ՀՀ սփյուռքի նախարարությունն ուսումնասիրում է սփյուռք ունեցող երկրների փորձը
Այս տարվա հոկտեմբերին ՀՀ սփյուռքի նախարարությունը կդառնա մեկ տարեկան: Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է, որ սփյուռքի հետ կապերով զբաղվում է պետական ամենաբարձր աստիճանն ունեցող գերատեսչությունը: Բայց Հայաստանը միակ երկիրը չէ, որ սփյուռք ունի: Որքանո՞վ է նախարարությունը տեղյակ այլ երկրների փորձին, նրանք ի՞նչ մեխանիզմներ են մշակել իրենց սփյուռքի հետ հարաբերությունների համար, կա՞ն մեզ համար ուսանելի օրինակներ: Մեր այս հարցերին պատասխանել է ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Արտակ Զաքարյանը:
«Բնականաբար, Հայաստան-սփյուռք գործակցության զարգացմանն ուղղված պետական քաղաքականության սկզբունքներում պետք է հաշվի առնվեն նաեւ միջազգային փորձն ու առանձնահատկությունները: Այս առումով հատկապես կարեւոր է ուսումնասիրել եւ վերլուծել սփյուռք ունեցող տարբեր երկրների համապատասխան կառույցների գործառույթներն ու մեխանիզմները՝ ի նկատի ունենալով տվյալ պետության արտաքին քաղաքական, ժողովրդագրական, տնտեսական եւ սոցիոմշակութային հիմնախնդիրների ամբողջականությանը: Գրեթե բոլոր երկրների պրակտիկայում պետություն-սփյուռք հարաբերություններում գերիշխող են դառնում պրագմատիկ մոտեցումները, որոնք առաջին հերթին ուղղված են տրանսազգային ցանցերի ձեւավորմանն ու զարգացմանը: Ժամանակակից աշխարհում սփյուռքներն առաջին հերթին դիտարկվում են որպես խոշոր ռեսուրսներ, որոնց ներուժի կիրառումը լայն տարածում է գտնում համաշխարհային տարբեր հարթակներում՝ տնտեսական, քաղաքական, մշակութային եւ մասնագիտական այլ ցանցերի ձեւավորման համար: Սակայն ոչ բոլոր դեպքերում է, որ նախաձեռնողը պետությունն է լինում: Քիչ չեն օրինակները, երբ սփյուռքներն իրենք են հանդես գալիս ցանցերի ձեւավորման նախաձեռնությամբ, իսկ հայրենի պետությունը դառնում է այդ համակարգի մի օղակը: Այսօր կարեւորագույն պահանջմունք է նաեւ ազգային ինքնության պահպանմանն ուղղված գործընթացներին աջակցելը: Դրանք համալիր միջոցառումներ են, որոնք նպատակ ունեն կանխել ուծացման վտանգները, հաղորդակից դառնալ մայրենի լեզվին, ազգային մշակույթին, ավանդույթներին, կրոնին եւ պատմությանը: Ակնհայտ է, որ այս հարցում մեծ է ազգային պետության դերը: Այս եւ վերոհիշյալ խնդիրների լուծման համար սփյուռք ունեցող շատ պետություններում ձեւավորվել եւ գործում են համապատասխան կառույցներ, որոնց ջանքերով մշակվում եւ պետական տարբեր կազմակերպությունների գործողությունների համակարգմամբ իրականացվում է պետություն-սփյուռք հարաբերությունների զարգացմանն ուղղված նպատակային քաղաքականություն: Հարկ է նշել, որ շատ երկրներում այդ քաղաքականությունը կրում է երկու հիմնական նպատակ՝ հայրենադարձության խթանում եւ տարբեր խնդիրներում սփյուռքի ներուժի եւ գործողությունների համակարգում:
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության առաջնային խնդիրներից են Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգի նախագծի մշակումը, որում առաջադրված են երկարաժամկետ եւ կարճաժամկետ ծրագրեր ու դրույթներ: Ինչպես հայեցակարգի մշակման աշխատանքներում, այնպես էլ նախարարության կառուցվածքի, կանոնադրության, հիմնական գործառույթների, ծրագրերի եւ դրանց իրականացման մեխանիզմների արդյունավետության նպատակով ուսումնասիրվել են մի շարք երկրների՝ այս ոլորտում ունեցած փորձը: Մասնավորապես Հունաստանի արտաքին գործերի նախարարության հրավերով այցելել եմ Աթենք՝ Հունաստանի ԱԳՆ արտասահմանի հույների հարցերով գլխավոր քարտուղարության փորձի ուսումնասիրության նպատակով: Կան բազմաթիվ ընդհանրություններ հունական եւ հայկական սփյուռքներում առկա խնդիրներում՝ հատկապես ինքնության պահպանման առումով: Հունաստանի կառավարությունը արտասահմանի հույների կարիքների եւ հիմնախնդիրների բավարարման նպատակով իրականացնում է համակարգված եւ ինտեգրացիոն քաղաքականություն: Դրա հիմքում ընկած են տարբեր բնակության համայնքներում հույների համախմբման, համագործակցության, տարբեր գաղափարների իրագործման, կրթության (հունարեն լեզվի) մատչելիության, սոցիալական կարիքների բավարարման, արվեստի եւ մշակույթի պահպանման, զարգացման եւ ներկայացման նպատակները: Հիմնական ծրագրերն իրականացվում են «Արտասահմանի հույների խորհուրդ» կազմակերպության հետ համատեղ, որն իր հերթին հանդես է գալիս որպես հունական պետության խորհրդատու՝ արտասահմանի հույների հարցերով: Հունաստանի ԱԳՆ արտասահմանի հույների հարցերով գլխավոր քարտուղարության կարեւոր խնդիրներից է հունական սփյուռքի համայնքների համար աջակցության ծրագրերի մշակումը, կազմակերպումը, իրականացումը եւ վերահսկումը: Մասնավորապես՝ երիտասարդների համար ամառային եւ ձմեռային կրթական ճամբարների կազմակերպումը, ծերերի համար ճամբարների կազմակերպումը, համայնքների կարիքների հիման վրա հնարավոր սոցիալական աջակցության ծրագրերի իրականացումը, Հունաստանի մունիցիպալ կառավարման նախարարության եւ արտասահմանի հույների կազմակերպությունների եւ համայնքների միջեւ համագործակցության աջակցության ծրագրերի իրականացումը: Հունաստանի կառավարությունը հունական սփյուռքի համար առանձնացնում է լեզվի ուսուցումը եւ կրթության կազմակերպումը՝ առաջնահերթ կարեւորություն տալով լեզվի ուսուցմանը:
Ուսումնասիրվել են նաեւ Լեհաստանի, Հնդկաստանի, Իռլանդիայի, Չինաստանի, Իսրայելի եւ Ֆրանսիայի՝ սփյուռքի հետ տարվող աշխատանքներում ունեցած փորձը, հիմնական գործառույթներն ու մեխանիզմները: Բոլոր նշված երկրներում էլ գործում են ադմինիստրատիվ տարբեր կառուցվածք եւ գործունեության մեխանիզմներ ունեցող մարմիններ: Օրինակ Լեհաստանում արտաքին գործերի նախարարության կառուցվածքում գործում է Պոլոնիայի հարցերով դեպարտամենտ, որի խնդիրն է դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով արտասահմանի լեհական կազմակերպությունների հետ կապերի ապահովումը, իսկ լեհական սփյուռքի հետ տարվող քաղաքականությունը մշակվում եւ համակարգվում է Պոլոնիայի հարցերով ստեղծված միջգերատեսչական մշտական հանձնաժողովի կողմից:
Չինաստանում պետխորհրդի ենթակայությամբ գործում է չինական էմիգրանտների հարցերով գրասենյակ, որն իր գործառույթներն իրականացնում է հայրենադարձների համաչինական ասոցիացիայի հետ համագործակցությամբ: Գրասենյակի հիմնական խնդիրը արտասահմանում բնակվող չինացիների կողմից չինական տնտեսության արդիականացման եւ ներդրումների ներգրավման գործընթացը խթանող հայեցակարգերի կիրառական քաղաքականության եւ գործնական մեխանիզմների մշակումն է: Այս հարցում կարեւորագույն խթան է հանդիսանում ՉԺՀ-ում գործող Էմիգրանտների եւ նրանց հարազատների իրավունքների եւ շահերի պաշտպանության մասին օրենքը: Չինաստանը սփյուռքի հետ տարվող քաղաքականությունը կառուցում է՝ ելնելով այն հանգամանքից, որ չին էմիգրանտների հետ կապերի ամրապնդումը կարեւոր նշանակություն է ստանում պետական քաղաքականության արդիականացման գործում՝ նկատի ունենալով միջազգային շուկաներում Չինաստանի մասնակցության ընդլայնումը եւ տվյալ բնակության երկրների հետ հարաբերությունների զարգացումը:
Ֆրանսիայի Հանրապետության տարածքից դուրս բնակվող ֆրանսիացիների իրավունքների, ազգային շահերի պաշտպանության եւ ֆրանսիական սփյուռքի հետ տարվող քաղաքականության մշակման նպատակով Ֆրանսիայում գործում է արտասահմանում գտնվող ֆրանսիացիների հարցերի Բարձրագույն խորհուրդ: Այն ներկայացուցչական մարմին է, որի պատվիրակներն ընտրվում են որոշակի ժամկետով տարբեր երկրներում բնակվող ֆրանսիացիների կողմից՝ ըստ համամասնությունների: Բարձրագույն խորհուրդը հանդես է գալիս որպես խորհրդատվական մարմին Ֆրանսիայի արտգործնախարարության համապատասխան գործառույթներում:
Հայրենադարձության կազմակերպման եւ հայրենիքի հանրային կյանքին արդյունավետ ինտեգրման-ադապտացման առումով խիստ ուշագրավ է Իսրայելի փորձը: Այս նպատակով Իսրայելում գործում է առանձին նախարարություն, որը մշակում եւ իրականացնում է հայրենադարձությունը խթանող կրթական, գիտական, սոցիալական, տնտեսական տարբեր ծրագրեր՝ նպատակ ունենալով արտասահմանում բնակվող հրեաներին, հատկապես երիտասարդներին, ներգրավել Իսրայելի գիտակրթական եւ սոցիալ-տնտեսական տարբեր ծրագրերում: Միաժամանակ Իսրայելի արտաքին գործերի նախարարության կազմում գործում է հրեաների հարցերով հատուկ աշխատակազմ, որի հիմնական նպատակն է դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով կապեր հաստատել պետական կառույցների եւ արտասահմանում գործող հրեական կազմակերպությունների միջեւ: Ընդհանրապես տարբեր երկրների փորձի եւ դիտարկվող հարաբերություններում առաջընթացի ուսումնասիրման առանցքային եզրահանգում է այն, որ պետություն-սփյուռք փոխհարաբերությունների ներդաշնակ եւ բնականոն զարգացման համար էական է այդ հարաբերությունների համար պատասխանատու կառույցի կազմակերպաիրավական կարգավիճակն ու այլ հաստատությունների հետ համագործակցության արդյունավետությունը: Քանի որ դա հնարավորություն է տալիս պարբերաբար հստակեցնելու ազգային առաջնահերթությունները եւ պայմաններ է ստեղծում նրանց կենսագործման համար»: