Ինչպես «Առավոտում» տեղեկացրել ենք, հուլիսի 13-ին Ալլա Խաչիկի Խաչատրյանը տեղափոխվել էր «Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն»՝ ծննդաբերության համար, որի ժամանակ մահացել է: Ըստ ՀՀ ոստիկանության կայքէջի, փաստի առթիվ հուլիսի 14-ին Կենտրոնի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ։ Նախաքննության ընթացքում նշանակվել է դիակի դատաբժշկական համալիր փորձաքննություն, վերցվել են փորձանմուշներ։
Մանկաբարձ գինեկոլոգը ցուցմունք է տվել, որ հուլիսի 13-ին, գտնվելով հերթապահության մեջ, ժամը 15.00-ի սահմաններում ծնարանում ընդունել է Ա. Խաչատրյանին: Գիշերը՝ ժամը 02.45-ին ծնվել է առաջին երեխան՝ իգական սեռի առողջ պտուղ: Ժամը 3.00-ին ծնվել է երկրորդ երեխան՝ արական սեռի, նույնպես առողջ։ Ժամը 6.00-ի սահմաններում Ա. Խաչատրյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, կորցրել է գիտակցությունը: Անեսթեզիոլոգի ցուցումով նրան անհապաղ տեղափոխել են վիրահատարան եւ հրավիրել շտապօգնության վերակենդանացման բրիգադ, նաեւ՝ կենտրոնի տնօրեն Գ. Օկոեւին։ Ա. Խաչատրյանին հետազոտելուց հետո Գ. Օկոեւը որոշում է կայացրել վիրահատել նրան, սակայն վիրահատության ընթացքում Ա. Խաչատրյանը մահացել է։ Հարցաքննվել են նաեւ մի շարք այլ վկաներ։