՝ Զ. Բալայանին, որը ծավալուն հոդվածներ էր գրում ռուսալեզու թերթերում առ այն, թե ադրբեջանական նավթի պաշարների մասին լուրերը խիստ չափազանցված են, հիշեցնենք, որ Ադրբեջանի նավթի պաշարները խորհրդային տարիների համեմատ ավելացել են 4, իսկ գազինը՝ 8 անգամ։ 20 մլրդ բարել նավթը խաղ չէ։ Դրա շուկայական արժեքը 1,2 տրլն դոլար է։ Իլհամ Ալիեւն, ի դեպ, այդ նավթը չի սեփականաշնորհել եւ դրանից ստացված եկամուտը ծառայեցնում է ազերիների բարօրությանը։ Ինչո՞ւ պետք է սեփականաշնորհեր։ Մարդն ամբողջ երկիրն է համարում իրենը։ Սեփականաշնորհելու կարիք չունի։

Իսկ Քոչարյա՞նը։ Մեր նավթն էլ մեր մոլիբդենն էր, Քաջարանի ՊՄԿ կոչվածը։ Մի քանի տարի առաջ 2 մլրդ դոլար տարեկան կապիտալիզացված վաճառքների ծավալ ունեցող այդ հսկան Քոչարյանը սեփականաշնորհում է ընդամենը 132 մլն դոլարով մի «անհայտ» ընկերության, այն էլ՝ առաջիկա տարիներին շահույթից վճարելու պայմանով։ Այսօր կասկած չկա, թե ով է այդ «անհայտ» ընկերությունը։ Ընդհանրապես Քոչարյանին բնորոշ էր օֆշորների միջոցով հսկայական տնտեսական համալիրներ սեփականացնելու գործելաոճը. Արարատի ցեմենտի գործարանը՝ 100 մլն դոլար արժողությամբ այդ հսկան, սեփականաշնորհվել է ընդամենը 1-2 մլն դոլարով, հետագայում այդ գործարանին իբր թե գազի գնի թանկացման փոխհատուցում տրվել է բազմատասնյակ մլն դոլար։ Քիչ է՝ ձրիաբար տվել են, հետո էլ մի քանի տասնյակ մլն դոլարի սուբսիդիա են հատկացրել։ Ուսանելի է նաեւ Երեւանի կենտրոնում կառավարական շենքերը սեփականաշնորհելը, «Արդշինբանկը» «Արդշինինվեստբանկ» դարձնելը, «Խնայբանկի» սեփականաշնորհումը եւ այլն։ Հետաքրքիր է նաեւ այն, որ ինչ-որ պահից սկսած՝ պետական մարմինները գնում են միայն «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ, համապատասխան բջջային հեռախոսներ։ Հո պատահակա՞ն չէր մազութի գործը Սադոյանին պատվիրելը։ Հիմա էլ ԱՖԿ «Սիստեման»։ Նորմալ հարց էինք բարձրացրել. մինչեւ այստեղ աշխատանքի անցնելը Ռ. Քոչարյանը «ՎիվաՍելի» բաժնետեր եղե՞լ է, թե՞ ոչ։ Սա մենք պարտավոր ենք իմանալ։ Խոսքը ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած մարդու մասին է։ Պատասխան չկա։ Հարցրել էինք նաեւ, թե ո՞ւմ է 1 բնակարանի գնով սեփականաշնորհվել Երեւանյան լճի ափին գտնվող, վերանորոգված մանկական հսկայական համալիրը։ Զորի Բալայանը դրա հետ կապ ունի՞։ Էլի պատասխան չկա։ Դե, եթե համարենք, որ լռությունը համաձայնության նշան է, ապա նման համալիր ունենալու համար շատերը պատրաստ կլինեն դիմել ծովագնացային «խիզախումների»։

Հիմա հասկանո՞ւմ ես, սիրելի ընթերցող, Հայաստանի ու Ադրբեջանի տարբերությունը։ Հայկական գործարար չկա։ Քոչարյանի եւ Սարգսյանի մականունավոր դրածոները գործարար չեն։ Դրանցից ոչ մեկը, որպես կանոն, ոչ մի բիզնես չի ստեղծել, ոչ մի տարածաշրջանային նշանակության բրենդ չունի։ Այդ մարդկանց գործարարությունը ինչ-որ գործի մենաշնորհ ունենալն է, պետական ռեսուրսը ձրիաբար կամ չնչին գնով վերցնելը։

Դեռ 1994-ին, նկատի ունենալով, որ միջազգային հանրությունը Ղարաբաղի պրոհայկական լուծմանն այնքան էլ հակված չէ, ՀՀ կառավարությունը օժանդակեց Ադրբեջանից փախած հայերի՝ դեպի պատմական Արցախի տարածքներ վերաբնակեցմանը։ Մեկ տարուց էլ պակաս ժամանակահատվածում 16 հազ. մարդ վերաբնակեցվեց։ Դրանից հետո, սրանց կառավարման 12 տարիների ընթացքում, այդ թիվն… իջավ մինչեւ 8 հազ. մարդու։ Եթե այսօր Ղարաբաղում 350-400 հազ. մարդ լիներ (ի վերջո, Ադրբեջանից փախել է 500000 հայ, իսկ Հայաստանից ու Արցախից՝ ընդամենը 250000 ադրբեջանցի), հավատացեք, խնդրի միջազգային լուծումն այլ կլիներ։ Ծայրահեղ դեպքում Հայաստանը դուրս կգար բանակցություններից, եւ թող Ադրբեջանը պայմանավորվեր 400-հազարանոց Ղարաբաղ պետության հետ։ Բայց չէ, սրանք գործը ձախողեցին, վերաբնակեցողին էլ գործից հանեցին։ Վերաբնակեցման առիթը բաց թողնելու մեղավորը Քոչարյանն է։ Ղարաբաղի հարցի լուծման ավելի լուրջ կռվան հնարավոր չէր ակնկալել։ Քաջարանը վաճառեիք ոչ թե 132 մլն դոլարով, այլ 1,5-2 մլրդով եւ փողը ծախսեիք վերաբնակեցման նպատակով։ Վերջին մի քանի ամիսներին ձեռնարկած միջոցները վիճակը չեն փոխի։ Դրան ավելացնենք այն, որ Ղարաբաղի բարձրաբերձ պաշտոնյաները մեկը մյուսի հետեւից տեղափոխվում են Հայաստան։ Այսպես, վերջին 12-13 տարիներին Հայաստանում մշտական բնակություն են հաստատել ԼՂՀ բոլոր նախագահները, վարչապետները, պաշտպանության նախարարները եւ այլն։ Բան չունեմ ասելու, կարող է պատահի մի լավ կադր Ղարաբաղից Հայաստան տեղափոխվի։ Բայց առաջին. եթե մի հոգի բերում ենք ԼՂՀ-ից, ապա մի 4 հոգի Հայաստանից Ղարաբաղ պիտի գնան։ Երկրորդ. բոլոր դեպքերում ԼՂՀ նախագահները պետք է ծնվեն եւ մեռնեն Ղարաբաղում։ Այլապես շատ դժվար է մարդկանց համոզել, որ Ղարաբաղը մերն է մնալու։ Չէ՞ որ հենց նրանք իրենց ապագան Ղարաբաղում չեն տեսնում։ Էլ ինչո՞ւ ենք մունաթ գալիս բրայզաների, ֆասիեների ու մերզլյակովների վրա (ասենք, քոչարյանենց Հայաստան գալով Ղարաբաղում շանս է ստեղծվել նորմալ պետություն, անկաշառ ոստիկանություն ու դատական համակարգ ունենալու)։

Չե՞ք զարմանում, որ 19 տարվա մեջ ոչ մի սփյուռքահայ որեւէ խոշոր բիզնես Հայաստանում չստեղծեց։ Եղբայր, այդ 5 մլն սփյուռքահայի մեջ մի «օլիգարխ» չգտնվե՞ց։ Սփյուռքահայերին պատկանող որեւէ խոշոր գործարան Հայաստանում չկա։ Մարդիկ գերադասում են տասնյակ միլիոններ տրամադրել օգնության ձեւով, բայց Հայաստանի տնտեսական կյանքին խառնվելու իրավունք չունեն։

Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչու ենք պարտվում։ Որովհետեւ մեր երկիրը մեր ժողովուրդն այլեւս իրենը չի համարում։ Սա Քոչարյանի, Սարգսյանի, Աբրահամյանի եւ այլոց երկիրն է, որը մեր հետ առերեսում չունի։ Հայաստանում հաճախ է այդպես եղել։ 1045թ. էլ Հայաստանը մեր երկիրը չէր։ Գետադարձ կոչված կաթողիկոսինն էր. գյուղերով, քաղաքներով։ 428-ին էլ մերը չէր։ Կաթողիկոսն ու նախարարները, որոնք այն ժամանակվա օլիգարխներն էին (մի առիթով, գիտական հետաքրքրությանս շրջանակներում գրել եմ, որ այն ժամանակվա հիմնական մարտահրավերը խոշոր, իր դարն անցած նախարարական հողատիրությունից սեպուհական-ազնվական հողատիրությանն անցնելն էր, եւ 5-րդ դարի սկզբին խնդիրը նախարարներին, հողատեր կաթողիկոսին վերացնելն էր, ոչ թե թագավորին), որոշեցին ազատվել պետությունից։ 1920-ին էլ մերը չէր։ Միայն խմբապետ Համազասպի նմաններից ազատվելու համար ժողովուրդը պատրաստ էր ողջունել թուրքական զորաբանակը։ Հասկանում եք, որ տնտեսական որոշակի աստիճանի կենտրոնացումից հասարակական ինքնապաշտպանական մեխանիզմներն աշխատում են. կամ պետք է իրավիճակը շտկվի, կամ էլ, հանուն ժողովրդի փրկության, պետք է պետականությունը դադարեցվի։ Այս վերջին «լուծումը», պետականության կորուստը՝ միշտ չէ, որ ցանկալի արդյունք է տալիս երկար ժամանակի համար։ Բայց եթե պետություն կոչվածը նույնացվում է մի «հայ» մեծահարուստի, զոռբայի, խուժանի հետ, ապա հայ ժողովուրդը ստիպված է լինում հանդուրժել օտարի լուծը։

Զգուշացնում եմ. տնտեսական կառուցվածքների էվոլյուցիան շատ կարեւոր է պետության դերակատարումը հասկանալու համար։ Հիշում եմ, օրինակ, 1992թ. ամառը։ ՀՀ նախագահի հանձնարարությամբ մի խումբ պաշտոնյաների հետ երկարատեւ գործուղման էինք Ղարաբաղում։ Դժվար ժամանակներ էին։ Թշնամին հասել էր Վաղուհաս, գնդակոծում էր Գանձասարը։ Բախտը կարծես թե մեզանից երես էր թեքել։ Ստեղծվել էր պաշտպանության կոմիտե՝ Քոչարյանի գլխավորությամբ։ Սա անելիքը չէր պատկերացնում։ Իրավիճակի նույնիսկ մակերեսային վերլուծությունը բերեց հետեւյալ եզրակացության. Ղարաբաղում շտապ տնտեսական ռեֆորմներ են պետք՝ գների ազատականացում, հողի սեփականաշնորհում, առեւտրի ազատականացում եւ այլն։ Քոչարյանն այն ժամանակ նման բաներից ոչինչ չէր հասկանում։ Նրա պատկերացմամբ՝ պատերազմի պայմաններում պետք էր կենտրոնացնել ռեսուրսները (որոնք չկային) եւ բաժանել։ Բանը հասել էր նրան, որ Ղարաբաղում մսի կիլոգրամն արժեր (պետական գինը) 25ռ., իսկ Հայաստանում՝ 1000։ Ժողովուրդն անասունն առաջ արած ոտքով գալիս էր Հայաստան։ Էլ ի՞նչ կռիվ, ի՞նչ պատերազմ։ Քիչ ջանքեր չպահանջվեցին՝ Քոչարյանին համոզելու համար, որ նման քաղաքականությունը կործանարար է։ Այո, հենց պատերազմի ընթացքում հարկ էր ազատականացնել գները։ Մի քանի ժամում մի երկու տասնյակ որոշում նախապատրաստեցինք, Քոչարյանը, բարեբախտաբար, ստորագրեց դրանք, եւ շուտով ռազմաճակատում վիճակը փոխվեց։ Որովհետեւ մեր զինվորը հասկանում էր, որ պաշտպանելով մեր հողը՝ նա պաշտպանում էր ինչպես հայրենիքը, այնպես էլ իր սեփական հողը։ Սա տեխնոլոգիական առավելություն էր։ Ադրբեջանցի զինվորը ի վերջո ուրիշի (Ալիեւի, այլոց) հող էր պաշտպանում։ Ի վերջո, ինչքան էլ իմ կառավարությունը ազատական համարեն, 4800 որոշումից, որոնք ստորագրել եմ իբրեւ վարչապետ, 3100-ը ուղղակի կամ անուղղակի բանակին են վերաբերվել։ Պատահական չէ, որ բանակաշինարարության եւ ազատական տնտեսական բարեփոխումների հենց նման սիմբիոզն էր պատճառը, որ թույլ տվեց ՀՀ իշխանություններին հենց բարեփոխումների ժամանակ ամրագրել բոլոր հիմնական ռազմական հաջողությունները։ Հիմա հասկանում եք 1990-1994թթ. պատերազմի հայկական առավելությունների մասին։ Այսպիսի բան չէինք ունեցել մի 1000 տարի։ Համոզված եմ, Բագրատունիների թագավորության կործանման պատճառներից մեկն էլ (նույնիսկ ամենակարեւորը) մասնավոր սեփականության բացակայությունն էր, հողերի պետականացումը։ Արաբներն իրենց տիրապետության ընթացքում սահմանելով դրամական հարկեր՝ իրենցից անկախ խրախուսեցին ապրանքա-դրամական հարաբերությունները, հողի ապապետականացման գործընթացները եւ դրանով հող նախապատրաստեցին Բագրատունյաց Հայաստանի համար։ Իսկ վերջիններս պետականացրին հողը, տնտեսական միջոցները՝ այն տալով Պետրոս Գետադարձի նմաններին։ Նույնը դաշնակները՝ 1920-ին։ Պետականացնելով ամեն ինչ, կենտրոնացնելով ունեցվածքը՝ նրանք այդ ամենը հանձնեցին համազասպների տնօրինությանը։ Նման պետությունը պահպանելը չի կարող լինել ժողովրդի կենսական հետաքրքրության շրջանակներում։

Հիմա Հայաստանում նույն իրավիճակն է։ Իրոք, տեսակի խնդիր ունենք։ Քոչարյանական տեսակը գրավել է ամեն ինչ։ Եթե մենք չհեռացնենք այս տեսակը քաղաքական ու տնտեսական իշխանությունից, այս տարածքները ի վերջո թուրքին են անցնելու։ Այս տարածքներ ասելով ես նկատի ունեմ ոչ միայն Ղարաբաղը։

Պարզ է մի բան. այսօր Հայաստանի տնտեսական զարգացումը հակասում է Քոչարյանի ու նրա դրածոների մեծ մասի բիզնեսի շահերին։

2009-ի առաջին կիսամյակի դրությամբ ՀՆԱ անկումը կազմում է -16,3%։ Սա բացառիկ մեծ անկում է ԱՊՀ անդամ երկրների մեջ եւ ուղիղ 10 անգամ գերազանցում է համաշխարհային միջինը։ Հաստատվում է այն միտքը, ինչը ասել եմ 2008թ. հոկտեմբերին՝ հայկական ճգնաժամը 91%-ով համաշխարհայինի հետ կապ չունի, այն նախորդ տասնամյակի տնտեսական քաղաքականության (ավելի ճիշտ՝ դրա բացակայության) սխալների հետեւանք է։ 2009թ. առաջին 5 ամիսներին ՀՆԱ անկումը Հայաստանում կազմել է -15,7%։ Այդ նույն ժամանակ Ադրբեջանում գրանցվել է +4,4%։ Ընդ որում, առանց նավթի՝ ՀՆԱ-ի նկատմամբ գրանցվել է աճ +6,6%։ Արտահանումը կազմել է 3,6 մլրդ դոլար եւ 2008թ. հունվար-մայիսի նկատմամբ կազմել է 91,7%, իսկ Հայաստանում՝ 52,2%։ Եվ սա այն դեպքում, երբ նավթի համաշխարհային գները 2008թ. հուլիս-2009թ. մայիս ժամանակահատվածում իջել են 3 անգամ։ Ադրբեջանի 5 ամսվա բյուջեի եկամուտները կազմել են 3234,2 մլն մանաթ (ավելի քան 4 մլրդ դոլար)։ Սրա մեջ չեն մտնում նավթի վաճառքից կայունացման ֆոնդ կատարվող մուծումները։ Միջին ամսական անվանական աշխատավարձը ՀՀ-ում 2009թ. հունվար-մայիսին կազմել է 97527 դրամ (264 դոլար), իսկ Ադրբեջանում՝ 296,5 մանաթ (368 դոլար)։ Ի դեպ, ավելացնենք, որ Բաքվում գները (արտահայտված դոլարով) 20%-ով ցածր են, քան Երեւանում։ Տ. Սարգսյանը ՀՆԱ անկման միջին ամսական տեմպի (-0,9%) ցուցանիշով ՀՀ ամենավատ վարչապետն է Խ. Հարությունյանից հետո (միջին ամսական անկումը -3,2%)։ Այսքանից հետո նա հայտարարում է, թե գոհ եղեք, որ ՀՆԱ կիսամյակային անկումը կազմել է 16,3%։ Կարող էր, չէ՞, պնդում է այս մարդը, այդ անկումը կազմել 20% եւ ավելի։

Ճգնաժամի հետեւանքները հաղթահարելու համար ներգրավված ավելի քան 1 մլրդ դոլարի առյուծի բաժինը հասել է վերը նշված օլիգարխներին։ 100 անգամ ենք ասել. ներկա պահին կարելի է իրականացնել ամենատարբեր տեսակի տնտեսական քաղաքականություն։ Մի բան է ակնհայտ. պետք է խրախուսել համախառն պահանջարկի, այլ ոչ թե առաջարկի կորը։ Որովհետեւ ճգնաժամը գերարտադրության կամ գերառաջարկի ճգնաժամ է։ Պատահական չէ, որ Օբամայի կառավարությունը կասեցրեց Հ. Պոլսոնի 700 մլրդ դոլարանոց ծրագիրը, որով օգնություն էր նախատեսված խոշոր ֆինանսական հաստատություններին եւ արտադրողներին։ Թ. Գեյթների պլանի (787 մլրդ դոլար) առյուծի բաժինն արդեն ուղղված էր արդյունավետ պահանջարկի խրախուսմանը։ Ռուսական կառավարության առաջարկի խրախուսման անպատասխանատու քայլերն էլ դաս չհանդիսացա՞ն։ Ինչպե՞ս կարելի է, օրինակ, փող տալ շինարարին, երբ նրա արտադրանքը՝ բնակարանը, չի ծախվում։ Վերցնենք, օրինակ, վերջերս ստեղծված հիպոթեքային հիմնադրամը։ Թվում է, թե այստեղ է, որ գոնե խրախուսվում է սպառողը։ Բայդ դա միայն առաջին հայացքից։ Իրականում, պետական փողը տրվում է ինչ-որ հիմնադրամի, սա էլ այդ փողը տալիս է բանկերին, որոնք էլ իրենց ուսերին կրում են վարկավորման ռիսկերը։ Լավ, եթե դա էր ձեր հիպոթեքը, հիմնադրամ ինչո՞ւ էիք ստեղծում։ Վարկավորման ինքնարժեքը բարձրացնելու համա՞ր։ Չէի՞ք կարող փողը ուղղակի տալ բանկերին։ Չէ, ինչ ուզում եք ասեք, բայց բանկիր լինելու համար գյուղատնտեսական կրթություն ունենալը լավագույն ճանապարհը չէ։ Ցավալի է տեսնել, թե ինչպես է կառավարությունը, մի քանի կիսագրագետի պատճառով, Հայաստանը հասցրել այս վիճակին։ Գոնե Ի. Ալիեւից օրինակ վերցնեիք։ Իսկ ընդհանրապես մի՞թե չեք հասկանում, որ նման մրցակցին դիմանալու համար հայ ժողովրդի հոծ զանգվածների գերլարված, շահագրգիռ ու բարձր արտադրողական աշխատանքն է պետք, այլ ոչ թե ձեր մի քանի օլիգարխի հասարակական միջինից ցածր (իմա՝ իրական հաշվարկով վնասաբեր) արդյունավետությամբ «բիզնեսը»։

Վերջերս Շվեդիայի Լինկոպինգ քաղաքում եվրոպական գիտական հիմնադրամը մի հետաքրքիր կոնֆերանս էր կազմակերպել։ Քննարկման հիմնական թեման ազգ, ազգություն, պետություն, քաղաքականություն թեմաներն էին։ Մասնակցում էին աշխարհի լավագույն համալսարանների լավագույն պրոֆեսորները։ Ի վերջո մի հետաքրքիր եզրահանգում եղավ. ազգն ու ազգությունը հավերժական չեն։ Դրանք էթնիկական խմբերի, ժողովրդի սոցիալական կեցության ձեւեր են։ Ընդ որում, անկասկածելի է մի բան. ազգն, ի տարբերություն ազգության, պետք է կենսունակ պետություն ունենա։ Միեւնույն ժողովուրդն իր պատմության ընթացքում մի քանի անգամ կարող է դառնալ ազգ, ազգություն (ոչ լիարժեք պետություն, ավտոնոմիա), երբեմն նույնիսկ կորցնի այդ իրավունքը։ Ասել կուզի, որ եթե 1000 տարի առաջ ազգ էինք, ապա 100 տարի առաջ ընդամենը ազգություն։ Հետաքրքիր է նաեւ, որ ազգերի թիվն ավելանում է (ներկայումս կա 200 պետություն, 100 տարի առաջ՝ 53), իսկ ազգություններինը՝ պակասում։ Ներկայիս ոչ լիարժեք պետությունով մենք վերստին ազգության հատկանիշներ ենք ձեռք բերում։ 15 տարի առաջ ազգ էինք։ Այդ ընթացքում ադրբեջանցիք ազգությունից ազգ դարձան։ Սա է քոչարյանիզմի գնահատականը։ Իսկ աշխարհում բոլոր տարածքները (բացառությամբ Անտարկտիդայի եւ Սոմալիի) պատկանում են ազգերին (ազգերի խմբերին)։ Եվ անխուսափելի է ազգությունների՝ ազգերի վերահսկողության տակ մտնելը։ Եթե մենք առաջիկայում արմատապես չփոխենք ներքաղաքական իրավիճակը, ապա մեր ապագա վերահսկիչ ազգին պետք է փնտրենք մեր 4 հարեւանների մեջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել