Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՔՆԱԿԱՄ ՆԵՐԿԱՅԱՆԱԼԸ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ՉԻ ԱՌԱՋԱՑՆՈՒՄ

Օգոստոս 01,2009 00:00

Մինչեւ հուլիսի 31-ը ներառյալ քրեական հետապնդում իրականացնող մարմիններին Խաչատուր Սուքիասյանի չներկայանալու հավանականության մասին պաշտպան Արթուր Գրիգորյանի news.am-ին տված տեղեկատվության հիմնավորումները, իմ կարծիքով, խոցելի են:

1. «Տպավորություն կստեղծվի, որ Սուքիասյանը ինչ-որ հանցանք է գործել»:

Նկատենք, որ մեղայականով ներկայանալը եւ ինքնակամ ներկայանալը տարբեր հասկացություններ են եւ առաջացնում են այլ հետեւանքներ:

Մեղայականով ներկայանալը, որը ամրագրված է քրեական օրենսդրությամբ, ճանաչվում է, երբ անձն իր կատարած հանցագործության մասին կամովին դիմել է պատկան մարմիններին:

Հիշյալ գործողությունը համարվում է պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք եւ հանցավոր ճանաչված անձի նկատմամբ պատիժ նախատեսելիս հաշվի է առնվում (Քրեական օրենսգրքի թիվ 62 հոդված):

Ինքնակամ ներկայանալն օրենքում ամրագրված չէ, որեւէ իրավական հետեւանք չի առաջացնում, ըստ որում բխում է անպարտ քաղաքացու քաղաքացիական պարտավորություններից:

Հաճախ քննչական մարմինները ձերբակալված կասկածյալին ստիպում կամ հարկադրում են մեղայականով ներկայանալու դիմում գրել: Հարկադրանքի կամ ճնշման եղանակով նման ձեւակերպումները անօրինական են:

Կոնկրետ դեպքում Սուքիասյանի եւ մյուսների ինքնակամ ներկայանալը մեղայականով ներկայանալ չի ճանաչվում եւ որեւէ իրավական հետեւանք չի առաջացնում, ընդհակառակը, չներկայանալը ինչ-որ հանցանք կատարած լինելու պատրանք կարող է առաջացնել:

2. Պատճառաբանվել է, որ Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Խ. Սուքիասյանի խափանման միջոց՝ կալանավորումը փոխելու միջնորդությունը:

Խնդիրն այն է, որ ՀՔԾ-կոչվածը հիշյալ քրեական գործով, մինչդատական վարույթում ի սկզբանե թույլ է տվել քրեադատավարական բազմաբնույթ էական խախտումներ, ըստ որում, առանց իրավական հիմքերի մարդկանց մեղադրել է առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու մեջ, իսկ քննչական խմբի ղեկավարը ասուլիսներում խեղաթյուրել է իրավական բնորոշումները («կալանքի կրկնակի վերահաստատում», մեղքի բանաձեւումների սխալ վերլուծում եւ այլն): Նման իրավագիտակցությամբ առաջնորդվող մարմնի որոշումը սակարկելը անտրամաբանական է, ընդհակառակը, պաշտպանական կողմը պարտավոր է անհապաղ իրականացնել իր իրավունքները, ինչպես դա արվեց «7-ի» գործով, որի ճնշմամբ ՀՔԾ-ն հարկադրված եղավ կարճել 225 հոդվածի 3-րդ եւ 300 հոդվածի 1-ին մասերով առաջադրած մեղադրանքները: Համոզված եմ, որ Խաչատուր Սուքիասյանը, Նիկոլ Փաշինյանը եւ մյուսները զանգվածային անկարգություններ չեն կազմակերպել, բայց ցավալի է, որ երկրում օրենքը չի գործում եւ վարչախումբն առաջնորդվում է տոհմական կարգերի, վրեժի հատուցման, «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» սկզբունքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել