Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԵՐԵՎԱՆՆ ԷԼ ԴԱՐՁԱՎ ԱՆՀԱՍԱՆԵԼԻ»

Օգոստոս 01,2009 00:00

Այսօրվանից Գյումրի-Երեւան միկրոավտոբուսների ուղեվարձը թանկացավ 300 դրամով՝ նախկին 1200 դրամի փոխարեն դառնալով 1500: Ուղեվարձի թանկացումը գծատերերը՝ «Տրանս-ակնթարթ» ու «Տիգրան» ՍՊԸ-ների ղեկավարները, պայմանավորում են վառելիքի, անվադողերի, քսայուղերի, պահեստամասերի հաճախակի թանկացումներով, ուղեւորահոսքի կրճատմամբ, ինչպես նաեւ նվազագույն աշխատավարձի բարձրացմամբ: Այս ամենը վերոնշյալ կազմակերպություններին հարկադրել է, որպեսզի նրանք 2009-ին մրցույթին մասնակցեն բարձրացված գներով, հանրապետական մրցութային հանձնաժողովն էլ հաստատել է նրանց առաջարկը: Նշենք, որ սա տհաճ անակնկալ է ուղեւորների համար, որոնք, լսելով թանկացման գույժը, սկսեցին քննադատությունների տարափ տեղալ հանրապետական հանձնաժողովի հասցեին: Ըստ նրանց, թանկացումը չհիմնավորված է, գները օդից վերցրած եւ ուղեւորների հետ չհամաձայնեցված: Իսկ սրանից ամենաշատը տուժում են մայրաքաղաքում սովորող գյումրեցի ուսանողները, որոնց համար վաղուց զեղչեր չեն գործում:

Նկատենք, որ, ի տարբերություն հանրապետական մրցութային հանձնաժողովի, Շիրակի մարզի ներհամայնքային երթուղիների մրցութային հանձնաժողովը գյուղերի տրանսպորտը 50 դրամով թանկացնելու համար 2 ամիս շարունակ հասարակական լսումներ կատարեց, Շիրակի մարզպետարանի տրանսպորտի բաժնի պետ Մարզպետունի Մարգարյանն էլ, հյուրընկալվելով հեռուստաընկերութուններում, լսեց հեռուստադիտողների առաջարկները, ու վերջում այդ նույն հանձնաժողովը մերժեց գծատերերի հայցը, գտնելով, որ այն չհիմնավորված է, բացի այդ թանկացումը նոր աղմուկ ու լարվածություն կառաջացնի սոցիալապես ծանր պայմաններում գտնվող Շիրակի մարզում: Ի դեպ, լսելով այս թանկացման մասին, Շիրակի մարզպետարանի տրանսպորտի մասնագետներն ապշեցին՝ այն որակելով «աբսուրդ ու միանգամից հարստանալու փորձ»:

Ըստ մասնագետների, եթե թանկացնելու լինեին, ապա առաջինը արժեր թանկացնել ներհամայնքային տրանսպորտի ուղեվարձը, որի ծախսերը շատ ավելի մեծ են ճանապարհների քարուքանդ լինելու պատճառով, իսկ Երեւան–Գյումրի ճանապարհը հարթ է ու անհամեմատ քիչ ծախսատար: Չի բացառվում, որ ուղեւորահոսքը նվազի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել