Լրահոս
Օրվա լրահոսը

Համաներումը «2-րդ սորտի» դատապարտ յալի պատկերացմամբ

Օգոստոս 01,2009 00:00

\"\"«Սեւան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ժիլբերտ Մալխասյանն «Առավոտին» ուղարկել էր նամակ, կապված համաներման հետ: Ըստ դատապարտյալի, համաներում բառը ժպիտ է առաջացրել իրենց դեմքերին, հատկապես երբ լսվել է հանրապետական Սամվել Նիկոյանի արտասանած «լայնամասշտաբ» բառը: «Ոմանք թաքուն գովերգում էին նախագահին, իրենց ընտրությունը համարելով ճիշտ: Ոմանք մտովի արդեն տանն էին, ու որոշում էին իրենց անելիքները: Ազատության քամին շոյում էր մեր դեմքերը»,- գրում է Ժ. Մալխասյանը:

«Վերջապես եկավ բաղձալի պահը: Եվ միանգամից բոլորի երազանքները հօդս ցնդեցին: Համաներման մասին որոշման 8-րդ կետը, որտեղ ասվում է համաներումը չկիրառել, կրկնությունն էր քրօրենսգրքի հոդվածներից 75-80%-ի: Ո՞ւմ էր ձեռնտու այս ակցիան. նախագահի՞ն, քաղաքական կուսակցությունների՞ն, թե՞ «հանրային խորհրդին», որոնք բոլորովին այլ բան էին ասում իրենց ելույթներում: Փաստորեն, համաներումը մշակվել եւ վերաբերվեց միայն մարտիմեկյան դեպքերին: Գոնե հարեւան պետությունների համաներումների նման լիներ, որն իսկական համաներում է»,- նշում է դատապարտյալը:

Նրա տեղեկացմամբ, «Սեւանում» 500 դատապարտյալներից համաներվեցին 20-25-ը, որովհետեւ. «Համաներումը չտարածվեց մեր՝ 2-րդ սորտի դատապարտյալներիս վրա»:

Քրեական օրենսգրքում, ըստ «Առավոտի» նամակագրի, կան «մարդակուլ» հոդվածներ, որոնք պետք է փոխվեն, քանի որ պատժաչափը չի համապատասխանում կատարված արարքի ծանրությանը: Մասնավորապես, դատապարտյալն ուշադրություն է հրավիրում Քրօրի 266 3-րդ մասի վրա: Այն նախատեսում է 5-10 տարի ազատազրկում: «2,5 գրամ թմրամիջոց եմ փոխանցել մեկ ուրիշին, դրա համար դատապարտվել եմ 6 տարվա ազատազրկման: Եթե կարմիր գիծ քաշենք իմ արածի եւ հոդվածի վրա, ապա այն նույնն է, ինչ մարդասպանի, հայրենիքի դավաճանի, ահաբեկչի հոդվածները»,- նշում է 57-ամյա Ժ. Մալխասյանը: Վերջինս իր ազատազրկման ժամանակամիջոցում չունի տույժ, նկատողություն, այսինքն, իրավունք ունի վաղաժամկետ պայմանականով ազատվելու: 50 դատապարտյալներից 35-ին մերժել են օգտվել նաեւ այլընտրանքային այս «ներումից»: «Միթե այս վերաբերմունքով կարելի է թակել Եվրամիության դուռը»,- հարցնում է դատապարտյալը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել