Սեւան քաղաքի «Արփա» կինոթատրոնը վաղուց չի գործում, եւ որոշում է կայացվել շենքի ձեւափոխմամբ եկեղեցի կառուցել: Սեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայության համաձայն, որոշումը կայացվել է դեռեւս 2006 թվականին, երբ ՀՀ մշակույթի նախարարությունը չգործող «Արփա» կինոթատրոնի շենքը նվիրեց Հայաստանյաց Առաքելական եկեղեցուն՝ եկեղեցի կառուցելու նպատակով:
Սեւան քաղաքում եկեղեցի չկա, եւ, ըստ նախաձեռնության հեղինակների, կառուցվող եկեղեցին դառնալու է ոչ միայն Սեւանի ճարտարապետական դիմագծի մի մասը, այլեւ դեր է ունենալու հոգեւոր դաստիարակության, արժեքների վերագնահատման հարցերում: Եկեղեցու շինարարության պատվիրատուն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կաթողիկոսարանն է:
Շինարարությունն իրականացնում է «Վեմքար» ՍՊԸ-ն, նախագծի գլխավոր ճարտարապետն է Ա. Ղուլյանը: Եկեղեցին ունենալու է 40 սյուն եւ 26 մետր բարձրություն: